Հենրիետ Արենս. « Ավելի շատ լսել երեխաների ու երիտասարդների ձայնը»

Մեր զրուցակիցն է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Հենրիետ Արենսը, ով ավարտում է իր առաքելությունը մեր երկրում: Այս տարվա հունիսին հաստատված` 2016-2020 թվականների ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործունեության ծրագիրը, կարելի է ասել, իր իսկ աշխատանքի անցած չորս տարիների լավագույն ամփոփումն է: Ի՞նչ տպավորություններով է նա հեռանում Հայաստանից, հաջողվե՞ց արդյոք կյանքի կոչել այն գաղափարները, որոնցով եկել էր Հայաստան …

 

– Ինձ համար մեծ պատիվ էր աշխատել Հայաստանում: Իմ սկզբնական սպասելիքների ու կատարված աշխատանքի առումով ասեմ, որ այս տարիների ընթացքում փորձել եմ անել առավելագույնը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հիմնական գաղափարը կյանքի կոչելու համար՝ աշխարհին նայել երեխաների աչքերով և պաշտպանել նրանց իրավունքները:

 

Կարծում եմ` այս ժամանակահատվածում Կառավարությունն էլ բավականին փոխեց իր մոտեցումները, առաջին հերթին, ներառական կրթության, նաև մանկատների և խնամքի հաստատությունների վերաբերյալ: Այսօր ավելի շատ ուշադրություն է դարձվում երեխաների խնամքի այլընտրանքային տեսակներին: Զարգանում է խնամատար ընտանիքի ինստիտուտը, ցերեկային կենտրոններ են ավելի շատ ստեղծվում, մի խոսքով` պետական մակարդակով էլ են կիսում ՅՈՒՆԻՍԵՖ-ի այն պատկերացումը, որ երեխան պետք է ապրի և դաստիարակվի ընտանիքում, և ներդրումներն էլ հենց այս ուղղությամբ պետք է կատարվեն:

 

Դրա հետ մեկտեղ, երբ Հայաստան եկա, այսօրվա խնդիրներից ոչ բոլորն էին օրակարգում: Օրինակ` պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման հիմնախնդրի մասին գրեթե չէր խոսվում Կառավարության մակարդակով: Ներառական կրթության ներդրման առումով պարզ չէր` ո´ր դպրոցները պետք է լինեն ներառական, քանի՞սը պետք է այդպիսին լինեն: Օրակարգային չէր նաև մոր և մանկան սննդի հարցը, կրծքով կերակրելուն կարևորություն չէր տրվում, իսկ այսօր արդեն այս բոլոր հարցերը ՀՀ Կառավարության օրակարգում են` նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջնորդությամբ ու համագործակցությամբ:

 

Տարբեր ուղղություններով ենք աշխատել, բայց դրանցից ես հատկապես կառանձնացնեի հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների իրացման հետ կատարված աշխատանքը: Իմ առաքելության մեկնարկի թերևս առաջին հարցն էր՝ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունքը, ինչը մեծ նշանակություն ունի երեխայի ապագայի համար:

 

– Եվ ինչպիսի՞ն է, ըստ Ձեզ, հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ հասարակության վերաբերմունքն այսօր:

 

– Եթե խոսենք հաշմանդամություն ունեցող երեխաների մասին, ապա հատկապես մտավոր հաշմանդամություն ունեցողներն են առավել խոցելի: Ես գիտեմ, որ նրանց հաճախ դպրոց չեն ընդունում, նրանց շուրջը շատ դեպքերում անառողջ մթնոլորտ է ստեղծվում, ծնողներից ու բարեկամներից շատերը անհարմար են զգում նման երեխա ունենալուց: Այդ ամենը կարծրատիպերի հետևանք է, և այս ուղղությամբ է, որ պետք է աշխատանք կատարվի:

 

Բացի դրանից, հաշմանդամություն ունեցող երեխաների հաշվառման հետ խնդիրներ կան, հստակ չգիտենք, թե որքա´ն է այդ երեխաների թիվը երկրում: Անհանգստացնող են դեպքերը, երբ ծնողները հրաժարվում են հաշմանդամություն ունեցող երեխայից, և նրանք մնում են պետության խնամքին:

 

– Այս տարիների ընթացքում սերտ համագործակցելով Կառավարության հետ ինչպե՞ս եք գնահատում ներառականության գաղափարի ներդրման հեռանկարները Հայաստանում և Կառավարության ջանքերն այս ուղղությամբ:

 

– Ես շատ դրական եմ գնահատում արդեն իսկ արված քայլերը, որովհետև երբ Կառավարությունն օրենսդրորեն է ամրագրում այս կամ այն գործողությունները՝ միտված բոլոր երեխաների զարգացման համար հավասար հնարավորություններ ապահովելուն, ապա դա միայն ողջունելի է: Իհարկե, եթե հարցնեք՝ արդյոք արված քայլերը բավարա՞ր են, կամ ամբողջ ուժով աշխատա՞նք է կատարվում այդ ուղղությամբ, ապա ես բացասական պատասխան կտամ: Դեռևս շատ խնդիրներ կան նույն այդ ներառական կրթության ոլորտում, այդ թվում` շենքային պայմանների ապահովման, ուսուցիչների վերապատրաստման և այլն: Ասենք` եթե դպրոցը համարվում է ներառական ու պետությունից համապատասխան միջոցներ է ստանում, բայց շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ապա նրանց` դպրոց հաճախելու և բոլորի հետ հավասար կրթություն ստանալու հնարավորությունը, ըստ էության, ապահովված չէ: Բացի այդ, հաճախ ուսուցիչները բավականաչափ վերապատրաստված չեն, որպեսզի կարողանան հաշմանդամություն ունեցող երեխաների հետ աշխատել:

 

Դրա հետ մեկտեղ, չեմ կարող դրական չգնահատել այն ուսումնական պլանները, որ նախատեսվում են հաշմանդամություն ունեցող երեխաների համար, քանի որ դա հենց այն մեկնակետն է, որը հետագայում հնարավոր կդարձնի հավասար պայմանների ապահովումն ու կրթությունը բոլորի համար:

 

Հաշմանդամություն ունեցող երեխաների` հասարակությանը ինտեգրմանն առնչվող հարցերում չմոռանանք այն հանգամանքը, որ նրանց ծնողները երբեմն չափազանց կաշկանդված են և այդ կաշկանդվածության պատճառով հաճախակի ցանկություն էլ չեն հայտնում իրենց երեխաներին հասարակության լիիրավ անդամ դարձնել: Այդ առումով մենք աշխատում ենք նրանց աջակցել, որպեսզի չհուսալքվեն և կարողանան օգնել իրենց երեխաներին:

 

– Տիկին Արենս, ի՞նչ կասեք պետության կողմից որդեգրված` խնամքի հաստատությունները բեռնաթափելու քաղաքականության և խնամատար ընտանիքի ինստիտուտի մասին: Արդեն տասը տարի է, ինչ այդ ինստիտուտը ներդրված է Հայաստանում, բայց նման ընտանիքների թիվը գրեթե չի ավելանում: Բացի այդ, թեպետ պետությունը վերջերս պատրաստակամություն հայտնեց խնամատար ընտանիքների վարձատրությունը նախկին 80 հազարի փոխարեն դարձնել 120 հազար դրամ, բայց միևնույն ժամանակ սոցիալական խնդիրների պատճառով իրենց երեխային խնամքի հաստատություն հանձնած կենսաբանական ընտանիքները չեն կարող օգտվել այս հնարավորությունից…

 

– Այո´, իրավացի եք՝ Հայաստանում խնամատար ընտանիքների թիվը սահմանափակ է, ընդամենը 25 ընտանիք, որտեղ խնամվում է 65 երեխա: Պատճառն այն է, որ բյուջեում համապատասխան միջոցները չեն բավարարում: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կարողանանք ավելացնել միջոցները, որ ընտանիքների և երեխաների քանակը նույնպես ավելանա:

 

Ինչ վերաբերում է կենսաբանական ընտանիքներին, որոնք սոցիալական ծանր պայմանների պատճառով չեն կարող սեփական երեխաներին վերադարձնել ընտանիք, ապա ես պետք է ցավով նշեմ, որ օրենքը ֆինանսական աջակցության հնարավորություն չի նախատեսում ոչ միայն նրանց, այլև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հարազատների համար՝ տատիկ-պապիկներին, որոնք պատրաստ են խնամակալ հանդես գալու: Եվ մենք հիմա փորձում ենք այդ հարցը լուծել ոչ թե ընդհանուր սկզբունքով, այլ առանձին վերլուծություն կատարելով՝ առաջարկելով յուրաքանչյուր ընտանիքի դեպքն ուսումնասիրել, քննության առնել պայմանները և տեսնել, թե արդյոք նպատակահարմա՞ր է աջակցություն ցուցաբերել, թե՞ ոչ: Այսինքն՝ արդյոք այդ 120 հազար դրամը այդ ընտանիքի ուրիշ սոցիալական հարց չի՞ լուծելու և ամբողջությամբ գնալու է երեխայի առողջության պահպանման ծախսերը հոգալու վրա, որովհետև երեխաներից շատերը նաև առողջական խնդիրներ ունեն: Մենք առաջարկում ենք ներդնել մի համակարգ, որը առանձին դեպքեր կուսումնասիրի և կբացահայտի յուրաքանչյուր երեխայի խնդիրը:

 

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից տրամադրվելու է տեխնիկական աջակցություն, կան գործիքներ, և կան հատուկ ձևաթղթեր, որոնց օգնությամբ կատարվելու է այդ վերլուծություն-գնահատումը: Ինչպես նաև կատարվելու է ներառական դպրոցների մանկավարժների վերապատրաստումը, սոցիալական աշխատողների վերապատրաստումը և այլն: Այս ամբողջ անցման շրջանի ծախսերը կատարվելու են միջազգային կազմակերպությունների` ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ և այլոց միջոցներով: Իսկ ինչ վերաբերում է համակարգի հետագա շահագործմանն ու պահպանմանը, ապա դա մնալու է Կառավարության բյուջեի հաշվեկշռում:

 

– Դուք անդրադարձաք նաև պտղի սեռով պայմանավորված աբորտների խնդրին, որը լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: Վերջին շրջանում այս ուղղությամբ տարբեր աշխատանքներ են կատարվում, գոնե իրազեկման մակարդակի բարձրացում, օրենսդրական փոփոխություններ և այլն: Ի՞նչ չափով կարող ենք լավատես լինել:

 

– Եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, այսինքն՝ լինեն սոցիալական նույն պայմանները, եթե մարդիկ չձգտեն շատ երեխաներ ունենալ, իսկ ունենալուց էլ` ունենան մեկ-երկու երեխա, ապա հաշվի առնելով այսօրվա տեխնոլոգիական հնարավորությունները, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ որոշելու սեռը, ապա չեմ կարծում, թե դրական միտումներ կարող են լինել: Բացի այդ, այս գործընթացները Հայաստանում շարունակվում են երկու տասնամյակ, դրանք նոր երևույթ չեն: Այս ամենի հիմքում արական սեռի ավանդական գերակայությունն է՝ հայկական ընտանիքներում տղան միշտ համարվել է ավելի բարձր արժեք, քան աղջիկ երեխան: Ու քանի որ դա արմատավորված ավանդույթների հետ կապված խնդիր է, ապա առանձին միջոցառումներով այս երևույթի դեմն առնելը հնարավոր չէ: Դրա համար անհրաժեշտ է մի շարք միջոցառումների ու գործիքների համակցություն: Միաժամանակ փորձը ցույց է տալիս, որ արգելող միջոցները որևէ օգուտ չեն տա, այստեղ այլ մոտեցում է հարկավոր, այդ թվում` գենդերային հավասարության հաստատման ուղղությամբ:

 

– Ձեր առաքելության ընթացքում Դուք ղեկավարել եք նաև ՄԱԿ-ի գենդերային խումբը, որը միավորում է խնդրով զբաղվող միջազգային և տեղական կազմակերպությունների, ինչպես նաև Կառավարության ներկայացուցիչներին: Ինչպե՞ս կգնահատեիք գենդերային հավասարությանն ուղղված քաղաքականությունը Հայաստանում:

 

– Հայաստանում կան մշակութային ավանդույթներ ու նորմեր, որոնք ստեղծում են համապատասխան պայմաններ գենդերային անհավասարության համար և պայմանավորում այդ հարցի նկատմամբ վերաբերմունքը: Եթե խոսում ենք գենդերային անհավասարության այնպիսի դրսևորման մասին, ինչպիսին է ընտանեկան բռնությունը, ապա այս երևույթի նկատմամբ վերաբերմունքի մեջ փոփոխություններ կան, այդ թվում` այն կազմակերպությունների շնորհիվ, որոնք զբաղվում են ընտանեկան բռնության խնդրով ու համապատասխան ծառայություններ մատուցում: Այս առումով դրական միտումներ եմ տեսնում, քանի որ գոյություն ունեն գործիքակազմ ու պետական ծրագիր գենդերային բռնությունը հաղթահարելու ուղղությամբ, ուղղակի աշխատանքը պետք է շարունակվի:

 

Կարևոր է նաև մարդկանց բացատրել, թե ի´նչ է գենդերային հավասարությունը, մատնանշել անհավասարության դրսևորումները ու զրուցել դրանց մասին թե´ ընտանիքներում, թե´ երեխաների հետ: Օրինակ` դիտարկելով կրթական համակարգը, տեսնում ենք, որ այնտեղ հիմնականում կանայք են աշխատում: Կամ` կրթության մակարդակը դիտարկելով, տեսնում ենք, որ բարձրագույն կրթություն ստանալու հարցում էլ գերակշռում են կանայք: Սակայն դա դեռևս չի նշանակում, որ կանայք ունեն տղամարդկանց հետ նույն հնարավորությունները վարձատրության կամ աշխատանքի տեղավորվելու հարցերում…

 

Նշեմ սակայն, որ ամեն անգամ, երբ գենդերային խնդիրների մասին է խոսվում, մարդիկ, չգիտես ինչու, միանգամից պատկերացնում են միայն կանանց, բայց եկեք չմոռանանք նաև տղամարդկանց մասին, չէ՞ որ «գենդեր» տերմինի միջոցով նկարագրվում է և´ արական, և´ իգական սեռի կարգավիճակը հասարակության մեջ: Ուրեմն երբեմն հիշենք նաև տղամարդկանց մասին և ապահովենք հավասար իրավունքներ և հավասար հնարավորություններ և´ կանանց, և´ տղամարդկանց համար:

 

– Տիկին Արենս, և վերջին հարցը՝ ո՞ր երկրում եք շարունակելու Ձեր գործունեությունը, եթե իհարկե արդեն հայտնի է, և ո՞վ է փոխարինելու Ձեզ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակում:

 

– Իմ հաջորդ առաքելությունը լինելու է Հնդկաստանում` Նյու Դելիում: Ինչ վերաբերում է հարցին, թե ով է ինձ փոխարինելու, ապա, այո´, ես գիտեմ այդ մասին, բայց քանի դեռ համապատասխան ընթացակարգեր կան անցնելու, ես այդ մասին կլռեմ: Միայն կարող եմ ասել, որ ինձ փոխարինողը կին է, բարձր պրոֆեսիոնալ ու գործի մասնագետ, և շատ ուրախ կլինեմ, եթե նրա թեկնածությունը հաստատվի:

 

– Նաև ձեր հրաժեշտի ուղերձը …

 

Հորդորս հետևյալն է՝ լսել երիտասարդների ու երեխաների ձայնը: Առավել ևս, երբ նրանք փորձում են պաշտպանել իրենց իրավունքները ու ցանկություն հայտնում իրենց նպաստը ներդնել պետության զարգացման ու կայացման գործում: Ես խորհուրդ կտայի Կառավարությանը ավելի շատ լսել երիտասարդների ու երեխաների ձայնը…

Զրուցեց Լիա Խոջոյանը

 

Հ.Գ. Երեկ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսին` իր առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել տիկին Արենսի գործունեությունը և շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության համար՝ պարգևատրելով Հենրիետ Արենսին ՀՀ վարչապետի անվանական ժամացույցով:

 

Դիտումների քանակը` 5051

Գլխավոր էջ