«Հիմա միայն մի բան եմ ուզում՝ որ խաղաղություն լինի»

Հայրենական Մեծ պատերազմի վետերան Բելլա Վելումյանին հանդիպեցինք իր բնակարանում: Երիտասարդական առույգությամբ ընդառաջ եկող կնոջ տեսքից անհնար էր գուշակել նրա տարիքը: Հետո արդեն՝ զրույցի ընթացքում իմացանք ու հիացանք՝ 92 տարեկան է:

 

Մեծ Հայրենականի  ժամանակ Բելլան 15 տարեկան է եղել՝ 10-րդ դասարանի աշակերտուհի: Պատերազմի պատճառով ստիպված է  եղել միառժամանակ թողնել ուսումն ու օրվա մեջ մի քանի ժամ անցկացնել հացի հերթերում:

 

«Ամեն գիշեր ժամը 3-4-ին  սստիպված էի  գնալ հերթ կանգնել հացի խանութներում: Այն ժամանակ հացը տալոնով էր: Սպասում էի այնքան, մինչև հացը ստանան, որ  գնեմ:Իսկ հացի որակն այնքան վատն  էր, որ դժվար է  նույնիսկ նկարագրել»,- հիշում է նա:

 

Բրյանսկի շրջանում ապրող Բելլայի ընտանիքը 1941-ին էվակուացվում է: Նրանք տեղափոխվում են Ուլյանովսկ, որտեղ 16-ամյա Բելլան քրոջ հետ աշխատանքի է  անցնում զորամասում: Չնայած նրան, որ 7 տասնամյակից ավել է անցել, տիկին Բելլան շատ լավ է  հիշում այդ տարիների հետ կապված ամեն ինչ՝ հրամատարների, գործընկերների անուն ազգանուններից  մինչև  զորամասի համարն ու բազմաթիվ այլ մանրամասներ:«Ես այնքան լավ եմ հիշում այդ ամենը, իսկ օրինակ, մի քանի օր առաջ տեղի ունեցածը կարող է  և չհիշեմ»,- անկեղծանում է նա:

 

Ասում է, որ հատկապես դժվար են եղել պատերազմի սկզբնական ամիսները: Այդ դժվարությունները, սակայն, տղամարդկանց հետ հավասար կիսել են նաև կանայք: «Պատահում էր, ողջ գիշերն աշխատում էինք: Հատկապես այն օրերին, երբ գնացքները գալիս էին վիրավորներին տեղափոխելու, բոլորս պետք է տեղերում լինեինք: Բուժանձնակազմում գրեթե բոլորը կանայք էին»,- պատմում է նա:

 

Պատերազմում Բելլան հարազատներից շատերին է կորցրել. եղբայրներից մեկն անհետ կորել է ու նրանից ոչ մի լուր այդպես էլ չեն ստացել,  մյուս եղբայրը հետ է վերադարձել, բայց առանց ոտքերի, քրոջ ամուսինը ևս անհետ կորել է: Միայն շատ տարիներ անց են իմացել, որ նա մահացել է ճանապարհին՝ տիֆով հիվանդանալուց հետո:

 

Տարիներ շարունակ Բելլան փորձել է գտնել անհետ կորած եղբորը, սակայն ապարդյուն:  «Ինչքան հարցում էինք անում, միշտ նույն պատասխանն էինք ստանում. զոհվածների ու անհետ կորածների ցանկում նրա անունը չկա: Ու վերջ»,- ասում է նա:

 

Զորամասում որպես բուժվիճակագիր աշխատած երիտասարդ աղջիկը զինակիցների հետ շարժվել է առաջ՝ մինչև Լեհաստան: Հենց Լեհաստանում էլ պատերազմի ավարտին հանդիպել է ապագա ամուսնուն՝ Հայաստանից մեկնած զինծառայող Աղասի Վելումյանին:

 

1946թ.-ին երիտասարդ ամուսինները վերադառնում են Հայաստան: Ազգությամբ հրեա, ռուսախոս Բելլային ամուսինը ծանոթացնում է Հայաստանի Տավուշի մարզի Ջողազ՝ այժմյան Բերքաբեր գյուղում բնակվող հարազատների հետ: Կնոջը թողնելով այնտեղ, Աղասին մեկնում է  հերթական գործուղմանը: «Այդ ժամանակ հայերեն ոչ մի բառ չգիտեի, գյուղում էլ ոչ ոք ռուսերեն չգիտեր: Նրանք իմ ասածը չէին հասկանում, ես՝ իրենց: Մի օր էլ ընտանիքի երեխաները որոշեցին ինձ հայերեն սվորեցնել: Ասում էին՝ զալո, ասա կռուշ-կա, ասա՝ լամպուշ-կա,- հիշում է զրուցակիս ու ծիծաղում,- այ, այդպես էին ինձ երեխաները հայերեն սովորեցնում»:

 

Այդուհանդերձ, Բելլան երեք ամսում շատ արագ սովորում է  հայերենն ու սկսում ազատորեն շփվել տեղի հայերի հետ: «Հիմա այնքան եմ սովորել հայերենին, որ երբ ուզում եմ ինչ-որ բառ հիշել, հայերենն անմիջապես միտքս է գալիս, իսկ այ ռուսերենը, երբեմն չեմ կարողանում հիշել»,- ժպտում է նա:

 

Զինվորական ամուսնու հետ տարիներ շարունակ տեղից տեղ տեղափոխված Բելլան Հայաստանը համարում է իր երկրորդ հայրենիքը, բայց և չի մոռանում ծննդավայրի մասին: Նույնն էլ խորհուրդ է տալիս բոլորին: «Մարդիկ պետք է սիրեն իրենց հայրենիքը, հիշեն, թե որտեղ են ծնվել: Ես հիմա էլ երբ փակումեմ աչքերս, հիշում եմ ու տեսնում եմ իմ ծննդավայրը: Ամեն ինչ աչքերիս առաջ է»,- ասում էնա:

 

Թբիլիս, Ստեփանակերտ, Ապարան, Սպիտակ… Վանաձորը Վելումյանների վերջին կանգառն է: Հենց այստեղ են նրանք հիմնավորվել 1961թ.-ից:  «Ապարանում այդ տարիներին դպրոց չկար, երեխաների համար խաղալու, զբաղվելու որևէ պայմաններ չկային: Ավագ դուստրս՝ Լյուդմիլան, այդ ժամանակ 7 տարեկան էր, իսկ մենք չգիտեինք, թե ինչպես լուծենք նրա դպրոց գնալու հարցը; Ստիպված էինք նրան ուղարկել մայրիկիս մոտ՝ Ուլյանովսկ, որտեղ էլ աղջիկս առաջին դասարան գնաց»,- հիշում է տիկին Բելլան:

 

Չնայած ժամանակավոր դժվարություններին, տիկի Բելլան իր ապրած կյանքից գոհ է: « Պետությունն ինձ բարձր թոշակով ապահովել է, երեխաներս  ողջ առողջ են: Ինձ ի՞նչ է պետք: Հիմա միայն մի բան եմ ուզում՝ որ խաղաղություն լինի»,- ասում է նա:

Պատերազմի ավարտից մինչ օրս ամեն մայիսի 9-ին զրուցակիցս զինակիցների հետ դիմավորում է Մեծ Հայրենականի զոհերի հիշատակին կառուցված հուշարձանի մոտ:  «Դեռ տարի չի եղել, որ այդ օրը հուշարձանի մոտ չդիմավորի: Անկախ եղանակից, միշտ գնում է»,- ասում է դուստրը՝ Լյուդմիլան: «Այս տարի էլ եմ գնալու»,- ժպտում է պատերազմի վետերանն ու ցույց տալիս նախորդ տարիներին այդ օրն արված լուսանկարները:

                                                                                                         

Գայանե Սարգսյան

Դիտումների քանակը` 2949

Գլխավոր էջ