Հոկտեմբերի 2. Ինքնաբացարկներից հետո համայնքի ղեկավար կին թեկնածուների շարքերը կիսով չափ նոսրացել են
Սեպտեմբերի 22-ի ժամը 18:00-ին լրացավ այն ժամկետը, երբ հեկտեմբերի 2-ին նախատեսված ՏԻՄ ընտրությունների գրանված թեկնածուները կարող էին ինքնաբացարկ ներկայացնել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովից WomenNet.am-ին հայտնեցին, որ ինքաբացարկ է հայտնել համայնքապետի 166, ավագանու անդամի՝ 117 թեկնածու:
Ամփոփելով տվյալները նշենք, որ ինքնաբացարկ հայտնելուց հետո համայնքապետի 523 թեկնածու կա, նրանցից 16-ն են կանայք: Մինչ ինքնաբացարկ հայտնելը հոկտեմբերի 2-ի ընտրություններին համայնքի ղեկավարի գրանցված 687 թեկնածուներից իգական սեռի ներկայացուցիչ են 38-ը:
Ավագանու 3 115 թեկնածուներից ինքնաբացարկ են հայտնել 103-ը, նրանցից 23-ը կանայք: Ընտրություններին մասնակցելու են 3012 թեկնածու, նրանցից ՝ 336-ը կանայք են, ինչը 11% է կազմում:
ԿԸՀ-ի կողմից տրամադրված տվյալներով, կանայք ՏԻՄ ընտրություններում առավել ակտիվ են Լոռու և Սյունիքի մարզերում: Լոռիում առաջադրված թեկնածուներից 18,3 % -ն են կին, իսկ Սյունիքում՝ 24,5 % -ն են կանայք : Ամենաքիչ թվով կանայք են առաջադրվել Գեղարկունիքի մարզում՝ թեկնածուների 3.4%-ն են կին: Արմավիրում կին եկնածուները՝ 7.6% են, Կոտայքում է 8.5% , Վայոց Ձորում ՝ 7 %, Շիրակում ՝ 5%:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի թվով 373 համայնքներում: Նշված համայնքներից 36-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 82 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Այսպիսով, ինքնաբացարկներից հետո Գեղարքունիքում կանայք կպայքարեն երկու համայնքում՝ Գեղամասարում համայնքի գործող ղեկավարի միակ մրցակից թեկնածուն անկուսակցական Կարինե Բեգլարյանն է, ով գյուղի ամբուլատորիայում աշխատում է որպես թերապևտ, և Ջիլ գյուղում, ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Հայկանուշ Մելիքյանն է: Ջիլում գյուղապետ դառնալու համար պայքարում է 3 թեկնածու, ործող գյուղապետին առաջադրել է իշխող Հանրապետական կուսակցությունը:
Կոտայքի մարզի Գառնի գյուղում պայքարը կշարունակի Արուսյակ Այվազյանը, ով առավել հայտնի է որպես Գառնին փրկող, Նոր Երզնկայում՝ Ալինա Հարությունյանը: Նա գործող գյուղապետն է, առաջադրված ՀՀԿ կողմից:
Շիրակի մարզում երկու կին թեկնածուներն էլ կպայքարեն խոշորացված Ամասիայում: Նրանցից մեկը Ամասիայի կազմի մեջ մտնող Արեգնադեմ համայնքի գործող ղեկավարն է՝ ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Աղունիկ Հազրյանը, մյուսը անկուսակցական Ջեմմա Հարությունյանն է:
Լոռիում համայնքապետ դառնալու համար պայքարը կշարունակի 5 կին: Ազնվաձոր համայնքում գործող ՀՀԿ-ական գյուղապետի միակ մրցակիցը դպրոցի փոխտնօրենն է՝ Լաուրա Բաղդասարյանը:
Բազումում վերընտրվելու համար կպայքարի գործող համայնքապետը՝ ՀՀԿ-ական, ինքնաառաջադրված Սրբուհի Հարությունյանը: Նրա մրցակիցն անկուսակցական Կարլեն Մարգարյանն է:
Լերմոնտովո գյուղում գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Էդիկ Չախալյանի մրցակիցը համայնքապետարանի առաջատար մասնահետ Ռոզա Խեչումյանն է:
Քարկոփում երեք թեկնածու կա, անկուսակացական Մարինե Ավետիքյանն ինքնաառաջադրված է:
Պաղաղբյուրում գործող գյուղապետը կին է: Աորըսյակ Դումիկյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀԿ-ն: Նրա մրցակից չունի:
Սյունիքի մարզում համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար կպայքարի 5 կին: Նրանք են Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանը, ում թեկնածությունն առաջադրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, Անտառաշատի համայնքապետի թեկնածու, անկուսակցական, բուժքույր Լիլիթ Հարությունյանը, Հացավանի գործող գյուղապետ, ՀՀԿ կողմից առաջադրված Շուշան Մարգարյանը, Շիկահողի գյուղապետի թեկնածու , ՀՀԿ կողմից առաջդրված Նարե Ղազարյանը, նա մրցակից չունի և Շրվենանցի համայնքի ղեկավար, անկուսակցական, ինքնաառաջադրված Արմինե Մանուկյանը:
Նշենք, որ 16 կին թեկնածուներից 6-ը գործող համայնքապետեր են:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3135