Հրանուշ Խառատյան. «Ինչու՞ եք այդքան վախենում կանանցից: Կոտրե՛ք ձեր վախերը…»
Ազգագրագետ, հրապարակախոս Հրանուշ Խառատյանն անդրադարձել է երկրի կառավարման մակարդակում կանանց ներգրավման խնդրին, որակելով ներկա իրավիճակը որպես մեծ անարդարություն ու անխոհեմ անհավասարակշռություն…. Իր ֆեյսբուքյան էջում նա , մասնավորապես, գրել է.
«Ես ինձ կարող եմ թույլ տալ այս մասին գրելու, որովհետև առնվազն տարիքիս բերումով պաշտպանված եմ բարձրացված խնդրի անձնական հավակնության կասկածանքից, միաժամանակ տարիքս ու փորձս ստիպում են բարձրաձայնել:
Կառավարության հարգելի անդամներ, հարգելի վարչապետ, արդեն ահագին բան եք արել, որոնց ընկալումները հանրության կողմից միանշանակ չեն: Բայց սրանց առայժմ չեմ/չեն անդրադառնում կամ՝ դեռևս վերապահումով եմ/են անդրադառնում, միշտ մտքում ունենալով՝ ՛՛պետք է ժամանակ տալ՛՛, ՛՛ժամանակը ցույց կտա՛՛: Մի բան, սակայն, ոչ միայն ՛՛ժամանակ չի ուզում՛՛, այլև արդեն անցել են բոլոր ՛՛ժամանակային սահմանները՛՛: Ամեն օր հրաժարականներ են և նոր նշանակումներ: Մեր հասարակության ուղիղ կեսը, դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, լավ է դա, թե վատ՝ կանայք են: Բարեբախտաբար սա բնությունն ու կենսաբանությունն են կարգավորում, և նույնիսկ բնական/կենսաբանական շատ բաներ փչացնելու ընդունակ սոցիումը անընդհատ լուծումներ է գտնում այս հավասարակշռությունը պահպանելու: Նրանց մեջ շատ կան երիտասարդ, կրթված, համարձակ, պատրաստակամներ: Իմ և շատ փորձագետների գնահատմամբ ավելի շատ, քան մյուս՝ տղամարդ կեսում:
Մեր հասարակությունն առայժմ շատ տղամարդակենտրոն և տղամարդկային արժեքների հասարակություն է, բայց մեր հեղափոխությունն իրականացավ երկու սեռերի 50/50 մասնակցությամբ: Եվ չնայած հասարակության տղամարդականենտրությանը՝ կարծեք թե առանձնապես դժգոհություններ չեղան երիտասարդ կանանց մեծաքանակ և շատ որակյալ մասնակցությունից: Նրանք ոչ մի փուլում, ոչ մի իրավիճակում ՛՛գլուխ չպահեցին՛՛, հավասարապես բախվեցին ոստիկանության հետ, հավասարապես ՛՛բարրիկադներ՛՛ սարքեցին, և անկասկած տղաներից ոչ պակաս, եթե ոչ ավել ճկուն ու կրեատիվ մտահղացումներ ներդրեցին ՛՛անարյուն հեղափոխության՛՛ գործնական ընթացքին: Անշուշտ նրանցից ոմանք խնդիրներ ունեցան իրենց ընտանիքներում ծնողների հետ, բայց հենց իրենք էլ լուռ ու մունջ, առանց բարձրաձայնելու հաղթահարեցին այդ խնդիրները, և անհրաժեշտության դեպքում գիշերներ անց կացրին նաև փողոցներում:
Դուք, նաև մենք հեղափոխությունն անվանում ենք ՛՛արժեքների հեղափոխություն՛՛: Երկրի ղեկավարումը կանանց կողմից այդ արժեքների մեջ չի՞ տեղավորվում, չե՞ք կարծում, որ կառավարման համակարգում արական սեռի այս կուտակումը ա/ խիստ անհավասարակշիռ է դարձնում կառավարման ընդգրկումը: բ/ անարդար է, ես նույնիսկ կասեի՝ հասարակության համար անարժանապատիվ, գ/ կարող է կասկածնել առաջացնել տղամարդկանց կամ սեփական գերարժևորման, կամ բարդույթավորվածության մասին, և երկուսն էլ խիստ վնասակար են հասարակության համար, դ/ նվազեցնում կառավարման արդյունավետությունը:
Եթե ձեզ վախեցնում է այն հանրահայտ փաստը, որ կանայք ձեր նման չեն մտածում, ապա դա միայն վկայում է, որ դուք վախենում եք «տղամարդու նման չմտածողներից»: Սա բարդույթավորվածության կերպերից մեկն է: Մինչդեռ հասարակության առնվազն կեսը կարիք ունի նաև կնոջ մտածողության, չնայած իմ կարծիքով ողջ հասարակությունը թե տղամարդու, թե կնոջ մտածողության կարիքն ունի հավասարապես: Կարծում եմ մեր նախկին իշխանությունները շատ բան կորցրին նաև մտածողության տղամարդակենտրոնացումից: Պայմաններն էլ այնպիսին էին, որ «իշխանության կանանց» մեծ մասը «ընտրվել էր» «տղամարդակերպ մտածելու» կամ այդ իմիտացիային հմուտ տիրապետելու պատճառով: Ցավոք, նաև այդ պատճառով կառավարման համակարգում այդպես էլ կանայք չունեցանք, եղածները փորձեցին «տղամարդ լինել» : Մինչդեռ նրանք պետք է «կին մնային»: Թե իրենք կորցրին, թե հասարակությունը կորցրեց, թե կառավարումը տուժեց:
Ամեն օր հետևում եմ նոր նշանակումներին և ամեն օր վրդովվում այս օրինաչափության համար: Մի արեք այդ բանը, ժամանակն արդեն շատ եք կորցրել, ներկայիս կառավարման մարմիններում արդեն մեծ դեֆորմացիա կա: Դուք ամեն օր կորցնում եք հավասարակշիռ իշխանություն ձևավորելու ձեր շանսը: Ձեր նշանակած նախարարների, մարզպետների անձային և մասնագիտական որակներին բազմիցս գերազանցող շատ երիտասարդ կանայք կան, որոնց աշխատանքն անհամեմատ արդյունավետ կլիներ/կլինի երկրի համար:
Ինչու՞ եք այդքան վախենում կանանցից: Կոտրե՛ք ձեր վախերը, մտեք իրական արժեքային փոփոխությունների տիրույթ»:
Դիտումների քանակը` 2709