ՀԿ-ները պահանջում են Մարիամ Գևորգյանի գործով դռնբաց դատավարություն
«Ընդդեմ կանանց նկատմամբ » կոալիցիան, որի կազմում միավորվել են 7 հասարակական կազմակերպություններ, այսօր` հունիսի 12-ին ցույց էր անցկացրել նախագահական նստավայրի առջև` պահանջելով, որ սկեսուրի և ամուսնու կողմից դաժան ծեծի և խոշտանգումների ենթարկված Մարիամ Գևորգյանի գործի առնչությամբ դատական նիստերը անցկացվեն դռնբաց ռեժիմով: Ի դեպ, դատարանի հաջորդ նիստը նշանակվել է հունիսի 14-ին, Արտաշատում:
Նիստը դռնփակ անցկացնելու դատարանի որոշումը հարուցել է Արարատի մարզի Տափերական գյուղի ողջ բնակիչների զայրույթը, ովքեր ևս մասնակցում էին ցույցին և պահանջում էին խստագույն պատիժ:
Տուժող կողմը պահանջում է, որ Մարիամն այնպիսի փոխհատուցում ստանա, որ ապաքինվի և’ ֆիզիկապես, և’ հոգեպես: Ցույցի մասնակիցները երկու նամակ են փոխանցել` բողոք դատավորի գործողությունների հետ կապված և նման դատավարությունները բաց իրականացնելու պահանջը: Նրանք համոզված են, որ բաց դատավարությունը կնպաստի առավել արդարացի դատավճիռ կայացնելուն, իսկ հասարակությունը տեղյակ կլինի ընտանեկան բռնությունների ոլորտում կատարված հանցագործությունների մասին, ինչը կնպաստի նմանատիպ հանցագործությունների կանխարգելմանը:
Գյուղի բնակիչներն էլ են այդ կարծիքի. « Թող բաց անեն, որ ժողովուրդն իմանա` հայ ազգի մեջ սենց դաժան մարդիկ կան: Ինքը աղջիկ չունի` հասկացանք, բա մայր չի՞: 4 հոգի տանը տղամարդ է եղել, չի՞ տեսել տղամարդը` իրա ծնողն ի՞նչ է անում, մի բերան չեն ասել` մեր, էս ի՞նչ ես անում: Հիմա էլ տղան գլուխ է գովում` դահլիճից մորս վերցնելու եմ տանեմ: Ինչի՞ վրա է էդքան վստահ, իրա մոր արած գործերի վրա, թե ինչ` չեմ իմանում: Լավ տղա էիր` կնոջդ լավ նայեիր: Ասում են` էնքան փող ունենք` փողը կտանք` կազատվենք: Խի փողո՞վ է ամեն ինչ, բա մեր օրենքն ո՞ւր մնաց…»:
Տուժողի պաշտպան Նոնա Գալստյանը առաջին իսկ նիստից հետո հրավիրած ասուլիսում մտավախություն հայտնեց, որ դռնփակ պայմաններում նախ չի իրականացվի արդար դատաքննություն, նաև հնարավոր է ճնշումներ կգործարկվեն տուժողի, դատախազի նկատմամբ: Տուժող Մարիամ Գեւորգյանն էլ նույն մտավախությունը ունի. «Ուզում եմ, որ բաց լինի դատաքննությունը, որ արդարացի լինի, նաև բոլորը իմանան, որ աշխարհում նման մարդիկ կան»:
Հիշեցնենք, որ Մարիամի սկեսուրը` Հայկանուշ Միքայելյանը, հարսին խոշտանգումների է ենթարկել որդու` Դավիթ Զիրոյանի հետ:
Գևորգյանը Զիրոյանի հետ ամուսնացել է 2009 թ. նոյեմբերին, նույն տարվա դեկտեմբերին տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ աղջկան 10 ամսվա ընթացքում պարբերաբար ծեծի և կտտանքների են ենթարկել:
Երևան վերադառնալուց հետո Գևորգյանը դիմել է ոստիկանություն, ամուսնուն մեղադրանք է առաջադրվել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որոնց համաձայն՝ նրան մինչև 3 տարվա ազատազրկում էր սպասում, սակայն 2011թ. սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ հայտարարված համաներմամբ նա ազատ էր արձակվել։
Հայկանուշ Միքայելյանի դեմ առաջադրվել է մեղադրանք քրեական օրենսգրքի 113 (միջին ծանրության վնասվածնքեր հասցնել) և 119 (խոշտանգում) հոդվածներով:
Փաստաբան Նոնա Գալստյանի խոքով , ներկա հոդվածով սկեսուրին 3–5 տարվա ազատազրկում է սպառնում։ Փաստաբանը հայտնել է նաև, որ Զիրոյանի առաջին կինը հետ է վերցրել իր նախնական ցուցմունքների մի մասը։ Այդ քայլի դրդապատճառները հայտնի չեն, սակայն Գալստյանը նշել է, որ եթե ցուցմունքը չփոխվեր, Հայկանուշ Միքայելյանին առնվազն 7–8 տարվա ազատազրկում կարող էր սպասել։
Կարդացեք նաեւ այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Մերս քեզ ինչ անում ա, դեռ քիչ ա, ավելի շատ պիտի ծեծի»… / վիդեո
Դիտումների քանակը` 3704