Ճամպրուկներ վաճառող կինը

Առավոտյան ժամը տասն  է: Տիկին Զոյան  բացում է վաճառասրահի դուռն  ու սկսում է արագ –արագ դասավորել վաճառվող ապրանքները.հագուստ, անկողնու պարագաներ և ճամպրուկներ:Երկար տարիներ  տիկին Զոյան աշխատում է Էջմիածնի շուկայում: Վատ չի վաստակում, չնայած տարեց տարի առևտուր անողների թիվը  պակասում է:

 

ՙ«Է՜ աղջիկ ջան գիտես ինչն է ահավոր ,որ իմ այսքան ապրանքներից ամենաշատը չամադան եմ ծախում:Անցած տարի էլ էի ծախում,բայց այս տարի ավելի շատ:Ամեն չամադան առնողին հարցնում եմ՝ լավ առիթի համար ե՞ք առնում ,ու միշտ նույն պատասխանն եմ լսում.ՙ»չէ ՜Զոյա  ջան, գնում ենք էս երկրից»:

 

Տիկին Զոյան խոսում էր ու միաժամանակ դասավորում ապրանքները: Ձեռքերը հուզմունքից դողում էին,իսկ աչքերում սեղմված արցունքներ էին: Նրա երեք  որդիներից միայն մեկն է մնացել Հայաստանում:Մյուս երկուսը  այս տարի միաժամանակ մեկնել են երկրից ու բնակություն են հաստատել Գերմանիայում և Բելգիայում: Ասում  է,որ  վեց մեծ ճամպրուկ էլ տղաներն են տարել:

 

 

«Անցած տարի, երբ գալիս էին չամադան առնելու հինգ հոգուց երկուսը հարսանիքի համար էր առնում ,էս տարի նման բան չկա:Արդեն էլ չեմ էլ հարցնում ,ինչի համար եք առնում ,հենց մոտենում են աչքերից  հասկանում եմ,որ ոչ թե շոր են ուզում այլ չամադան»:

 

 

Էջմիածնեցի վաճառողուհուն ասում է,որ իր երկրացիները՝ մշտական բնակության  համար  ավելի շատ  մեկնում են Գերմանիա, Ֆրանսիա ,Բելգիա և Հոլանդիա:ԱՊՀ երկրներ այդքան չեն նախընտրում:Իսկ ՌԴ մեկնում են հիմանականում այն անձիք, ովքեր գումար չունեն եվրոպական երկրներ գնալու համար:

 

Վերջին շրջանում Հայաստանից  մարդիկ ավելի շատ արտագաղթում են խռոված լինելու զգացողությամբ, այլ ոչ թե հացի խնդիր լուծելու համար:

 

 

« Երբ  մարդը  խռոված հոգով  է արտագաղթում դա առավել վտանգավոր է դառնում ,քանի որ  կենսակերպը լավացնելու նպատակով արտագաղթած մարդու ուշքն ու միտքը միշտ հայրենիքում է լինում եւ հնարավորության դեպքում նրանք նույնիսկ վերադառնում են: Բայց,երբ մարդը  հայրենիքից հեռանում է հիասթափված, հուսահատված, անարդարություններից դրդված, ապա վերադառնալու շանսերը չնչին են», – ասում է հոգեբան Կարինե Նալչաջյանը:

 

Վայոց ձորի Գլաձոր համայնքի  38- ամյա բնակչուհի Քրիստինե Եղյանը  նախկինում  գնացողներին միշտ մեղադրում էր,բայց հիմա  ոչ,քանի  որ  Հայաստանում օր- օրի և ժամ- ժամի դժվարում  է  կյանքը:

 

 

Քրիստինեի  ամուսինը  դեռ 15 տարի առաջ  բռնել  էր   խոպանի ճանապարհը : Հետո ընտանքին այնտեղ տարել,բայց  որոշ ժամանակ անց Քրիստինեն  վերադառնում  է Հայաստան՝ առանց ամուսնու: Չնայած իր ասելով ամուսինը խոպանի զոհ դարձավ ու ընտանիքը քայքայվեց ,  բայց անգամ այդ հանգամանքը այսօր ետ չի կանգնեցնում Քրիստինեին ու նա պատրաստ է կրկին վերադառնալ  Ռուսատան: Ամուսինը երեխային վերջին անգամ տեսել է վեց ամսեկան հասակում,հիմա աղջիկը 14 տարեկան է:

 

 

«Ես գերադասում եմ գնամ Ռուսաստան զուգարան մաքրեմ ,շիշ հավաքեմ ,տանեմ  հանձնեմ,քան թե մնամ  Հայաստանում,էստեղ  աղջկաս ապագան չեմ տեսնում, ու եթե հնար լինի հենց հիմա  այս տնային  շորերով էլ կգայի»:

 

 

Մեր զրուցին միանում է վերջիս հարևանը՝տիկին Սեդան   ու տեղեկացնում,որ իր 5 տղաներից 4-ը արդեն մեկնել են ՌԴ ,իսկ հինգերորդն էլ պատրաստվում է:

 

«Է՜, չգիտեմ ինչ ասեմ ,ինձ որ մնա թեկուզ քիչ փողով  աշխատեն ,բայց իմ դռան  վրա կլինեն,շառից ու փորձանքից հեռու:Բայց ես ոչ մեկին չեմ կարող ասել մի գնա,քանի որ բոլորն էլ ուզում են նորմալ, մարդավարի ապրել»:

 

Հոգեբան Կարինե  Նալչաջյանը ասում  է,որ արտագաղթի մասին շատ խոսելն ավելի շատ է նպաստում  մարդկանց արտահոսքին, քանի որ խուճապի զգացողություն է լինում եւ մարդը մտածում է` նա գնաց, ես մնացի: «Պետք չէ հուզական  ու վարակիչ տոներով ներկայացնել խնդիրը, բայց, իհարկե, ճխոսել այս խնդրի մասին նույնպես հնարավոր չէ, այն անշուշտ պետք է   բարձրացայնվի  »:

 

Նախորդ տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է 42 հազար մարդ։ Ազգային վիճակագրական ծառայության՝ հրապարակած  տվյալների համաձայն  2013թ. ՀՀ-ից հեռացել է 1 մլն 494 հազար 86 և վերադարձել 1 մլն 452 հազար 85 ՀՀ քաղաքացի։ Երբ տվյալները դիտարկում ենք ըստ սահմանային անցակետերի, վերջին տարիներին մարդիկ հեռանում են հիմնականում Բագրատաշենի կամ Բավրայի անցակետերով՝ ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով, քանի որ այդպես էժան է և հարմար՝ ընտանիքներով այլ երկրներ տեղափոխվելու համար։ 2013թ. Բագրատաշենի անցակետով արտագաղթել է 39 հազար 726 ՀՀ քաղաքացի, 2012թ. այդ թիվը կազմել էր 21 հազար 144։ Կտրուկ ավելացել է նաև Բավրայի անցակետով հեռացածների թիվը. 2012թ. 8 հազար 288 ՀՀ քաղաքացու նախորդ տարի մեկնել ու չի վերադարձել 13 հազար հոգի»։

 

Արմինե Գեւորգյան 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 5448

Գլխավոր էջ