ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում քննարկվել է Հայաստանի զեկույցը

 

Հունվարի 23-ին  Ժնևում ընթացող ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման ( Universal Periodic Review / UPR) աշխատանքային խմբի 35-րդ նստաշրջանում քննարկվել է Հայաստանի 3-րդ պարբերական զեկույցը՝ Մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում Հայաստանի ձեռքբերումների և առկա խնդիրների վերաբերյալ:

 

 

Հայաստանը մեկն է 14 պետություններից, որոնք կդիտարկվեն ՀՊԴ աշխատանքային խմբի կողմից հունվարի 20-ից 31-ը կայանալիք նստաշրջանի ընթացքում: Հայաստանի առաջին և երկրորդ դիտարկումը ՀՊԴ-ի աշխատանքային խմբի կողմից տեղի է ունեցել համապատասխանաբար 2010 թ. մայիսին և 2015 թ. հունվարին:

 

 

Դիտարկումը տեղի է ունենում հետևյալ փաստաթղթերի հիման վրա.

1) ազգային զեկույց՝ քննման ենթակա պետության կողմից ներկայացված տեղեկատվություն,

2) մարդու իրավունքների ոլորտի անկախ փորձագետների և խմբերի, մարդու իրավունքների պայմանագրային մարմինների և ՄԱԿ-ի այլ մարմինների զեկույցներում ներառված տեղեկատվություն,

3) այլ շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների, տարածաշրջանային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության խմբերի կողմից տրամադրված տեղեկատվություն:

 

 

Հունվարի 23-ի Հայաստանի դիտարկման համար հիմք ծառայող երեք զեկույցներին կարելի է ծանոթանալ այստեղ:

 

 

Հայաստանի պատվիրակության ղեկավարն է  Արտաքին գործերի փոխնախարար Արտակ Ապիտոնյանը:  Համացանցով ուղիղ հեռարձակվող նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության ներկայացուցիչները խոսել են տարբեր բնագավառներում մարդու իրավունքների բարելավմանն ուղղված գործողությունների մասին ՝ ներկայացնելով  այն քայլերը, որ ձեռնարկվել են նախորդ դիտարկման ժամանակ առաջ քաշված առաջարկություններն իրականացնելու համար, և որոնց հարցում պետությունը պարտավորվել էր հետևողական լինել:

 

 

Հայաստանի պատվիրակության զեկույցներից հետո նիստին ներկա տարբեր երկրների ներկայացուցիչներից յուրաքանչյուրն իր դիտարկումներն է արել՝ նշելով, թե որ ոլորտներում Հայաստանը աշխատանք ունի անելու: Երկրների մեծ մասի ներկայացուցիչները նկատել են տարբեր ոլորտներում Հայաստանի գրանցած դրական առաջընթացը և հիմնականում խորհուրդ են տվել մեծ ուշադրություն դարձնել կանանց իրավունքներին, ընտանեկան բռնությանը, կանանց դեմ բռնությանը, թրաֆիքինգին, գենդերային հավասարությանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց հասարակություն ինտեգրելուն, աղքատության դեմ պայքարին, կոռուպցիայի դեմ պայքարին, դատական համակարգի բարեփոխումներին և մի շարք այլ ոլորտների:

 

 

Հայաստանի դիտարկման ընթացքում ելույթ ունեցողների ցանկը և դիտարկման ժամանակ հնչելիք բոլոր հայտարարությունները կտեղադրվեն ՀՊԴ արտաքին ցանցում [օգտագործողի անուն՝ hrc extranet (բացատով), գաղտնաբառ՝ 1session]:  Նախատեսվում է, որ ՀՊԴ աշխատանքային խումբը Հայաստանի վերաբերյալ առաջարկությունները կընդունի հունվարի 28-ին՝ ժամը 17:00-ին: Քննվող պետությունը կարող է ցանկություն հայտնել արտահայտել իր դիրքորոշումը դիտարկման ընթացքում ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:

 

 

Նշենք, որ Համընդհանուր պարբերական դիտարկումն եզակի գործընթաց է, որի շրջանակում ՄԱԿ-ի բոլոր 193 անդամ պետություններում իրականացվում է մարդու իրավունքների իրավիճակի պարբերական դիտարկում: 2008 թ. ապրիլին կայացած դիտարկման առաջին նիստից ի վեր՝ ՄԱԿ-ի բոլոր անդամ-պետությունները դիտարկվել են ՀՊԴ առաջին և երկրորդ նստաշրջանների ընթացքում երկու անգամ:

 

 

Դիտումների քանակը` 1050

Գլխավոր էջ