ՄԱԿ. Սեռական շահագործման ենթարկվածների 98 %-ը կանայք են
ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակում Գլխավոր ասամբլեայի 67-րդ նստաշրջանին ընդառաջ հրապարակվել է Միացյալ ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի Մունի` «Կանանց և աղջիկների առևտուր» վերնագրով զեկույցը: ՄԱԿ-ի պոշտանական կայքէջում զետեղված տեղեկատվության համաձայն, այդ խնդիրը կներառվի կանանց վիճակի բարելավման վերաբերյալ քննարկման օրակարգում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը վկայակոչելով աշխատանքի միջազգային կազմակերպության տվյալները, նշում է, որ սեռական շահագործման զոհերի 98 տոկոսը կանայք ու աղջիկներ են: Հարկադիր աշխատանքի զոհերը նույնպես մեծամասամբ կանայք են` 55 տոկոս: 2002-2011թվականների ընթացքում սեռական շահագործման է ենթարկվել 4.5 մլն մարդ:
Չարիքի դեմ պայքարելու համար դեռ 2009-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հաստատել է մարդկանց առևտրի դեմ պայքարի գործողությունների ծրագիրը, որում ընդգրկված են 40 երկրների ներկայացրած միջոցառումները:
Ինչպես նշվում է զեկույցում, տասնյակ երկրներ օրենք են ընդունմել, որով քրեական պատասխանատվություն են սահմանում մարդկանց առևտրի համար: Գնալով ավելի մեծ թվով երկրներ են դառնում թրաֆիկինգի զոհ, գնալով մեծանում է նաև տուժած կանանց ու աղջիկների թիվը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույցում կոչ է անում բոլոր պետություններին` միավորվել չեզոքացնելու կանանաց ու աղջիկների առևտրի վտանգը, ինչպես նաև ապահովել օրենքների մշակում, որոնք նախատեսում են քրեական պատասխանատվություն մարդկանց առևտրի դեպքում:
ՀՀ Ոստիկանությունից դեռ նախորդ տարի վստահեցրել են, որ վերջին տարիների ընթացքում թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ է ընթանում: Հիմնական դեպքերում Հայաստանը թրաֆիքինգի սկզբնաղբյուր երկիր է, սակայն արձանագրվել են նաև ներքին թրաֆիքինգի եզակի դեպքեր, ինչպես նաև դեպքեր երբ Հայաստանը հանցավոր տարրերի կողմից օգտագործվել է, որպես տարանցիկ կամ նպատակակետ երկիր: Հայաստանի համար աշխատանքային թրաֆիքինգի առումով հիմնական նպատակակետ երկիրն է ՌԴ-ը, իսկ սեռական շահագործման առումով նպատակակետ երկիր են շարունակվում մնալ ԱՄԷ-ն և Թուրքիան: Դեպի Թուրքիա ՀՀ քաղաքացիները փոխադրվում են Վրաստանով, իսկ դեպի ԱՄԷ ուղիղ չվերթով կամ ՌԴ-ով:
Ընդհանուր առմամբ հավաքագրման և փոխադրման ընթացքում չեն կիրառվում բռնության այն դաժան ձևերը, որոնք տեղ են գտել սկզբնաղբյուր հանդիսացող այլ երկրներում: Հայաստանում չեն առևանգում մարդկանց, նրանց նկատմամբ չի իրականացվում բռնություն կամ սպառնալիք և հիմնական դեպքերում հավաքագրումն ու հետագա փոխադրումը կատարվում է արտերկրում մեծ գումարներ վաստակելու գայթակղության ազդեցության ներքո, ինչը փաստացի խաբեություն է: Հիմնական բռնությունը կիրառվում է արդեն բուն շահագործման ընթացքում:
Ոստիկանության տրամադրած վիճակագրության համաձայն, 2010 թ. ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կանանց մարմնավաճառության ներգրավելու և շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման 13 դեպք (2009 թ.` 11): Այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերվել է շահագործման նպատակով մարդկանց ապօրինի փոխադրման (թրաֆիքինգի) 15 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11-ի դիմաց:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 132 հոդվածի 1-ին մասը սահմանում է, «Մարդուն պոռնկության կամ սեռական շահագործման այլ ձևերի մեջ, հարկադիր աշխատանքի կամ ծառայությունների ներգրավելը կամ ստրկության կամ ստրկությանը նմանվող վիճակի մեջ դնելը կամ պահելը` կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամդա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձևերով, առևանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի համաձայնությունը ստանալու համար` վճարումներ կամ բարիքներ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով` պատժվում է ազատազրկմամբ` հինգից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Նույն արարքը, որը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ պատժվում է ազատազրկմամբ` յոթից տասներկու տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 5920