Հերմինե Նաղդալյան. «Սերժ Սարգսյանի ծրագրի ուղղվածությունը մարդակենտրոն է. թիրախը մարդն է` և’ կինը, և’ տղամարդը»:
Որքանո՞վ է Հայաստանի Հանրապետական կուսակցության թեկնածուն, ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կարևորում կանանց ներկայությունը քաղաքականության մեջ: Ի՞նչ է արվել և ի՞նչ է արվելու հեռագայում:WomenNet.am-ի այս հարցերին պատասխանում է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:
– Նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը հանրապետության մի շարք համայնքներում գենդերային շեշտադրումներով հանդես եկավ: Մասնավորապես, Սպիտակում, խոսելով գործազրկության մասին, նա ընդգծեց, որ գործազրկությունը հատկապես վտանգավոր չափերի է հասնում կանանց շրջանում, իսկ Ապարանում նշեց, որ ժամանակի ընթացքում կառավարությունը կվերացնի տարբերությունը երեխա ծննդաբերած աշխատող ու չաշխատող կանանց միջև: Հիշեցնենք, դեկրետային արձակուրդում գտնվող մայրերը ամսեկան 18 հազար դրամ են ստանում, մինչդեռ գործազուրկ մայրերը զրկված են այդ նպաստից:
– Ինչպե՞ս է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը վերաբերում կանանց ներկայությանը քաղաքականության մեջ, որքանո՞վ է այս հարցը կարևորվում նրա նախընտրական ծրագրում:
– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես կարևորել է կանանց քաղաքական մասնակցությունը ընդլայնելու և քաղաքականության մեջ կանանց և տղամարդկանց դերակատարումը հավասարեցնելուն ուղղված հիմնախնդիրները: Պատահական չէ, որ դեռևս խորհրդարանական ընտրություններից առաջ, ՀՀԿ 13-րդ համագումարում ունեցած իր ելույթում նա որպես կուսակցության ղեկավար բավական ընդարձակ անդրադարձավ ազգային գոյությունը երաշխավորող ընտանիքի գաղափարին` նրա հենասյուն համարելով հայ կնոջը, ով, նրա համոզմամբ , սակայն, չպետք է լինի միայն խոհանոցի բանտարկյալ: Նախագահը մատնանշեց ՀՀԿ շարքերում կանանց ներգրավվածության աճը` խոստանալով ամեն ինչ անել նրանց մասնակցությունն ավելացնելու, այս միտումը պահպանելու ու զարգացնելու ուղղությամբ` կարևորելով կանանց նվիրումն ու պահպանողականությունը` նոր Հայաստանի կերտման ճանապարհին :
Դրա ապացույցն են թե’ պաշտոնավարման 5 տարիներին այս ուղղությամբ արված էական քայլերն ու բարեփոխումները, և թե’ նախընտրական ծրագրի հիմքում ընկած գաղափարներն ու չափորոշիչները: Սակայն, այստեղ պետք է ընդգծենք, որ ծրագրի ուղղվածությունը ընդհանուր մարդակենտրոն է. թիրախը մարդն է` և’ կինը, և’ տղամարդը: Բոլոր զարգացումները, որոնք նախատեսված են ծրագրով, ուղղված են ստեղծելու արդյունավետ պետական համակարգեր և հզորացնելու հասարակության քաղաքացիական բաղադրիչը և լուրջ նախապայմաններ են հանդիսանալու ազատ և արդար հասարակարգի ձևավորման, կնշանակի նաև` գենդերային բացերը լրացնելու համար:
Այսօրվա կարծրատիպերն այնպիսին են, որ գենդերային բացեր ասելով շատերը հասկանում են հասարակության մեջ հիմնականում այն շեղումները, որոնք հանգեցնում են կանանց իրավունքների ոտնահարմանը, բայց դա երևույթի մի մասն է միայն, քանզի գենդերային շեղումների տակ հասկացվում են նաև տղամարդկանց իրավունքների ոտնահարման կամ անհավասար և ոչ համամասնական ներկայացվածության դեպքերը:
-Ի՞նչ է արվել այս ուղղությամբ նախագահի պաշտոնավարման հինգ տարիներին:
– Կուզենայի նշել, որ 2010 թվականին ՀՀ կառավարությունը ընդունեց գենդերային քաղաքականության պետական հայեցակարգը և հաստատեց գենդերային քաղաքականության 2010-2015 թվականների ռազմավարական ծրագիրը` բազմակողմանի մի ծրագիր, որն ուղղված է տարբեր ոլորտներում սեռերի իրավահավասարության, կանանց դիրքի բարելավման, ինչպես նաև, Հայաստանի հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը:
Կարևոր քայլ, որ արվեց նաև Ընտրական օրենսգրքում կատարված փոփոխությունն էր, ինչի արդյունքում ընդունվեց կանանց ներգրավվածության 20 տոկոսանոց քվոտան. սա ոչ թե պարզապես քվոտա է, այլ` հասցեական` ամեն հնգյակում մեկ կին: Սրանով վերացվում է մի թերություն, որը մեր օրենսդրության մեջ դեռևս 5 տոկոսանոց քվոտայի ներմուծման ժամանակից մշտապես թույլ է տվել խախտել կամ շրջանցել այս դրույթը: Արդյունքում, խորհրդարանում կանանց թիվը հասավ 14-ի, որը գերազանցում է 10 տոկոսը, և այստեղ հատկանշական է, որ միայն ՀՀկ-ն առաջադրեց և խորհրդարան գործուղեց ինը կին: Այսօր օրենսդիր մարմնում կին փոխխոսնակ կա, հանձնաժողովների 2 նախագահ և 3 փոխնախագահ:
Հաջորդ կարևոր խնդիրը, որն առաջ քաշվեց նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիների ընթացքում վերաբերում էր ՏԻՄ համակարգում կանանց ներգրավվածության էական փոփոխմանը: Հայտնի է, որ տեղական ինքնակառավարման որակը այսօր հեռու է ժամանակի պահանջներից: Փաստ է նաև, որ քաղաքական կուսակցությունները ՏԻՄ ընտրությունները երկրի քաղաքական կյանքի առաջնահերթ երևույթ չեն համարում և ակտիվ չեն այդ ընտրություններում: ՏԻՄ ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցությունը , առաջինը և միակը քաղաքական կուսակցությունների մեջ, հանդես եկավ այն պլատֆորմով, որի հիմքում ընկած էր մեկ հիմնական գաղափար` մեր շարքերում փնտրենք և գտնենք այն կանանց, ովքեր ունեն ընդգծված լիդերային հատկանիշներ, կայուն գիտելիքներ, կարող են աշխատել տեղական ինքնակառավարման մարմիններում, աջակցել նրանց ` անհրաժեշտ ուսուցում կազմակերպելով և քաղաքական փորձառության պակասը լրացնելով, որից հետո առաջադրել և քաղաքական օժանդակություն ցույց տալ ՏԻՄ ընտրություններում: Սա, կրկնում եմ, առաջին անգամն էր, երբ քաղաքական կուսակցությունը դրսևորեց նման մոտեցում: Մեր կողմից ևս առաջին քայլն է կատարվում և արդյունքները դեռևս առջևում են լինելու: Իհարկե ընտրողն է որոշում, թե քանի կին և կոնկրետ ովքեր կընտրվեն, բայց, վստահ եմ, որ հետևողական աշխատանքը և լուրջ մոտեցումը այս խնդրին անպայմանորեն իր արդյունքը տալու է:
2012 թվականին ՏԻՄ ընտրություններում աճեց ավագանի ընտրված կանանց թիվը, ընդ որում, ինչպես գյուղական, այնպես էլ, որը շատ էական է, քաղաքային համայնքներում, որտեղ կանայք միշտ շատ քիչ են ներկայացված եղել. Իհարկե, դեռ քիչ են կին համայնքապետերը և ընդհանրապես չունենք կին քաղաքապետեր, բայց կարծում եմ, որ ավագանիում ներգրավված և աշխատանքային փորձառություն ձեռք բերած կանայք լուրջ մրցակիցներ կլինեն գալիք ընտրություններում:
Գործադիր իշխանության մեջ այսօր որոշ առաջադիմություն կա`մենք ունենք 2 կին նախարար և աճել է կին փոխնախարարների թիվը` հասնելով 6-ի: Նշենք, որ ընդհանրապես քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում կանայք կազմում են ընդամենը 11 տոկոս, և իհարկե կա մեծ անհավասարակշռություն: Սա նշանակում է, որ այստեղ մենք դեռևս մեծ անելիքներ ունենք` կանանց մտավոր ներուժը և կազմակերպչական հնարավորությունները մեր երկրի զարգացմանը ծառայեցնելու գործում:
Կուզեի նշել ևս մեկ հատկանշական հանգամանք, որը վերաբերում է ներկուսակցական կյանքին և ներկուսակցական դեմոկրատիայի նշան է` Սերժ Սարգսյանի օրոք արմատական փոփոխություն կատարվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավար մարմնի կազմավորման գործում. առաջին անգամ, 20-ից ավելի տարիների ընթացքում, կուսակցության խորհրդի կազմում ունենք 17 կին, իսկ գործադիր մարմնում`2:
Եվս մի էական քայլ` հասարակական սեկտորի հետ համատեղ ( իսկ հայտնի է, որ կանանց հասարակական կազմակերպությունները մեր երկրում առավելապես ակտիվ և հեղինակավոր են) երկարատև, մի քանի փուլով քննարկումների ու լսումների արդյունքում`2012-ին առաջին ընթերցմամբ, իսկ 2013-ին արդեն ամբողջությամբ ընդունված` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագիծն է, որը անհրաժեշտ և էական քայլ էր: Օրենքը սահմանում է քաղաքական, սոցիալական, տնտեսական և մի շարք այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման երաշխիքներ ու կարգավորում է դրանց առնչությամբ ծագող հարաբերությունները: Օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա, անգամ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ հիմնավորումներ ունի և, ի վերջո, կլուծի գենդերային հավասարության խնդիրը, ինչպես նաև, կարող է հանդիսանալ ազգային վարվելակերպի և մտածողության փոփոխման հիմք:
Զրուցեց՝
Էնզելա Մակարյանը
Դիտումների քանակը` 4430