ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն մտահոգված է Հայաստանում առկա իրավիճակով ու բացերով
Մայիսի 29-30-ը Ժնևում ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեն քննարկման առավ Հայաստանի երրորդ եւ չորրորդ պարբերական զեկույցները Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի կատարման վերաբերյալ: Հայաստանը նաեւ զեկույցներ էր ներկայացրել կոնվենցիային կից ` երեխաների թրաֆիքինգի, մանկական պոռնոգրաֆիայի եւ մարմավաճառության, ինչպես նաեւ ռազմական համակարտություններին երեխաների մասնակցության մասին կամընտիր արձանագրությունների մասով:
ՀՀ-ից Կոմիտեի նիստին ներկա էին ոչ միայն պետական պաշտոնյաներ` ՀՀ Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Կրթության և գիտության և Առողջապահության նախարարություններից, ՄԻՊ ներկայացուցիչը, այլև ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպություններ` «World Vision-Armenia», «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» և այլն:
Պետության կողմից պատրաստված զեկույցից բացի նշված ՀԿ-ների կողմից ներկայացվել է նաեւ այընտրանքային զեկույց: Կոմիտեն՝ կարևորելով այլընտրանքային զեկույցների անհրաժեշտությունը, միաժամանակ մտահոգություն է արտահայտվել պետության կողմից ներկայացված զեկույցի պատրաստման գործում հկ-ների մասնակցության կապակցությամբ: Կոմիտեի դիտարկումների մեջ , մասնավորապես նշված է, որ պետության ներկայացված զեկույցը բավարար տեղեկություն չի պարունակում, թե արդյո՞ք այն պատրաստվել է քաղաքացիական հասարակության ինստիտուտների մասնակցությամբ և առհասարակ ի՞նչ չափով են ներգրավված հկ-ները երեխայի իրավունքներին վերաբերող քաղաքականության մշակման գործընթացներում:
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի հաղորդմամբ, Ժնևում կայացած քննարկումների արդյունքում Կոմիտեն բավարար չի համարել պետության կողմից Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի շուրջ իրականացված իրազեկման աշխատանքները, այդ ուղղությամբ մասնագետներին նախապատրաստելու միջոցառումները: Կոմիտեն հետաքրքվել է, թե ինչպե՞ս և որքա՞ն հաճախ են ազգային դատարանները հղումներ կատարում Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային և ինչպես է մեկնաբանվում «երեխայի լավագույն շահեր» կոնվենցիոն հասկացությունը:
Երեխայի իրավունքների պաշտպանվածության մասով Կոմիտեի հարցադրումները մեր պետության վերաբերյալ կարելի է բաժանել մի քանի հիմնական խմբերի: Հատկապես շատ էին Կոմիտեի դիտարկումները երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման եւ պատժի, ինչպես նաեւ անչափահասների գործերով արդարադատության խնդիրների վերաբերյալ:
Նախ, Կոմիտեն բավականին խիստ հարցադրումներ է արել Հայաստանում առկա երեխաներին բռնությունից պաշտպանության և կանխարգելման մեխանիզմների վերաբերյալ: Ընդգծելով երեխայի խնամքի կենտրոնների նկատմամբ անկախ մոնիթորինգի մեխանիզմի առկայության կարևորությունը, Կոմիտեն իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում նման մեխանիզմի առկայության և նրա արդյունավետության վերաբերյալ: Կոմիտեն հետքրքրվել է նաև ՄԻՊ գործունեության արդյունավետությամբ, մասնավորապես` ինչպե՞ս է ՄԻՊ ինստիտուտը երեխայի իրավունքների պաշտպանության ուղղվածությամբ աշխատող մեկ մասնագետի միջոցով կարողանում արձագանքել բոլոր խախտումներին:
Կոմիտեին նաև հետաքրքրում էր, թե քանի՞ բողոք է ստացվել երեխաների դեմ իրականացված բռնությունների վերաբերյալ, ինչպե՞ս են դրանք ստացվել, ի՞նչ արձագանք են ստացել դրանք և ի՞նչ պատասխանատվության են հանգեցրել: Այս կապակցությամբ Կոմիտեն պետության ուշադրությունն է հրավիրել երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման եւ պատժի վերաբերյալ համապատասխան օրենսդրական կարգավորումների բացակայության հանագամանքին: Ընդգծվել է նաև արդյունավետ մեխանիզմների բացակայության փաստը՝ խնամքի հաստատություններում գտնվող երեխաների կողմից բողոքների ներկայացման հնարավորության առումով:
Հատուկ ուշադրություն է դարձվել նաև խնամքի հաստատություններ երեխաների ընդունելիության չափանիշներին, առավել ևս, երբ առկա տեղեկատվության համաձայն, երեխաներն այդ հաստատություններում հայտնվում են ոչ թե ծնողական խնամքից զրկված լինելու հիմքով, այլ ընտանիքի դժվար սոցիալական պայմաններից հետեւանքով:
Կոմիտեն իր մտահոգությունն է արտահայտել նաև պետության կողմից վերջին երկու տարիներին երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող կառույցների ֆինանսավորման կրճատումներին` ընդգծելով, որ ոչ մի պարագայում սա թույլատրելի չէ:
Կոմիտեի անդամները մեծ թվով հարցադրումներ են կատարել ՀՀ-ում անչափահասների գործերով արդարադատության վերաբերյալ: Մասնավորապես` բավարար չեն գնահատվում անչափահասների գործերով արդարադատություն իրականացնելու համար առկա ռեսուրսները, հստակ չեն նաև այդ գործերով մասնագիտացված դատավորների գործունեության սկզբունքները:
Կոմիտեն խիստ մտահոգություն է հայտնել անչափահաս օրինախախտների նկատամամբ այլընտրանքային պատիժների կիրառման հնարավորությունների բացակայության վերաբերյալ: Կոմիտեի համար խիստ մտահոգիչ էին անչափահասների նկատմամբ կալանք կիրառման հե կապված ազգային օրենսդրության բացերը:
Անչափահասների արդարադատության շրջանակներում Կոմիտեն հետաքրքրվել է նաև, թե ինչպե՞ս է ապահովվում անչափահաս օրինախախտների կրթության իրավունքը և ի՞նչ ծրագրեր են գործում վերջիններիս հասարակություն վերաինտեգրման համար:
Նշենք, որ Կոմիտեի կազմում ներգրավված են 18 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում Սաուդիան Արաբիայից, Մոնակոյից , Սլովակիայից, Եթովպիայից, Եգիպտոսից և այլն:
Դիտումների քանակը` 7273