ՄԱԿ ՓԳՀ. «Փախստական լինելը ՝ բռնության հետեւանք է»

«Ընդդեմ գենդերային բռնության  ակտիվության 16-օրյակը»  ամենամյա  միջազգային քարոզարշավ է, որը մեկնարկում է  նոյեմբերի 25-ին և  տևում է մինչև դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային  օրը: Այն ուղղված է ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների նկատմամբ բռնության նվազեցմանը:  ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան  գրասենյակն ավանդաբար  մասնակցում  է    16-օրյա  այդ  քարոզարշավին ՝ դիտարկելով  փախստական լինելու փաստը որպես  բռնության դրսեւորում: Հենց այդ մեսիջով  է հանդես եկել գրասենյակը  16-օրյակին ընդառաջ՝  կազմակերպելով   նույեմբերի 18-ին  ՄԱԿ-ի հայաստանյան  գրասենյակում   սիրիահայ կանանց  մասնակցությամբ  ցուցահանդես-վաճառքը :  

 

– Ընդդեմ գենդերային բռնության  16-օրյա  քարոզարշավը ստիպում է  կանգ առնել ու մտածել դաժան  իրականության  մասին, որն այսօր առկա է երկրագնդի տարբեր կողմերում,- միջոցառման  բացմանը դիմելով մասնակիցներին  ասաց  Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ   Քրիստոֆ Բիերվիրթը,  – Ցանկացած տեսակի  բռնություն  թուլության  նշան է: Բռնության  հետեւանքներից    մեկն էլ  փախստականի  կարգավիճակն է:  Իսկ  միջոցներից  մեկն այն է, որ մենք  օգնենք   պատերազմից տեղահանված եւ փախստական դարձած  կանանց՝   դարձնելով նրանց   գործունյա, տալով  նրանց  գործունեության  դաշտ եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն:  Զբաղվածության  խնդրի լուծումը ոչ  միայն  կբարձրացնի նրանց   ինքնագնահատականը, այլև  կապահովի եկամուտով, որն այնքան  անհրաժեշտ է նաև փախստականի կարգավիճակում  հայտնված նրանց  ընտանիքների ողնաշարը շտկելու համար»:

Նոր բնակավայրերում հաստատված  բռնագաղթված  ընտանիքների կայացման  հարցում  Քրիստոֆ Բիերվիրթը  կարևորեց  նաև տղամարդու դերը: «Հատկապես  խոսքը վերաբերում է   փախստական  ընտանիքներին այնպիսի երկրում  ինչպիսին  Հայաստանն է,  որն այնքան էլ  բարգավաճ  չէ: 16-օրյակի քարոզարշավը վերաբերում է  նաև բոլոր նրանց, ում առքելությունն է  կանխարգելել  ամեն  մի բռնություն»,- ասաց  պարոն Բիերվիրթը:

 

Ցուցահանդես –վաճառքին արևելյան  խոհանոցի հարուստ տեսականիով աչքի էր ընկնում «Լիբանան»  ռեստորանի տնօրեն Մանուշակ Կիրազյանի տաղավարը: Լիբանանում ամուսնու  հետ  լուսանկարչությամբ զբաղվող Մանուշակը երբևէ  չէր մտածում, որ կյանքի  կտրուկ  շրջադարձը նրան  կբերի իր իրական  հայրենիք: Որքան էլ զարմանալի էր, սակայն  մի  ներքին ձայն  նրան հուշում էր տիրապետել նաև խոհանոցային  գաղտնիքներին,  ինչն էլ Մանուշակին ամուսնու, երկու դստրերի ու մոր համար Հայաստանում ապահովեց մշտական աշխատանք: « Հինգ-վեց  ամիս առաջ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից ֆինանսական աջակցություն ստացանք,  որը  ներդրեցինք  ընտանեկան  բիզնեսում: Մեր  ռեստորանում ներկայացնում ենք լիբանանյան  և հին  հայկական՝ Ուրֆայի, Այնթափի, Մուսա լեռան ճաշատեսակները: Հայաստանից  մեկ այլ  տեղ  գնալու մտադրություն  չունենք: Այստեղ ապահով է»,-ասում է Մանուշակը:

 

Իսկ ահա Սալբի Բրուտյանին ՄԱԿ ՓԳՀ-ն ապահովել է սառնարանով և ջեռոցով: Մի  որոշ  ժամանակ ճաշարանում խոհարար աշխատելուց  հետո  որոշել է հիմնել անհատական  բիզնես: Ցուցահանդես-վաճառքում  նրա  ներկայացրած անուշեղենի տեսականին և արևի տակ եփած աղացած  պղպեղի հանդեպ ներկաների հետաքրքրությունն ակնհայտ էր:

 

Անժելա Աճեմյանի համար  Սիրիայում ահաբեկիչների կողմից  քրիստոնյա  լինելու համար  սպանված ամուսնու մահից  հետո երեք անչափահաս  երեխաների հետ Հայաստանում  հաստատվելը դժվար  կլիներ առանց ՄԱԿ ՓԳՀ-ի, Կարմիր  խաչի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի  աջակցության; Այսօր նա  երեխաների   կարիքները հոգում է անուշեղենի  պատրաստմամբ և դրանց իրացմամբ:

 

Ցուցահանդես-վաճառքին  մասնակցող սիրիահայ  կանանցից մի քանիսը առաջին,  իսկ  ոմանք էլ  շատ անգամ են  մասնակցել նման  միջոցառումների: Բոլորն էլ  միանշանակ  գտնում են, որ այն  իրենց  օգնել է ոչ միայն  իրացնել իրենց արտադրանքը, այլև ձեռք  բերել  նոր պատվիրատուներ ու նաև  հանդիպել  հայրենակիցների:

 

Միջոցառմանն  առանձնակի հմայք  հաղորդեցին փոքրիկ  պարուհիներն իրենց գեղեցիկ  պարով ու շքեղ հանդերձանքով: Ի դեպ, պարային  հայկական,  հնդկական,  իսպանական հանդերձանքի հեղինակը 4 ամիս առաջ Հայաստան  ներգաղթած Զեփյուռ Ջաջան է: Նրա կատարյալ  վարպետությանը վստահվել են  նաև Սոֆի Դևոյանի  և Գայանե Երիցյանի պարախմբերի հագուստները:

Խորհրդանշական էին  նաև միջոցառման  կազմակերպիչների կրած  նարնջագույն  շարֆերը: Իսկ թե  ինչու  նարնջագույն. «16-օրյակի  շրջանակում որոշեցինք  հանդես  գալ «Նարնջագույն  ներկենք աշխարհը»  խորագիրը պատկերող  գույնով,-  պարզաբանեց  Հայկական Կարմիր խաչի՝  ՄԱԿ-ի ՓԳՀ-ի կողմից  ֆինանսավորվող  ծրագրի համակարգող Հասմիկ Խաչատրյանը:

 

Անուշ Ներսիսյան

 

Հ.Գ1991 -ից ի վեր իրականացվող «Ընդդեմ գենդերային բռնության  ակտիվության 16-օրյակը»  ամենամյա  միջազգային քարոզարշավի  մասնակիցների բանակը ներառում է ավելի քան 3,700 կազմակերպություն` 164 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թ.-ից:

 

 

Դիտումների քանակը` 3324

Գլխավոր էջ