Հերմինե Նաղդալյան. «Ցանկացած կուսակցություն կհպարտանար նրանցով »

 

Երեւան քաղաքի ավագանու ընտրություններին  ՀՀԿ կանանց մասնակցության մասին WomenNet.am-ը զրուցում է  ԱԺ փոխնախագահ  եւ կուսակցության Կանանց խորհրդի ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ…

 

«Հանրապետական կուսակցությունը շատ լուրջ է տրամադրված այս   ընտրություններին: Մենք կարեւորում ենք, որ Երեւանի  ավագանի   ընտրվեն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան աշխատանքային փորձ, գիտելիքներ, եւ հմտություն: Քաղաքային տնտեսությունը մեծ է,   ավագանին էլ  կարծես մի փոքրիկ կառավարություն լինի եւ դրա կառավարման համար անհրաժեշտ է բանիմաց եւ հմուտ թիմ: Ավագանու անդամները պետք է ունենան լայն մտահորիզոն, քաղաքական կամք ու գիտելիք, որը զուգակցված լինի կենսափորձի հետ»,  – ասաց Հերմինե Նաղդալյանը՝ հավելելով, որ կուսակցությունը ոչ միայն կարեւորում է տեղական   ընտրությունները այլեւ կարեւորում կանանց մասնակցությունը այդ  ընտրություններին:

 

 

Նրա խոսքերով նախորդ ընտրության ժամանակ էլ ՀՀԿ-ն ավագանու կազմում ուներ կանանց բավական էական մասնակցություն: «Ես էական ասելով առաջին հերթին նկատի ունեմ ոչ թե քանակը, այլ որակը: Հպարտությամբ պետք է ասեմ, որ քաղաքապետարանի կարեւորագուն հանձնաժողովներից մեկը՝ ֆինանսատնտեսականը, ղեկավարում է Նաիրա Նահապետյանը, լուրջ դերակատարություն ուներ նաեւ  Աստղիկ Գեւորգյանը: Նրանք կանայք են, ովքեր պատիվ կբերեն ցանկացած կուսակցության: Այս ընտրություններին էլ ՀՀԿ կանանց խորհուրդն առաջադրումներ է արել եւ առաջարկ արել ցուցակներում ավելացնել այն կանանց անունները, ովքեր ակտիվ աշխատում են Երեւանի շրջանային կազմակերպություններում: Նրանցից  շատերը ընդգրկվել են  անցողիկ տեղերում: Կարծում եմ,  ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո ավագանիում կունենանք կանանց ավելի լայն մասնակցություն ոչ միայն քանակի այլեւ որակի առումով»:

 

Անդրադառնալով կուսակցության ներսում կանանց առաջխաղացման խնդրին Նաղդալյանը նծեց, որ  ՏԻՄ ընտրությունների  հետ կապված  իրականացրեցին կազմակերպչական աշխատանք՞ որի նպատակն էր գտնել  կուսակցության շարքերում  այն կանանց, ովքեր ունեն լիդերական հատկություններ, օժտված են համապատասխան գիտելիքներով եւ փորձով, ունեն հմտություններ:

 

«Մենք նաեւ  լրացուցիչ ուսուցում կազմակերպեցինք նրանց համար, որ նրանք առավել խորանան օրենքների, տնտեսվարման մեջ, որ նրանց այնուհետեւ  առաջադրենք որպես ավագանու կամ համայնքի ղեկավարների թեկնածուներ եւ համապատասխանաբար ընտրությունների ժամանակ էլ նրանց ցուցաբերենք քաղաքական աջակցություն:

 

Չէի ասի որ անցած ՏԻՄ  ընտրություններին փայլուն արդյունք ունեցանք կանանց մասնակցության առումով, բայց սա այն աշխատանքը չէ, որ միանգամից արդյունք տա: Եւս մեկ ընտրությունից հետո փոփոխություններն առավել ակնհայտ կլինեն: Կանայք, ովքեր կուսակցական ակտիվ աշխատանք են կատարում, կշարունակենք կրթել ու գործուղել համայնքային հարթակ: Պետք է շեշտեմ, որ այսօր կան կին գյուղապետեր, ովքեր ՀՀԿ անդամ են եւ հրաշալի աշխատանք են կատարում եւ ցանկացած կուսակցություն կհպարտանար նրանցով, քանի որ նրանք հսկայական գործ են անում եւ ապացուցում, որ եթե կինը խելացի է, բանիմաց, նվիրված ու աշխատասեր, նա կհասնի արդյունքի»:

 

Հ. Հ.

Դիտումների քանակը` 6715

Գլխավոր էջ