«Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ»
Երևանի ավագանու՝ սեպտեմբերին կայանալիք ընտրություններին ամենայն հավանականությամբ կմասնակցեն բազմաթիվ կուսակցություններ: Այս պահի դրությամբ հայտնի Երևանի քաղաքապետի թեկնածուներից առնվազն երկուսը կին են: Երևանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորող Նաիրա Զոհրաբյանը և «Երկիր ծիրանի» կուսակցության թեկնածու Զարուհի Փոստանջյանը:
Նաիրա Զոհրաբյանն արդեն իսկ հայտարարել է, որ հանդես է գալու «Ապրելու քաղաք Երևանս» կարգախոսի ներքո ու հաղթանակի դեպքում մայրաքաղաքը կդարձնի ավելի կանաչ ու խելացի: «Դա իմ մոտեցումն է, որպես կին թեկնածուի․ մենք հասկանում ենք կանաչ քաղաք, մաքուր քաղաք, օդի աղտոտվածությունից զերծ քաղաք», – ասել է նա :
ԲՀԿ-ն պատրաստ է անգամ համատեղ հանրահավաք անցկացնելուն, հայտարարում է Նաիրա Զոհրաբյանը՝ հանդես գալով ուշագրավ առաջարկով: «Արդեն հայտնի է մեկ կին քաղաքապետի թեկնածու՝ Զարուհի Փոստանջյանը: Կարծում եմ՝ իմ շատ հարգարժան գործընկեր, տիկին Անահիտ Թարխանյանը ևս պատրաստվում է առաջադրվել․․․ ես, օրինակ, կուզենայի, որ երեք կին թեկնածուներով մենք միասին մի քանի քարոզարշավի մասնակցեինք նույն տեղում, նույն օրում»:
Մինչդեռ Նաիրա Զոհրաբյանի առաջադրումը դժգոհություն է առաջացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության որոշ անդամների մոտ: Մասնավորապես պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ Զոհրաբյանը որևէ կապ չունի մայրաքաղաքի խնդիրների հետ ու հարց բարձրացնում՝ «միթե՞ խելամիտ կլինի, որ վաղը ես ղեկավարեմ որևէ ծննդատուն կամ պատարագ մատուցեմ Մայր Աթոռում»:
«Նաիրա Զոհրաբյանը քաղաքապետ չի կարող լինել, ինքը չի տիրապետում քաղաքային նշանակության խնդիրներին: Երբևէ նա այդ ուղղությամբ որևէ քայլ չի արել», – «Ազատության» հետ զրույցում պարզաբանել է իր տեսակետը Պետրոսյանը, նշելով, որ ինքն էլ այս պահին չի հավակնում թեկնածու լինել, բայց իրենց «կուսակցությունում կան մարդիկ, ովքեր շատ ավելի պատվով կարող են անել այդ գործը»: Պետրոսյանը վստահեցնում է՝ Նաիրա Զոհրաբյանի հետ անձնական խնդիր չունի, բարձր է գնահատում նրա պատգամավորական գործունեությունը, իսկ իր հայտարարությունները ոչ թե ներքին խժդժությունների այլ ներկուսակցական ժողովրդավարության մասին են փաստում։ Պետրոսյանի հայտարարությունները ԲՀԿ-ում ժողովրդավարության դրսևորում է համարում նաև կուսակցության փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը, միաժամանակ վստահեցնելով՝ նա միակն է, որ այդ կարծիքին է. Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը միաձայն է ընդունվել ԲՀԿ քաղխորհրդի կողմից:
Նաիրա Զոհրաբյանը հրաժարվում է մեկնաբանել կուսակցական գործընկերոջ հայտնած անվստահությանը, պնդելով , որ գիտի թե որտեղից և ինչպիսի հարվածներ են լինելու ու ամեն ինչի պատրաստ է: Ասում է, որ տեսնում է իրեն քաղաքապետի պաշտոնում, ավելին՝ կարծում է, որ հաղթելու իրական հնարավորություն ունի․ «Մայրաքաղաքը վերջապես պետք է ունենա կին քաղաքապետ: Այո՛, շատ հնարավոր է: Գնալու ենք իսկապես ուժեղ թիմով, և երևանցիներին ներկայացնելու ենք Երևանն այս վիճակից դուրս բերելու շատ կենսունակ և կարևոր ծրագիր»:
Դիտումների քանակը` 2389