ՄԱԿ ՓԳՀ. Բարելավել ապաստան տրամադրելու միջավայրը և փախստականների պաշտպանությունը Հայաստանում

Փետրվարի 3-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում կայացավ ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլի առաջին ազգային համակարգման հանդիպումը, որի նպատակն էր համաձայնություն ձեռք բերել Հայաստանում ապաստանի և փախստականների պաշտպանության ոլորտում 2016թ.-ի առանցքային ուղղությունների և իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ: Հանդիպմանը մասնակցեցին  ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), արդարադատության ակադեմիայի, դատավորների միության, վարչական դատարանի, վարչական վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի, ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչներին:

 

«Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 1-ին փուլը, որն իրականացվել է 2013 – 2015թթ.-ին, նպատակ ուներ բարելավելու ապաստանի տրամադրման միջավայրը տարածաշրջանում (Հայաստան, Ադրբերջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ բարձրացնելով առաջին ատյանում որոշումների կայացման պրակտիկայի որակը: Հայաստանում դա հանգեցրել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, ստանդարտ ընթացակարգերի մշակման, ՄՊԾ-ում որակի ապահովման նոր մասնագետի առկայության՝ ընդհանուր առմամբ արձանագրելով զգալի արդյունքներ՝ առաջին ատյանում իրականացվող ապաստանի ընթացակարգերի որակի, արդյունավետության և արդարացիության առումով: 2-րդ փուլի (2015 – 2017թթ.) միջոցով ծրագիրը շարունակելու մասնակից երկրների խնդրանքը բավարարվեց. 2-րդ փուլը տարածաշրջանին հնարավորություն կտա ընդլայնել ծրագրի շրջանակը՝ առավել համապարփակ կերպով ներառելով արդյունավետ ապաստանի համակարգի մյուս տարրերը, ինչպիսիք են երկրի տարածքի հասանելիությունը և առաջին ատյանում կայացված որոշումների դատական վերանայումը:

 

Ծրագրի՝ Երևանում այսօր կայացած առաջին ազգային համակարգման հանդիպումը ծառայեց որպես հարթակ բոլոր շահագրգիռ կողմերի համար փոխանակելու տեսակետներ և տրամադրելու արձագանք առաջին փուլի արդյունքում արձանագրված առաջընթացի, շարունակվող մարտահրավերների և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ կատարված առաջարկությունների մասին:

 

Առաջին անգամ արդարադատության ակադեմիայում կներդրվի փախստականների իրավունքի վերաբերյալ դասընթաց, և գործընկերները, ներառյալ՝ դատավորները և սահմանապահները կփոխանակեն իրենց գիտելիքը և փորձը արտասահմանյան, այդ թվում Գերմանիան և Շվեդիան ներկայացնող իրենց գործընկերների հետ:

 

Հանդիպման ընթացքում ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնի պետ պարոն Պետրոս Աղաբաբյանը ընդգծեց Ծրագրի արժեքը՝ որակյալ արդյունքների հանգեցնող պրակտիկ ուղղվածություն ունենալու առումով:  

«Ինստիտուտների կառուցման նախնական փուլի ավարտին հաջորդիվ՝ Ծրագիրը կկենտրոնանա կարողությունները կարիքներին հարմարեցնելու և բոլոր ատյաններում որոշումների կայացման որակի հետագա բարելավման վրա», – հանդիպման բացման խոսքի շրջանակներում նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթը:

 

«Որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլը հնարավորություն կտա փորձի փոխանակման սահմանապահների, ապաստանի հարցերով լիազոր մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչների միջև»,- նշեց տիկին Քեյթ Պոչապսկին, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավարը: «Ծրագրի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն հաստատել է համակարգված համագործակցություն բոլոր համապատասխան պետական մարմինների հետ՝ նպատակ ունենալով հասնել կոնկրետ և որակյալ արդյունքների»,-հավելեց տիկին Պոչապսկին:

 

Կողմերը, ներառյալ պետական մարմինների, դատական իշխանության ներկայացուցիչները ընդգծեցին Ծրագրի կարևորությունը՝ համարելով այն առանցքային նախաձեռնություն ամբողջ տարածաշրջանի համար, որը կապահովի որակ և որոշումների կայացմանը մասնակցող համապատասխան իշխանության մարմինների կարողությունների հետագա զարգացում: Կողմերը, հետևաբար, վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը ներգրավվելու «Որակի նախաձեռնություն» ծրագրին՝ համապատասխան գործընթացներին և միջոցառումներին մասնակցելու միջոցով:

 

Աղբյուրը՝ ՄԱԿ ՓԳՀ

 

Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) իր ներկայացուցչթյունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում 1992 թ. դեկտեմբերին աջակցելու Ադրբեջանից մեծ հոսքերով գաղթած ավելի քան 360 հազար էթնիկ հայ փախստականների, ովքեր Հայաստան էին գաղթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով: Հայաստանն անդամակցել է 1951թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային և վերջինիս 1967թ. արձանագրությանը, ինչպես նաև 1954թ. և 1961թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կոնվենցիային: 2015թ.-ից Հայաստանը համարվում է ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ:

Ներկայումս գրասենյակի գործունեությունը մասնավորապես կենտրոնացված է Սիրիայից տեղահանված և Հայաստանում պաշտպանություն փնտրող մոտավորապես 17.000 անձանց մարդասիրական կարիքները բավարարելու և ինտեգրմանը նպաստելու վրա: Սիրիայից ժամանումները շարունակական բնույթ են կրում: Ավելի՛ն Հայաստանը նաև հյուրընկալում է փախստականներ և ապաստան հայցողներ Իրաքից, Ուկրաինայից և Պարսկաստանից, ինչպես նաև քիչ թվով փախոտականներ Աֆրիկյան պետություններից:

Հիմնվելով նախորդ տարիների ընթացքում օրենսդրական բարեփոխումների ոլորտում, ապաստանի ընթացակարգերի և մարդասիրկան արձագանքի ցանցի ստեղծման ասպարեզներում գրանցված առաջընթացի վրա` 2015-2017թթ. ռազմավարական առաջնահերթությունները հետևյալն են`

  • շարունակել զարգացնել Հայաստանում ապաստանի համակարգը` որոշումների ընդունման որակը բարձրացնելու և կարողությունները առկա կարիքներին համապատասխանեցնելու նպատակով,
  • մարդասիրական աջակցությունից աստիճանաբար անցում կատարել դեպի երկարատև լուծումներ, հիմնականում տեղական ինտեգրման միջոցով,
  • ապաքաղաքացիության որոշման գործընթացների կիրառում, որին կհաջորդի  համապատասխան օրենսդրության ընդունումը

Դիտումների քանակը` 3502

Գլխավոր էջ