Հիշենք նրանց մասին թեկուզ տարին մեկ անգամ
ՄԱԿ-ի օրացույցում կա մի օր, որը կոչված է հասարակությանը տարին գեթ մեկ անգամ հիշեցնելու, թե ինքը որքա՜ն պարտական է գյուղաբնակ կանանց, որքա՜ն արժեքավոր է նրանց աշխատանքը։ Այդ օրը Գյուղաբնակ կանանց համաշխարհային օրն է, որը նշվում է հոկտեմբերի 15-ին։ Այս տարի ՄԱԿ-ը ուշադրություն է հրավիրում գյուղի կանանց տնտեսական հնարավորությունները ընդլայնելու խնդրին, նշելով, որ եթե գյուղաբնակ կանայք ռեսուրսներին հավասար հասանելիություն ունենային, ապա բերքատվությունն այնքան կաճեր, որ հնարավորություն կտար կերակրելու 150 մլն քաղցած մարդկանց:
Չնայած գյուղաբնակ կանայք կազմում են երկրագնդի բնակչության մեկ քառորդից ավելին և հսկայական ավանդ են ներդնում գյուղատնտեսական մթերքների արտադրության գործում, ՄԱԿ-ի գնահատականներով՝ այդ կանանցից 500 միլիոնից ավելին ապրում են չքավորության մեջ։ Նրանք հաճախ հնարավորություն չունեն պաշտպանելու հողի իրենց իրավունքը, օգտվելու կենսականորեն կարևոր ծառայություններից, ինչպիսին են բժշկական սպասարկումը, վարկերը կամ կրթությունը, նրանցից շատերը զրկված են խմելու ջրի, տրանսպորտի, էլեկտրաէներգիայի հնարավորությունից… Նրան հազվադեպ են մասնակցում իրենց շահերը շոշափող որոշումների կայացմանը։ Նրանց առջև անհաղթահարելի պատ են կազմում ամենակոշտ կարծրատիպերը. աշխարհում հենց գյուղն է կանանց խտրականության ենթարկող ավանդույթների ու բարքերի ամենահավատարիմ «պահապանը»…
Ըստ վիճակագրության՝ Հայաստանի գյուղերում բնակվում է բնակչության 37,5%-ը, ընդ որում՝ երկրում աղքատների կեսը գյուղաբնակներն են, իսկ հաշվի առնելով տղամարդկանց արտագաղթը՝ դրանց մեծ մասը կանայք են։ Կյանքի և աշխատանքի պայմանները Հայաստանի մարզերում բավականին ծանր են։ Կանայք հաճախ աշխատում են այնպիսի պայմաններում, որոնք անդառնալի վնաս են հասցնում նրանց առողջությանը, կատարում են ծանր ֆիզիկական աշխատանք։ Գաղտնիք չէ, որ գյուղատնտեսական աշխատանքների մեծ մասը փոքր մեքենայացման բացակայության ու տեխնիկական սպասարկման ծառայությունների թանկության պատճառով կանայք են ձեռքով կատարում։ Աղքատության ֆեմինացման պայմաններում գյուղերում կանայք ծանրաբեռնված են ոչ միայն տանն ու դաշտում, այլև հաճախ զբաղվում են գյուղատնտեսական մթերքների իրացմամբ։
Ծանր և, բացի այդ, ըստ արժանվույն չգնահատվող աշխատանքը գյուղաբնակ կանանց հիմնախնդիրների ընդամենը մի մասն է… Մինչդեռ հենց այդ կանանց շնորհիվ դիմակայեց ու փորձում է զարգանալ հայկական գյուղը։
Հիշենք նրանց մասին, և ցանկալի է ոչ միայն տարին մեկ անգամ…
Լուսանկարը՝ Նինել Հովհաննիսյանի
Դիտումների քանակը` 3559