Հրավիրում ենք դեբատներին «Կանանց օրակարգ»-ի շուրջ

«ՕքսԵՋեն»  հիմնադրամը` WomenNet.am կայքի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ի հետ  համագործակցությամբ, հրավիրում են  ձեզ մասնակցելու  «Հավասար» քարոզարշավի շրջանակներում մշակված «Կանանց օրակարգի» հանրային  քննարկմանը, որը կկայանա  մարտի 22-ին, ժամը 14:30-ին Անի Պլազա հյուրանոցի «Անի» սրահում:   

 

Քննարկմանը, որն ընթանալու է կլոր սեղանի ֆորմատով,  ներկա են գտնվելու  Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի,  կանանց իրավունքներով զբաղվող  տեղական և միջազգային  կազմակերպությունների և ԶԼՄ -ների ներկայացուցիչներ:

 

«Կանանց օրակարգի» հիմնական նպատակն է հրավիրել Ազգային ժողովի ընտրություններում առաջադրված կուսակցությունների և կուսակցությունների  դաշինքների ուշադրությունը կանանց ու տղամարդկանց հավասարությունն ապահովող հիմնախնդիրների վրա՝ ակնկալելով, որ ընտրվելու դեպքում նրանք ոչ միայն կբարձրացնեն այդ հարցերը խորհրդարանի ամբիոնից, այլև լուծումներ կառաջարկեն դրանց ուղղությամբ:

 

Հիմնական հարցերը, որոնք ներառված են «Կանանց օրակարգ»-ում և որոնց շուրջ ընթանալու է քննարկումը, հետևյալն են.

 

  • Կանանց ոչ բավարար ներկայացվածությունը իշխանության բոլոր ճյուղերում և մակարդակներում
  • Կանանց ներուժի ոչ արդյունավետ օգտագործումը և աշխատանքի շուկայում կանանց նկատմամբ խտրականության առկայությունը
  • Կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը ժողովրդագրական ճգնաժամի խորացման, ծնելիության անկման, միգրացիայի պայմաններում
  • Կին գլխավորող տնային տնտեսությունների, գյուղաբնակ կանանց, միայնակ մայրերի և հաշմանդամություն ունեցող կանանց առավել խոցելիությունը աղքատության,  ռեսուրսների և ծառայությունների հասանելիության տեսանկյունից
  • Առողջապահական ծառայությունների հասանելիության և մատչելիության ապահովումը, մայրական և մանկական մահացության ցուցանիշների նվազեցումը
  • «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը
  • Գենդերային կարծրատիպերի վերարտադրումը կրթության և ԶԼՄ-ների միջոցով:

 

Ակնկալում ենք,  որ «Կանանց օարակարգի»   քննարկման արդյունքում  օրենսդիր մարմնում ներկայացված լինելու հավակնություններ ունեցող քաղաքական ուժերը կհստակեցնեն իրենց վերաբերմունքը երկրի զարգացման գործընթացներում կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն ապահովող հիմնախնդիրների վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա այս խնդիրներով մտահոգ հանրությանը կողմնորոշվելու իրենց ընտրության հարցում:

 

«Կանանց օրակարգի» հանրային  քննարկումը իրականցվում է «ՕքսԵՋեն»  հիմնադրամի «Հավասար» քարոզարշավի շրջանակներում՝ Շվեդիայի կառավարության և Օքսֆամի ֆինանսական աջակցությամբ: Քարոզարշավի գործընկերներն են  «ՊրոՄեդիա-Գենդեր» և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ները: 

 

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք գրել կամ զանգահարել՝

«ՕքսԵՋեն» հիմնադրամ

Լիլիթ Քոչինյան   Հանրային կապերի և քարոզարշավների պատասխանատու  

էլ.փոստ՝ lkochinyan@oxygen.org.am       հեռ. (043) 401 304

 

Դիտումների քանակը` 2898

Գլխավոր էջ