Հղիների թերսնման հետեւանքով երեխաները թերաճ են լինում

Բժշկության մեջ հայտնի փաստ է` առողջ մանկության նախապայմանը առողջ եւ լիարժեք սնուցում ստացած մայրիկ ունենալն է: Ինչպիսի՞ն է իրավիճակն այս առումով  Հայաստանի մարզերում, մասնավորապես, Գեղարքունիքում…  

 

Մեր զրուցակից՝  սեւանցի Կարինե Հարությունյանը (անունը փոխված է) թերեւս այն քչերից է, ով ապրելով սոցիալապես անապահով եւ բազմանդամ ընտանիքում, գիտակցաբար հետեւել է ճիշտ սննդակարգին: Պատմում է, որ թեեւ կաթնամթերք ընդհանրապես չի սիրել, այնուամենայնիվ, օգտագործել է:

 

«Երկու աղջիկներիս հղիությունների դեպքում էլ վիտամիններով հարուստ սնունդ ընդունել եմ, որովհետեւ գիտակցում էի, որ ոչ ճիշտ սննդակարգը հետագայում երեխաներիս վրա վատ կանդրադառնա: Բացի կաթնաշոռից մնացած կաթնատեսակներն օգտագործել եմ, այդ թվում` մրգեր, բանջարեղեններ: Ցավերի դեպքում անգամ ցավազրկող դեղեր չեմ խմել, որ հանկարծ պտուղս դրանից  չտուժի»,- ասում է Կարինեն:

 

Սեւանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Հրաչյա Խալաֆյանի ներկայացմամբ՝ իր պրակտիկայում հաճախ է հանդիպում  թերսնված հղիների եւ նորածինների: «Հղիության ժամանակ կնոջ օրգանիզմում սննդի նկատմամբ պահանջը կրկնապատկվում է: Պտղի սնուցումը պետք է լիարժեք ապահովվի, այն պորտալարի միջոցով է սնուցում ստանում մորից: Թերսնումը կարող է հանգեցնել հղիության ընթացքի շեղումների, պտղի թերզարգացման»,- պարզաբանում է բժիշկը` ընդգծելով, որ հղի կնոջ  սննդակարգը  պետք է ներառի  ածխածիններով, սպիտակուցներով, ճարպերով, վիտամիններով հարուստ սննդատեսակներ:

 

Հայաստանի Առողջապահության նախարարությունը որպես առաջնահերթություն է դիտարկում մոր եւ մանկան  առողջությունը՝ առաջնորդվելով  դեռ 2003-ին ընդունված Մոր եւ մանկան առողջության պահպանման 2003-2015թթ-ի ռազմավարությամբ: Սակայն ռազմավարության իրականացման ճանապարհին լուրջ խոչընդոտ է հանդիասանում աղքատության առկայությունը, որն, ինչպես ցույց են տալիա տարբեր ուսումնասիրությունները  հղիների եւ մանկահասակ երեխաների թերսնուցման հիմնական պատճառներից մեկն է:

 

Աղքատության ցուցանիշները հատկապես բարձր են  մարզերում, ինչը  չի կարող չանդրադառնալ մայրերի եւ երեխաների առողջության վրա: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին` 2013թ-ի տվյալներով Գեղարքունիքի մարզում աղքատության մակարդակը   35,8% է եղել, ինչը  բարձր է միջին հանրապետական  ցուցանիշից ( 32%):   Մարզում աղքատ են երեխաների  39,2 %-ը եւ ծայրահեղ աղքատ 3.3%-ը:  Ընդահնուր առմամբ, աղքատության տեսակետից առավել խոցելի են երեխաներ ունեցող  ընտանիքները,  որոնց շրջանում  աղքատության ռիսկը  կրկնակի  բարձր է միջին հանրապետականից եւ կարող է հասնել  մինչեւ 64,7%:  Արդյունքում, Հայաստանում յուրաքանչյուր հինգերորդ երեխան քրոնիկական թերսնման խնդիր ունի, ինչն անմիջապես ազդում է նրանց ֆիզիկական և մտավոր զարգացման վրա: Դրա մասին են վկայում 2010 -ին անցկացրած Հայաստանի Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության արդյունքները:

 

Սեւանի հանրակացարանի բնակչուհի, չորս  անչափահաս երեխաների  մոր՝  Հերմինեի ընտանիքում  ոչ ոք չի աշխատում: Հացի խնդիրը լուծում են Սեւանում գործող բարեգործական ճաշարանում սնվելով:  «Օրվա մեջ էդ մեկ անգամն ենք հաց ուտում՝ ճաշարանում: Տարբեր ճաշեր են տալիս, էսօր ոսպ են տվել, ժարիտ արած կարտոշկա:  Առաջ  ամուսինս աշխատում էր, կարողանում էի էրեխեքին  լավ կերակրել:  Էս փոքրս ի ծնե կիստա ունի ողնաշարի վրա` պոչուկին, հնարավոր ա, որ վատ սնվելու պատճառով է: Էսօր մեծ աղջիկս էլ գնացել ա դպրոց, թողել էկել ա՝  գլխացավի, սրտխառնոցի պատճառով», – պատմում  է մեզ  Հերմինեն,  ով  ընտանիքին կերակրելու համար անգամ բեռնակրի աշխատանք է կատարել:

 

Սեւանի մեկ այլ բնակչուհի՝ 30-ամյա Համեստ Մարտիրոսյանը, ով  երկու անչափահաս երեխաների մայր է, մեզ հետ զրույցում  պատմեց, որ  չի կարողացել  հղիության ընթացքում  հետեւել  ճիշտ սննդակարգին:   Ասում է, որ կաթնեղեն ընդհանրապես չի օգտագործել, քանի որ չի սիրում: Հնարավորության դեպքում սննդակարգում ներառել է մրգեր, բանջարեղեններ, մսեղեն հազվադեպ է օգտագործել: «Մսեղեն շատ եմ սիրում, բայց գումար չէր լինում, որ ամեն անգամ գնեի:  Կոնսուլտացիաների ընթացքում բժիշկը ասաց, որ սակավարյունություն ունեմ, մսեղեն պիտի շատ օգտագործեմ, քանի որ երկաթ է պարունակում: Բայց ամեն անգամ նման ճոխություն թույլ տալ չէի կարող:  Առաջին երեխայիս դեպքում էլ ունեի սակավարյունություն: Երկու երեխաներս էլ նվազ են ծնվել, քիչ քաշով »,- պատմում է Համեստը: 

 

Իրականում, շատերի  համար   «ճոխություն»  հանդիսացող  միսը  հղիների սննդակարգի անհրաժեշտ  բաղադրատարրերից  մեկն է… Սեւանի պոլիկլինիկայի մանկաբարձ-գինեկոլոգ Արա Խաչատրյանը մեզ հետ զրույցում  ներկայացրեց հղիների  թերսնման հետեւանքները` պտղի ներարգանդային աճի դանդաղում, երկաթ-դեֆիցիտային պակաս, պտղի մոտ թերսնուցման առաջացում, ներարգանդային աճի դանդաղում, վաղաժամ ծննդաբերության ռիսկի մեծացում: Մանկաբարձ-գինեկոլոգի խոսքով` կոնսուլտացիաների ընթացքում թերսնված, շատ հյուծված հղիներ չեն հանդիպում: Պարզապես վերջիններս կարող են նորմալ չսնվել եւ քաշ չհավաքել: Կոնսուլտացիայի ընթացքում նրանց մուլտիվիտամիններ են նշանակվում:

 

«Ցանկալի է, որ մինչեւ 12-13 շաբաթականը կանայք գան կոնսուլտացիայի: Հենց սկզբից էլ կնոջ մոտ կարող է հայտնաբերվել թերսնվածությունը: Ամբողջ հղիության ընթացքում պտուղը շաբաթական 250-300գ քաշ պիտի հավաքի» ,-ասում է նա:

 

Առողջ բալիկ ուենալու համար կարեւոր է ինչպես հղիության ընթացքը, համապատասխան վիտամիններով հարուստ սննդի օգտագործումը, այնպես էլ հետծննդաբերական շրջանում արդեն մայրացած կնոջ եւ նորածնի հետագա խնամքը:  Սեւանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքի վարիչ Հրաչյա Խալաֆյանի դիտարկմամբ ՝  տարիներ առաջ ծննդկանին խավիծ եւ ձվածեղ էին բերում, որպեսզի ուժերը վերականգնի եւ կազդուրվի:   «Այսօր, երբ ասում ես` սնունդ բերեք, քյաբաբ են բերում,  մինչդեռ կոշտ կերակուրները կնոջ մոտ հետեւանքներ են թողնում, բնականաբար դա ազդում է նաեւ կրծքով կերակրվող նորածնի վրա»,- ասում է  Հ. . Խալաֆյանը՝ մատնանշելով եւս մեկ խնդիր:

 

Նրա խոսքով,  այսօրվա մայրերն այնքան էլ  չեն ձգտում երեխային երկար կրծքով կերակրել, մինչդեռ կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Արհեստական կերերը մայրական կաթի հետ չեն համեմատվի, նշում է  բժիշկը ՝  կարեւորելով   անցյալ տարվա նոյեմբերին   ընդունված  «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքը, որի նպատակն էր ապահովել վաղ տարիքի երեխաների առողջ եւ անվտանգ սնուցումը՝  առաջին վեց ամսվա ընթացքում  կրծքով կերակրման խրախուսման միջոցով:

 

Նշենք, որ, Հայաստանի ժողովրդագրության եւ առողջության հարցերի 2010թ-ի հետազոտության տվյալներով,  մինչև վեց ամսական հասակը բացառապես կրծքով կերակրման խորհրդին հետևել են մայրերի միայն մեկ երրորդը (35%-ը): Մինչդեռ  Առաղջապահության նախարարության պնդմամբ՝  կրծքով  սնուցումը  կարող է   Հայաստանում  տարեկան  առնվազն  60 երեխայի կյանք փրկել եւ մայրերը պետք է գիտակցաբար մոտենան այդ հարցին:

 

Հղիների եւ մանկահասակ երեխաների թերսնուցումը,  ինչպես աղքատության, այնպես էլ ընտանիքի  եւ ապագա մայրերի անիրազեկության, համապատասխան գիտելիքների ցածր մակարդակի հետեւանք է: Այս ուղղությամբ  զգալի աշխատանք են տանում տարբեր միջազգային եւ տեղական  կազմակերպությունները, այդ թվում  ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, «Վորլդ Վիժն Հայաստան»-ը եւ Առողջապահության նախարարությունը՝ տարբեր մարզերում կրթելով մայրերին  երեխայի սնուցման, հիգիենայի, պատվաստումների եւ ֆիզիկական զարգացման հարցերի շուրջ: Դասընթացները  2014թ-ի փետրվարից իրականացվող  «Մանուկների եւ վաղ տարիքի երեխաների առողջության եւ սնուցման բարելավում» երկամյա ծրագրի մի մասն են:  Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց եւ երեխաների թերսնումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում՝ ներառյալ  հղիությունը եւ երեխայի երկու տարիները:

 

Արփինե Մինասյան,

Գեղարքունիքի մարզ

 

Դիտումների քանակը` 5980

Գլխավոր էջ