Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը
Ղարաբաղյան կանայք գտնում են, որ նրանց ներկայիս նշանակալի դերը հասարակական և գործարար կյանքում հիմնականում պայմանավորված է պատերազմում նրանց ունեցած մասնակցությամբ: Եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երևույթ է…
Պատերազմը կարծես առհավետ փոխել է գենդերային բալանսը Լեռնային Ղարաբաղում, որտեղ կանանց դերը գնալով ավելի ծանրակշիռ է դառնում:Չնայած Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում կա ընդամենը 3 կին նախարար և 5 պատգամավոր, հասարակական և բիզնես ոլորտներում նրանք հաճախ թվային գեռակշռություն ունեն տղամարդկանց նկատմամբ:
Սա նշանակալի շրջադարձ է ղարաբաղյան հասարակության համար, որը դեռևս խորհրդային ժամանակաշրջանում խիստ ավանդապահ էր. այս փոփոխությունները կանայք հիմնականում վերագրում են իրենց լիարժեք մասնակցությանը պատերազմին:
«Չնայած այն փաստին որ ռազմական գործողություններին հիմնականում տղամարդիկ էին մասնակցում, կանանց դերն այս պատերազմում պակաս կարևոր չէր», – ասում է ԼՂՀ միջազգային համագործակցության կենտրոնի տնօրեն Ժաննա Կրիկորովան: Նրա ղեկավարած կազմակերպությունը համակարգում է Լեռնային Ղարաբաղում գործող հասարակական կազմակերպությունների կապերը միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:
«Չնայած սա հակասում է կովկասյան մտածելակերպին, բազմաթիվ ղարաբաղյան կանայք, զանց առնելով իրենց ավանդական դերը, տղամարդկանց հետ հավասար մասնակցել են մարտերին: Մյուսներն էլ իրենց ուսերին են կրել պատերազմական տարիների բոլոր դժվարությունները»:
ԼՂՀ տարածաշրջանային բիզնես կենտրոնի անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանայք շատ ավելի արագ են հարմարվել հետպատերազմյան կյանքին, չնայած Ղարաբաղի տնտեսությունը այն ժամանակ ողբալի վիճակում էր:
«Քանի որ հայ կանայք պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքների համար, նրանցից շատերը նախաձեռնություն դրսևորեցին` ավելի ակտիվ դառնալով: Այս սոցիալական ակտիվությունը պահպանվեց նաև հետագայում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղում կյանքը փոխվել է», – ասում է Կրիկորովան:
Լեռնային Ղարաբաղում կանայք մասնակցում էին պաշտպանական գործողություններին, իսկ ոմանք տղամարդկանց հետ միասին կռվում էին ճակատում: Մարգարիտա Թառանյանը, շատերի նման, բուժքույր է եղել 1992-94 թվականներին:
«Միչև հիմա էլ չեմ հասկանում, թե ինչպես կարողացանք փրկվել: Չեմ կարողանում հավատալ, որ այդ բոլոր սարսափելի ու ցուրտ օրերից հետո կարողացել եմ պահպանել առողջությունս», – պատմում է պատերազմի վետերանը:
Բարձրագույն մանկավարժական կրթություն ունեցող Մարգարիտան ներկայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի մայոր է և աշխատում է պաշտպանության շտաբում: Եվ եթե նախկինում ուսերիզներով կանանց հազվադեպ կարելի էր տեսնել Ղարաբաղում, ապա այժմ`պատերազմից հետո, դա սովորական երևույթ է, չնայած նրանք այլևս ռազմաճակատ չեն գնում:
«Այնպիսի տղաներ զոհվեցին, մեկը մյուսից լավը: Բա աղջիկները…», – արցունքներն աչքերին պատմում է Թառանյանը` վերհիշելով, թե ինչպես էր մարտի ժամանակ սպանվել նրա ընկերուհին` նույնպես Մարգարիտա անունով, ում մարմինը տանելու համար ստիպված էին եղել սպասել մութն ընկելուն:
Պատերազմին մասնակցած տղամարդկանց խոսքերով` հրադադարից հետո կանայք այդպես էլ չվերադարձան իրենց ավանդական կարգավիճակին: «Լեռնային Ղարաբաղի անկախության շարժման» ակտիվիստ Գագիկ Ավանեսյանի խոսքերով` կանանց ցուցաբերած աջակցությունը պատերազմի տարիներին շատ մեծ նշանակություն է ունեցել. նրանք արյուն էին հանձնում վիրավորների համար, ուտելիք էին պատրաստում, առաջին բժշկական օգնություն ցուցաբերում:
Սակայն պատերազմի սարսափներն ու բռնությունները չէին կարող անհետևանք մնալ կանանց համար: Վետերաններից շատերը չեն կարողացել համապատասխան հոգեբանական օգնություն ստանալ պատերազմի սարսափները հաղթահարելու համար, իսկ հակամարտության տարիներին բուժքրոջ պարտականություններ կատարող կանայք հաճախ անգամ նվազագույն օգնություն չեն ստանում:
Մարտակերտի բնակչուհի Անահիտ Պետրոսյանը 30 տարեկան էր, երբ ռազմադաշտ մեկնեց: «Թվում է` այն ժամանակ պետք է վախենայի: Ի վերջո, թույլ սեռի ներկայացուցիչներ ենք: Բայց ընդհանրապես վախ չեմ զգացել: Այնքան զոհեր ու վիրավորներ են եղել, և գիտակցում էի, որ հաջորդը կարող եմ ես լինել, բայց այնպիսի զգացում ունեի, որ ապրելու եմ», – պատմում է Անահիտ Պետրոսյանը: Նա երկու երեխա ունի և շարունակում է բուժքրոջ աշխատանքը ռազմական հոսպիտալում:
«Վախը հետո զգացի: Պատերազմից հետո պատմում էի մեկին այն սարսափների մասին, որոնց միջով անցել եմ. հենց այն ժամանակ էլ անբացատրելի վախ սողոսկեց սիրտս»:
Այնուամենայնիվ, ղարաբաղյան կանայք ասում են, որ պատերազմն իրենց ավելի տոկուն է դարձրել, և որ հասարակությունն անվերադարձ փոխվել է:
«Պատերազմը մեզ` կանանց շատ է կոփել: Մենք այնպիսի բաների միջով ենք անցել, որ եթե պահանջվեր տրակտորով Մարս թռչել, դա էլ կանեինք», – ասում է Ջուլիետտա Առուստամյանը, պատերազմի ժամանակ զոհված սպայի այրին, ով ներկայում ղեկավարում է «Հարմոնիա» ՀԿ-ն, որը զբաղվում է կանանց համար մշակութային միջոցառումների կազմակերպմամբ:
Կարինե Օհանյան,
Անահիտ Դանիելյան
Հոդվածը և լուսանկարները տրամադրել են հեղինակները:
Բնօրինակը ռուսերեն՝ www.armedia.am կայքում:
Դիտումների քանակը` 13506