ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվեց հաշմանդամություն ունեցող անձանց շուրջ 70 ձեռքի աշխատանքներ

Այսօր հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում այսօր ներկայացվեց հաշմանդամություն ունեցող ավելի քան 20 երեխաների և երիտասարդների շուրջ 70 ձեռքի աշխատանքներ:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանը ստորագրել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին հռչակագիրը և դրանով պարտավորություն ունի անել ամեն ինչ, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորինս ինտեգրված լինեն հասարակությանը:


«Հայաստանը բավականին առաջընթաց է արձանագրել, և դեկտեմբերի մեկին ընդունվել է օրենք, որն իր մեջ ներառում է հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք ներառումը հանրակրթությունում»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ զգալի աշխատանքի անհրաժեշտություն կա հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաների ինտեգրման հարցում, քանի որ հասարակության մեջ դեռևս առկա է մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց երեխաների հարցում խտրականությունը:

 

Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշեց, որ այս օրը ևս մեկ հնարավորություն է՝ բարձրաձայնելու այն բոլոր խնդիրները, որոնց առնչվում են հաշմանդամություն ունեցող անձինք իրենց առօրյա կյանքում:

 

«Մեր երկիրը փորձում է սոցիալական պաշտպանվածության քաղաքականությունից անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը, ինչը նշանակում է՝ ստեղծել հավասար հնարավորություններ աշխատանքի բոլոր բնագավառում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք կարողանան ներգրավվել հասարակական կյանքին»,-ասաց նա:

 

Ռուզաննա Սարգսյանն այսօր հաշմանդամների հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ մեծ առաջընթաց նկատեց: «Արդեն քաղաքապետարանի անմիջական ուշադրության կենտրոնում է գտնվում փողոցների, մայթերի, թեքահարթակների հարմարեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար: Սա մեկ անգամ ևս գալիս է մեզ ասելու, որ արդեն պետությունը ուշադրություն է ցուցաբերում հաշմանդամություն ունեցողների հիմնահարցերին»,-ասաց նա։

 

Ռուզաննա Սարգսյանը հայտնեց, որ Հայաստանում այսօր 195 հազար հաշմանդամ կա, որից 860-ը երեխաներ են:

 

«Save the Children» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության LIFE ծրագրի տնօրեն Ջինա Սարգիզովան նշեց, որ ծրագիրն ուղղված է հաշմանդամություն անձանց զբաղվածության խնդիրները լուծելուն:

 

«LIFE ծրագրի շրջանակներում Երևանում և այլ մարզերում ևս 17 սոցիալական ձեռնարկություններում մինչ այսօր աշխատանք են գտել մոտավորապես 200 հաշմանդամություն ունեցող անձինք: Մեր կողմից իրականացված աշխատանքները ներառում են մասնագիտական կրթությունը, որը ծրագրի շնորհիվ հասանելի է դարձել մոտ 900 հաշմանդամություն ունեցող երիտասարդների, որոնցից 200-ը անցել են աշխատանքի»,-ասաց նա և հայտնեց, որ մինչ այսօր հաշմանդամություն ունեցող 400 անձ է աշխատանքի տեղավորվել իրենց ծրագրով:

 

«Ցավոք, այսօր դեռևս մեր հասարակությունում զանազանվում են հաշմանդամություն ունեցող և չունեցող անձինք: Հաշմանդամություն ունեցող անձանց դիտում են որպես խնամքի օբյեկտ՝ առանց նկատի ունենալու, որ նրանք նույնպես ունեն իրենց նպատակները, երազանքները, պլանները: Այդ առումով, մեր երկիրը փորձում է սոցիալական պաշտպանվածություն քաղաքականությունից անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականություն: Դա նշանակում է ստեղծել հավասար հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք կարողանան լիարժեք ներգրավվել հասարակական կյանքին»,- Life.panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, ասաց Ռ.Սարգսյանը:

 

«Այսօր հաշմանդամություն ունեցող անձը ուզում է և միանշանակ կարող է աշխատել: Գործատուները ասում են, որ հաշմանդամություն ունեցող անձը բերում է նույն տնտեսական օգուտը, ինչ հաշմանդամություն չունեցողը»,-ասաց նա:

 

Ցուցահանդեսին մասնակիցները ներկայացրեցին իրենց ձեռքի աշխատանքները, պատմեցին իրենց մասին:

 

Աղբյուրը՝ Թերթ.ամ

 

 

 

Տեսանյութը՝ Armenia TV

Դիտումների քանակը` 2695

Գլխավոր էջ