Հոկտեմբերի 15-ը` գյուղի կանանց միջազգային օր
Հայաստանում գյուղատնտեսական ոլորտում զբաղված են հանրապետության աշխատանքային ռեսուրսների շուրջ 37,1 %-ը, որից 58.7 %-ը կանայք են, ինչը կանանց դարձնում է գյուղատնտեսության զարգացման առավել կարևոր մասնակից: Ընդ որում, տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 28,7%-ը, իսկ կանանց զբաղվածության կառուցվածքում՝ 44,6%-ը: Բացի այդ, կանանց ոչ ֆորմալ զբաղվածության կառուցվածքում գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը 86% է: Ըստ էության , գյուղատնտեսական արտադրանքի մեծ մասը ստեղծվում է կանանց կողմից, և նրանք են սննդամթերքի մատակարարման և գյուղական վայրերում տնային տնտեսությունների գոյատևման հիմնական երաշխավորողները: Տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու պայամաններում կանանց այդ դերակատարումը միայն մեծանում է:
ՄԱԿ-ը փաստում է, որ ողջ աշխարհում կանայք կազմում են գյուղատնտեսությունում զբաղվածների մոտ 43%-ը, իսկ զարգացող երկրներում, որտեղ գյուղատնտեսությունը կազմում է ՀՆԱ-ի 32 %-ը, մոտ 80 % տնտեսապես ակտիվ կանայք զբաղվում են գյուղատնտեսությամբ, սննդի արտադրությամբ: Դրա հետ մեկտեղ կանայք կազմում են աշխարհում սովից տառապող մարդկանց 70 %-ը:
Արժեւորելով գյուղի կանանց կարևորագույն դերը և նրանց ներդրումը գյուղատնտեսության զարգացման, պարենային անվտանգության ապահովման և աղքատության վերացման մեջ ՄԱԿ-ն իր պաշտոնական օրացույցում հոկտեմբերի 15-ը որպես Գյուղաբնակ կանանց միջազգային օր է հռչակել:
Պատահական չէ, որ այդ օրվան անմիջապես հաջորդող օրերին ՄԱԿ-ը նշում է ևս երկու տարեթիվ` հոկտեմբերի 16-ին պարենի համաշխարհային օրը, հոկտեմբերի 17-ին` աղքատության վերացման միջազգային օրը: Այդկերպ ընդգծվում է գյուղի կանանց առանձնակի դերը քաղցի և աղքատության վերացման և պարենային անվտանգության ապահովման գործում: Ի դեպ, 2010-ից սկսած ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը իր նախապատվություններից մեկն է դարձնում «Կանայք – սննդի անվտանգության բանալին են» սկզբունքը ՝ առաջարկելով դիտարկել գենդերային անհավասարության վերացումը գյուղատնտեսության մեջ որպես զարգացման եւ պարենի անվտանգության խնդիր:
Այս տարի գյուղի կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման խնդիրը դիտարկվում է որպես կայուն զարգացման նպատակներին հասնելու վճռորոշ գործոն:
«Կայուն զարգացման նոր նպատակների առանցքային բաղադրիչներից է գենդերային հավասարության ապահովումը և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնումը: Բացի այդ, դրանցում խնդիր է դրվում ,կրկնապատկել գյուղատնտեսության արդյունավետությունը և սննդամթերքի փոքր արտադրողների, մասնավորապես, կանանց եկամուտները: Անշուշտ, գյուղի կանայք կարող են էապես կարևոր ներդրում ունենալ կայուն զարգացման ասպարեզում բոլոր 17 նպատակներին հաջողությամբ հասնելու գործում» , – ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի Գյուղաբնակ կանանց միջազգային օրվա ուղերձում:
WomenNet.am
Լուսանկարը՝ Օքսֆամի,
Ծաղկավանի գյուղատնեսական կոոպերատիվի կանայք
Կարդացեք նաեւ գյուղի կանանց նվիրված՝
«Կինը եւ քաղաքականությունը« թերթի նոր համարը այստեղ
Դիտումների քանակը` 4066