Հրավեր «Գյուղմթերքի կին հերոս-2015» ազգային մրցանակաբաշխությանը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, ՕՔՍՖԱՄ-ը և Գյուղատնտեսական դաշինքը հրավիրում են ձեզ միասին տոնելու Կանանց միջազգային օրը և մասնակցելու «Գյուղմթերքի կին հերոս-2015» ազգային մրցանակաբաշխությանը, որը տեղի կունենա մարտի 6-ին, ժամը 12.00-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցի Արարատ դահլիճում:
Այս տարի «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունն իրականացվում է հինգերորդ անգամ: Միջոցառման նպատակն է խրախուսել ՀՀ-ում գյուղատնտեսության և ֆերմերային տնտեսության ոլորտներում գործունեություն ծավալող և հաջողության հասած կանանց, ում հաջողվել է իրենց գործունեության արդյունքում իրականացնել դրական փոփոխություններ և նպաստել տեղական համայնքի/համայնքների կայուն զարգացմանը, ինչպես նաև պարենային անվտանգության և սնուցման բարելավմանը:
Միջոցառումը կուղեկցվի գյուղատնտեսության ոլորտի հերոս կանանց կողմից արտադրվող գյուղմթերքների ցուցահանդես-վաճառքով և համտեսով: Միջոցառմանը կմասնակցեն նախարարությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների, ՕՔՍՖԱՄ-ի աջակցությամբ ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվների ներկայացուցիչներ:
«Գյուղմթերքի կին հերոս» մրցանակաբաշխությունը մեկնարկել է 2012թ., ՕՔՍՖԱՄ-ի “ԱՃԵՑՆԵՆՔ” /GROW/ համաշխարհային քարոզարշավի շրջանակում:
Այս տարի «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությունն ներառում է ՀՀ բոլոր մարզերը, իրականացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Գյուղատնտեսական դաշինքի համագործակցությամբ, ինչպես նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Ավստրիական Զարգացման Գործակալության աջակցությամբ:
Ի դեպ, WomenNet.am –ը արդեն զրուցել է «Գյուղմթերքի կին հերոս-2015» մրցանակաբաշխությանը առաջադրված բոլոր թեկնածուների հետ եւ առաջիկայում կներկայացնի նրանց մասին պատմությունները:
Դիտումների քանակը` 5465