Հնարավորությունների հարթակ նախաձեռնող կանանց համար
Արդեն երրորդ օրն է, ինչ Ծաղկաձորում մեկնարկել է Կանանց Առաջնորդության Ակադեմիա-2013 ծրագիրը: Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) և Հայաստանում ԱՄՆ Խաղաղության Կորպուսի Գենդերային հավասարության և կանանց հզորացման նախաձեռնության (GenEq) համատեղ այս նախագծի նպատակն է հզորացնել և ոգեշնչել մասնակիցներին՝ դառնալու ավելի ակտիվ իրենց համայնքներում և աշխատավայրերում, կառուցելու մարզային մասնագիտական ցանցեր, մշակելու նորարարական ծրագրեր:
Առաջնորդություն, թիմային աշխատանք, ցանցային համագործակցություն, ժամանակի և ռեսուրսների կառավարում, մոտիվացիա… սրանք են այն շեշտադրումները, որոնք կարևորել են կազմակերպիչները՝ փորձելով համախմբել տարբեր ոլորտներում գործող ակտիվ կանանց ու երիտասարդ աղջիկների ու հնարավորություն ընձեռել նրանց իրագործել համատեղ մշակված նախաձեռնություններ: Ծրագիրը առաջին անգամ է իրականացվում, որին մասնակից են դարձել 50 կանայք Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից: Այն բաղկացած է 3 փուլից:
– Սա առաջին փուլն է, որի ընթացքում մեր մենթորների, դասախոսների օգնությամբ մասնակիցները ստանում են բազմաթիվ գիտելիքներ, հմտություններ: Ունենք նաև հրավիրյալ հյուրեր, ովքեր կիսվում են իրենց հաջողված փորձով մասնակիցների հետ, հանդես են գալիս դասախոսությամբ: Իսկ ահա երկրորդ փուլում, կձևավորվեն աշխատանքնային խմբեր, որոնք 4-5 համիսների ընթացքում առնվազն մեկ ծրագիր պետք է ներկայացնեն, դա կարող է լինել և´ սոցիալական համայնքային ծրագիր և´ փոքրիկ բիզնես նախաձեռնություն,- պատմեց մեզ հետ զրույցում ՀԵԿԱ նախագահ Լիլիթ Ասատրյանը:
Նարինե Թադևոսյանը «Հայաստանի մանուկներ» մասնագիտական կողմնորոշման հիմնադրամի ղեկավարն է: Այս ծրագրում հանդես է գալիս, որպես մենթոր, բանախոս.
– Շատ հետաքրքիր խումբ է ձևավորված. մի մասը հասարակական ոլորտում գործող կանայք են, մյուս մասը բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ունենք նաև ուսանողներ: Շատ կարևոր է, որ այս երեք կողմերը համագործակցության առումով հնարավորություն ունեն լինել մեկ դաշտում: Կարծում եմ, նույն տրամաբանությամբ էլ կբաշխվեն նաև խմբերը, կունենաք երիտասարդության, բիզնես ոլորտի, հասարակական դաշտին վերաբերող ծրագեր:
Մարիամ Պողոսյանն էլ ակադեմիայի այս ծրագիր երիտասարդ մասնակիցներից է, սովորում է ԵՊՀ-ի Տնտեսագիտության ֆակուլտետում.
-Նեղ մասնագիտությամբ կառավարիչ եմ, ապագա մենեջեր, ինչի համար կարևոր է լիդերի կարողությունները: Ինձ առաջնորդության ակադեմիան գրավեց հենց այս հմտությունները ստանալու առումով: Նոր ունակություններ, գիտելիքներ, որի շնորհիվ կարծում եմ աշխատաշուկայում ավելի մրցունակ կկարողանամ լինել,- նշում է Մարիամը և հավելում, որ իր համար ամենատպավորիչը ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ հանդիպումն էր.
-Ես միշտ մտածել եմ քաղաքական դաշտում գործելու մասին, բայց ոչ մի ոգևորիչ, դրդիչ փաստ չի եղել, որ կկարողանամ այդ ոլորտ մուտք գործել ու առաջ գնալ, իսկ Զարուուհի Փոստանջյանի ոգևորիչ ելույթը ինձ ստիպեց վերանայել իմ կարծիքը:
Կանանց Առաջնորդության Ակադեմիայի առաջին հյուրերից էր նաև ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը, ով կարևորեց հասարակական կազմակերպությունների դերը երկրում առկա խնդիրների լուծման գործում.
-Եթե առաջ համագործակթությունը տարվում էր կառավարություն-կառավարություն սկզբունքով, ապա այսօր աշխարհը փոխվել է և դեսպանատները փնտրում են ոչ ավանդական գործընկերներ ի դեմս քաղաքացիական հասարակության: Իմ առաջարկն է, որ դուք էլ սկսեք համագործակցել ոչ ավանդական գործընկերների հետ, ովքեր կօգնեն ձեր ծրագրեր իրականցնելուն:
Նա մասնավորապես մատնանշեց տարբեր վարկային և դրամաշնորհային կազմակերպություններ, որոնց կարող են դիմել երիտասարդ գործարարները: Որպես օրինակ պատմեց Մանիկ անունով հայ կնոջ մասին, ով “Կիվա” կազմակերպության միջոցով կարողացել է ստանալ իր գործը սկսելու համար անհրաժեշտ վարկը.”Մանիկը ծրագիր էր ներկայացրել ջերմոց ստեղծելու վերաբերյալ, Կիվայի միջոցով նրան տրամադրվել է հարկավոր գումարը, բայց նա պետք է բավականին բարձր տոկոսադրույքներով վերադարձնի վարկը” , – հավելեց դեսպանը` ողջունելով այս կնոջ համարձակ քայլը և մաղթելով մասնակիցներին հետևել նրա օրինակին:
Լիլիթ Քոչինյան
Կին լիդերները կհամագործակցեն
Տեսանյութը՝ HenaranAkumb -ի
Դիտումների քանակը` 5413