Հերմինե Նաղդալյան. «Սա քաղաքական նշանակության ոտնձգություն էր երկրի, իշխանության դեմ»

 

«Պարույր Հայրիկյանի դեմ իրականացրած մահափորձը միանշանակ դատապարտելի արարք է: Ակնհայտորեն երեւաց, որ կան ուժեր, որոնց համար, փաստորեն, ընտրությունների խաղաղ ընթացքն անհանդուրժելի էր: Այո, այսօր արդեն շատ վարկածներ են առաջ քաշվում և ես էլ այն կարծիքին եմ, որ այդ ուժերը կարող են լինել թե ներսից, և թե դրսից, որոնց համար ամուր և լեգիտիմ ՀՀ նախագահ ունենալը ձեռնտու չէ», – ասաց  WomenNet.am –ի հետ զրույցում  ԱԺ ՀՀԿ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյան

 

– Այն կարծիքին եմ նաև, որ սա քաղաքական նշանակության ոտնձգություն էր երկրի, իշխանության դեմ, որով փորձ արվեց արյունալի ստվեր գցել մեր կողմից անցկացվող ընտրությունների անցնցում և հանդուրժողական մթնոլորտի վրա: Իսկ մենք անցած օրերին ականատեսը եղանք, թե ինչ քաղաքակիրթ նախընտրական քարոզարշավ էր ընթանում:

 

Վստահ եմ, մենք չենք ընկրկելու և նմանատիպ սադրանքներն իրենց նպատակին չեն հասնելու, Հայաստանը կատարելու է իր գերխնդիրը և մենք գնալու ենք մեր նախընտրած ուղով` անցկացնելու ենք օրինավոր ընտրություններ: Եվ որ ամենակարևորն է` ի դեմս Սերժ Սարգսյանի Հայաստանն ունենալու է լեգիտիմ և ամուր նախագահ:

 

Պարույր Հայրիկյանին մաղթում եմ շուտափույթ ապաքինում և վերադարձ ակտիվ գործունեության:

Դիտումների քանակը` 3307

Գլխավոր էջ