ՄԱԿ- Կանայք. «Յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում բռնության է ենթարկվում»
Այսօր՝ Մարդու իրավունքների միջազգային օրը, ՄԱԿ- Կանայք տ-ն Ֆումզիլե Մլամբո Նգուկան, կոչ է անում տղամարդկանց, կանանց և երիտասարդներին ամբողջ աշխարհում միանալ և համախմբել իրենց ուժերը կանանց իրավունքները պաշտպանելու համար: «Ես հարգանքի տուրք եմ մատուցում բոլոր նրանց, ովքեր կանանց իրավունքների պաշտպաններ են», – նշում է նա օրվա առիթով իր ուղերձում:
« 20 տարի առաջ Վիենայի հռչակագիրը և գործողությունների պլանը ընդգծեցին, որ կանանց և աղջիկների՝ բոլոր իրավունքներից լիարժեք օգտվելը առաջնային խնդիր է Կառավարությունների և ՄԱԿ-ի համար: Կարևոր սկզբունքները ամրապնդվեցին, այդ թվում՝ մարդու իրավունքների համընդհանրությունը և պետությունների պարտականությունները դրանք պահպանել: Այդ ժամանակվանից ի վեր ոչ միայն կանանց իրավունքներին վերաբերող իրավական չափանիշների և առաջարկությունների մի ծավալուն փաթեթ է մշակվել, այլ շատ մեծ առաջընթաց է կատարվել կանանց իրավունքների և հավասարության խթանմանն ուղղված ազգային օրենքների, քաղաքականությունների և ծրագրերի ընդունման և մշակման տեսանկյունից:
Կանանց իրավունքների յուրօրինակ միջազգային պայմանագիր հանդիսացող Կանանց հանդեպ խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիան, որը իրավաբանորեն պարտավորեցնող է, վավերացվել է 187 պետությունների կողմից:
Այնուամենայնիվ, կանանց հանդեպ խտրականությունը շարունակվում է և օրենսդրորեն, եւ գործնականում: Կանանց իրավապաշտպանները միավորում են իրենց ջանքերը կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարում: Եվ ամբողջ աշխարհում կանայք ամենաաղքատն ու ամենամարգինալացվածն են:
Այսօր՝ Կանանց հանդեպ բռնության վերացման 16-օրյակի վերջին օրը, մեզ հիշեցնում են այն մասին, որ յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում դեռևս բռնության է ենթարկվում: Դա ոչ պակաս գլոբալ համաճարակ է և մարդու իրավունքների մասսայական խախտում:
Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում խոսքից գործի անցնել: Ժամանակն է համապատասխանեցնել խոսքերը բոլոր օրենքներին, քաղականություններին և ծրագրերին կանանց իրավունքները պաշտպանելու համար՝ ապահովելով համապատասխան բյուջե դրանց իրականացման համար:
Մինչև 2015 թ. Հազարամյակի Նպատակներին հասնելու համար մենք պետք է գիտակցենք, որ առաջընթացի մեծապես կախված է կանանց առաջընթացից: Ես կոչ եմ անում աշխարհի առաջնորդներին առաջնահերթ դարձնել կանանց իրավունքները, կանանց առաջխաղացումը և գենդերային հավասարությունը ամեն օր, և հատկապես 2015-ի զարգացման նպատակների շրջանակներում:
Այսօր՝ մարդու իրավունքների միջազգային օրը, եկեք ոգեշնչվենք Նելսոն Մանդելայի օրինակով: Մադիբան ցույց տվեց մեզ, որ մեզանից ոչ ոք ազատ չի լինի, մինչև բոլորս ազատ չլինենք: Մեր հույսերը կապված ավելի արդար, ապահով և խաղաղ աշխարհի հետ կարդարանան միայն այն ժամանակ, երբ համընդհանուր հարգանք լինի մարդկային ընտանիքի բոլոր անդամների արժանապատվության և հավասար իրավունքների հանդեպ», – ասված է ՄՍԿ- Կանայք տնօրենի ուղերձում:
Հիշեցնենք, որ Մլամբո Նգուկան, ով ժամանակին Հարավային Աֆրիկայի հանրապետության փոխնախագահ է եղել, ստանձնեց ՄԱԿ-կանայք կառույցի տնօրենի պաշտոնը այս տարվա հուլիսին: Նա փոխարինեց այդ պաշտոնում Միշել Բաչելեթին, ով զբաղեցրել էր գործադիր տնօրենի պաշտոնը ՄԱԿ-կանայք կառույցի ստեղծման օրվանից՝ 2010-ից:
Դիտումների քանակը` 3048