Հենրիետա Մխիթարյան. «Վետերաններն այնքա՜ն շատ կարիք ունեն ուշադրության»
Հայրենական Մեծ պատերազմի վետերանների Վանաձորի խորհրդի կանանց բաժնի ղեկավար Հենրիետա Մխիթարյանը ծնողների հետ հայտնվել է Լենինգրադի շրջափակման մեջ , երբ դեռ 2-3 տարեկան էր:
«Ծնունդով ղարաքիլիսեցի հայրս 1937թ.-ին եկել էր Լենինգրադ՝ սովորելու տեղի ինստիտուտի արևելյան լեզուների բաժնում: Միաժամանակ նաև ընկերների հետ աշակերտում էր Լենինգրադի պատկերասրահի տնօրեն Իոսիֆ Օրբելու մոտ: 1938թ.-ին հայրս հանդիպում է բալետմայստեր մորս ու ամուսնանում նրա հետ»,- պատմում է Հենրիետան:
Երիտասարդ ընտանիքը առաջին զավակի անվանակոչման պատիվը վստահում է պատկերասրահի տնօրենին, ով աղջկա համար ընտրում է Հենրիետա անունը: «Դա Կարլ Մարքսի մոր անունն է: Քանի որ Օրբելին պատմաբան էր, իմ համար պատմական անուն է ընտրում»,- կատակում է զրուցակիցս:
Ավելի ուշ՝ 1941-ին ծնվում է եղբայրը՝ Գրիշան: Ընտանեկան անդորրը, սակայն, խաթարվում է պատերազմից հետո: Հազարավոր ընտանիքների հետ շրջափակման մեջ հայտնված Մխիթարյանները կանգնում են օրվա խնդրի առաջ: Ծնունդով լոռեցի՝ ծառ ու թփին քաջածանոթ հայրը ամեն օր շրջում է հարակից անտառներով ու հավաքում հնարավոր ամենը, ինչը կարելի է ուտել: Չնայած նրա բոլոր ջանքերին, ծնողները եղբորը չեն կարողանում փրկել. 4 ամսականում նա մահանում է սովից:
Մի օր, երբ հերթական ռումբը պայթում է Մխիթարյանների հյուրասենյակում, հայրը որոշում է մինուճար աղջկան փրկելու համար կնոջն ու դստերը հերթական խմբի հետ ուղարկել Հայաստան: «Մինչև հիմա ինձ թվում է, որ ես լսել եմ ռումբի պայթյունը, այդ ձայնը ամբողջ կյանքում ականջներիս մեջ է»,- ասում է Հ. Մխիթարյանը:
Հայաստանում Հենրիետան մոր հետ հաստատվում է տատիկի ու պապիկի տանը՝ Կիրովականում: Հայրը նրանց է միանում մի քանի տարի անց: Մինչ այդ Լենինգրադում բնակվող մի քանի հայ երիտասարդներով համախմբվում են պատկերասրահի տնօրենի շուրջ ու նրա հրահանգով աջակցում թանկարժեք գրքերն ու ձեռագրերը թաքցնելու, պահպանելու, նաև շրջափակման ու սովի ճիրաններում դիմակայող ընտանիքներին աջակցելու հարցում:
Բալետմայստեր մայրը Հայաստանում ստիպված է լինում ընդմիշտ մոռանալ բալետի մասին ու աշխատանքի անցնել դպրոցում՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Պատերազմից տարիներ անց մայիսի 9-ին ընդառաջ Հենրիտային պարբերաբար հրավիրել են Լենինգրադ: Ծննդավայրին կարոտած կինը առաջին անգամ գնում, տեսնում է Լենինգրադն ու վերադառնում թախիծով լի: «Շատ էի ուզում գնալ ծննդավայրս տեսնել, բայց երբ գնացի, չկարողացա մնալ: Քաղաքի շենքերն ասես ինձ նայելիս ու պատմելիս լինեին պատերազմի ցավը»,- հիշում է Հենրիետան:
Կիրովականում՝ այժմյան Վանաձորում հաստատված Հենրիետային 2005-ին առաջարկում են ղեկավարել Հայրենական Մեծ պատերազմի վետերանների Վանաձորի խորհրդի կանանց բաժինը: Սիրով համաձայնվում է: «Այն ժամանակ պատերազմի 48 կին-վետերան ունեինք խորհրդի կազմում: Նրանցից 8-ը Լենինգրադի բլոկադայում էին գտնվել, մի քանիսը մասնակցել էին պատերազմին՝ աղջիկների գումարտակի կազմում: Հիմա նրանցից շատերը չկան: Մնացել ենք 8 կանանցով»,- թախիծով է հիշում Հենրիետան:
Վետերան կանայք Հենրիետային հաճախ են դիմում դեղորայքի ձեռք բերման, ձեռնափայտի անհրաժեշտության, սոցիալական աջակցության, ներհամայնքային տրանսպորտով անվճար երթևեկելու ու էլի հազար ու մի հարցերով: Ինքն էլ լսում է բոլորին, սակայն օգնել ոչ միշտ է կարողանում: Ասում է՝ վետերանների նկատմամբ ուշադրությունը նվազել է, իսկ վետերաններն այնքա՜ն շատ ունեն այդ ուշադրության կարիքը:
Պատերազմի հիշողությունները Հենրիետան ամփոփել է ձեռքի աշխատանքներում: Հայրենական մեծ պատերազմի մոտիվներով աշխատանքներին հաջորդել են Արցախյան հերոսամարտը խորհրդանշող գործերը:
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 2711