Հրանուշ Խառատյան. «Կուսակցական սկզբունքով քաղաքի համար ավագանի ընտրելը սխալ է»
Հայաստանի բնակչության մեկ երրորդը և վարչական, ֆինանսա-տնտեսական, մշակութային ու քաղաքացիական ռեսուրսները գերկենտրոնացրած Երևանն ընտրելու է իր ավագանուն: Ոմանք համարում են այս ընտրությունները անձի`քաղաքապետի, ոմանք էլ քաղաքական: Իսկ ազգագրագետ Հրանուշ Խառատյանն ընդհանրապես սխալ է համարում ընտրության սկզբունքը:
Ինչպես նա նշեց WomenNet-ի թղթակցի հետ զրույցում, կուսակցական սկզբունքով քաղաքի համար ավագանի և քաղաքապետ ընտրելը սխալ է: «Տեղական կառավարման մարմինների ինստիտուստը, քաղաքապետրանը քաղաքականացնելը անթույլատրելի է: Քաղաք զարգացնելը դա տնտեսություն է, իսկ այսօր այն վեր է ածվել քաղաքական գզվրտոցի»,-ասում է նա:
Անդրադառնալով Երևանի խնդիրներին և դրանց լուծմանը` Հ.Խառատյանը նշում է , որ այդ առումով իրականությունն այնքան էլ հուսադրող չէ:
«Երևանում առկա են դեռևս չլուծված բազմազան խնդիրներ, պետական կարիքնեորի համար խաբված բնակչություն` Կոնդի բնակիչներ, Դալմայի այգիներ… Ամեն օր այդ հարցերի վերաբերյալ հայտարարություն արվում, թե շուտով դրանք կքննարկվեն: «Շուտով»-ը այնպես էլ մնում է խոստումների մակարդակում…», – ասում է ազգագրագետը:
Հ.Խառատյանը ցանկանում է, որ ապագա Երևանը բոլորինը լինի, որտեղ կհարգվեն մայրաքաղաքի ցանկացած բնակչի իրավունքները…
«Ընդամենը մեկ օրինակ` մարդիկ կան, ովքեր նույնիսկ իրենց ավտոտնակի տակի հողն իրավունք չունեն սեփականացնել: Իսկ մարդիկ էլ գիտենք, ովքեր Երևանում 100-ավոր հեկտարներով տարածքներ են սեփականացնում, բազմաբնակարան շենքեր կառուցում… »,- ընդգծեց Հ.Խառատյանը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 5774