Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

ՕԵԿ-ական պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Խաչիկ Սարգսյանի, Հովհաննես Մարգարյանի ու արդեն նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանի հեղինակած «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծն ԱԺ է ներկայացվել 2011 թվականի ապրիլին, մեկ ամիս անց ընդունվել է առաջին ընթերցմամբ, դրանից հետո ամեն նիստի օրակարգում ընդգրկվում է, սակայն քննարկման չի դրվում:

 

«Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը WomenNet.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ օրինագծի ընդունման ձգձգումը միտումնավոր է.

 

«Հինգ րոպեի բան է, թողել են, ոչինչ էլ չեն անում: Միանշանակ ձգձգումը միտումնավոր է, որովհետև  ես տեսնում եմ արտահերթ նիստեր, նախագծեր, որոնց վերաբերյալ ժամերով, օրերով քննարկումներ են տեղի ունենում: Այս նախագիծն անցել է քննարկման փուլը, երկրորդ ընթերցման համար առաջարկություններ չեն եղել, ընդամենը հինգ րոպե է տևելու, հարց ունեն՝ տան, չունեն՝ քվեարկության դնեն, ընդունեն: Մի տարուց ավել է՝ ձգվում է: Մի նախադասություն է ընդամենը»:

 

Մայիսի 18-ին ԱԺ նիստում  օրակարգի 20-րդ կետի՝ «Սննդամթերքի անվտագության մասին օրենքում» լրացումներ կատարելու նախագծի հրատապ ընդունման կարևորության մասին բարձրաձայնեց նաև Օրինաց երկիր խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը. «Խիստ անհրաժեշտ է, որ օրենքի նախագիծը դրվի քվեարկության և ընդունվի: Բազմաթիվ դեպքեր են լինում, որ իբր մեծ հրատապությամբ օրենքներ են բերվում 24 ժամյա ռեժիմով 2-րդ և 3-րդ ընթերցում են անցնում այն դեպքում, երբ դրանք չեն վերաբերում հանրային առողջությանը: Այս օրինագիծը վերաբերում է հանրային առողջությանը և անհրաժեշտ է, որ այն առավել հրատապ քննարկման, քվեարկության դրվի ու ընդունվի»:

 

Ներկայացնելով նախագծով առաջարկվող լրացումները Բիշարյանը մանրամասնեց, որ սահմանվում է կաթնամթերքի վրա այնպայման մակնշել, թե այն ինչ հումքից է պատրաստված. «Այսօր մենք չգիտենք, թե շուկայում վաճառվող կաթնամթերքն ինչ բաղադրություն ունի, այն կաթի փոշո՞ւց, թե՞ բնական կաթից է պատրաստված: Դրանով պայմանավորված մենք կհասկանանք թե գնային քաղքականությունը, թե որակական հատկանիշները: Այսօր մենք պանիր ենք ուտում, բայց չգիտենք ինչի՞ց է պատրաստված, մածունը ինչի՞ց է: Դրանց վրա պետք է հստակ նշված լինի, թե ինչից են պատրաստված, ունենան տարբեր արժեքներ, սպառողն էլ ինքը ընտրի, թե որն է ցանկանում գնել: Ես ունեմ փոքրիկ երեխա, ուզում եմ նրան բնական կաթից պատրաստված թթվասեր կամ այլ մթերք տալ, բայց չգիտեմ դրա մեջ ինչ կա, բա ես չիմանամ՝ ի՞նչ եմ ուտում, էս որ դարն է»:

 

Նախագծի իրականացումը արտադրողների համար լրացուցիչ ծախսեր չի առաջացնելու. «Ինչ ասես գրում են՝ բնական, էկոլոգիական հումքից, բիոկաթ և այլն: Թող ճիշտը գրեն, սպառողը որոշի՝ ինչ առնել, կամ էլ առնելուց իմանա՝ հաստատ կաթի փոշի է կամ բնական կաթ»:

 

Օրենքով նախատեսված լրացումները կատարելուց հետո վերահսկողությունը, ըստ Բիշարյանի, պետք է իրականացնի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը. «Եթե իրականացվի ուսումնասիրություն, շատ  հեշտ է պարզել, թե ինչից է պատրաստված տվյալ կաթնամթերքը»:

 

Օրենսդիր մարմնի ներկայացուցիչն այսօր կաթնամթերքի շուկայում տիրող իրավիճակը խայտառակություն է որակում. «Դաշտն այնքան բարձիթողի է ու վերահսկողությունից դուրս: Ես պարզապես չգիտեմ՝ ինչ եմ ուտում, խոսքը սրա մասին է: Երեխային կամ հիվանդին թթվասեր ես առնում, պարզվում է, կաթի փոշուց է պատրաստված: Ստացվում է, նրանց ավելի մեծ հարված ես հասցնում, սա լուրջ խնդիր է: Խոսքն երեխային է վերաբերում: Այս ոլորտում պետք է լինի համալիր համագործակցություն»:

 

Բիշարյանն ասում է, շատ երկրներում է եղել. «Չգիտեմ հատուկ օրենք ունեն, թե ոչ, բայց որ գնում ես խանութ, ապրանքը վերցնում ես, վրան հստակ ամեն ինչ գրած է, գիտես ինչ ես ուտում: Ինչ-որ մանկական սրճարանում պոնչիկ ուտելու հետևանքով իմ բարեկամուհու երեխաները թունավորվել են, երեք օր է՝ կաթիլայինի տակ էր, հիմա ես ինչ իմանամ, էդ պոնչիկը ինչի՞ց է պատրաստված եղել: Հիմա պաղպաղակների սեզոն է, այն բնական կաթից է, կաթի փոշուց է կամ գուցե այլ նյութեր է պարունակում ես չգիտեմ, թող գրեն վրան, ինչո՞ւ են խաբում ժողովրդին»:

 

Իշխանական կոալիցիային նախկինում մաս կազմած քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է, որ վատ իրավիճակի մասին խոսել ու խնդիրները մատնանշել է դեռ այն տարիներին. «Այնպես որ դա նշանակություն չունի, ցավոտ հարց է, դա պետք է հասկանանք: Շահերի բախում է լինելու, դրա համար էլ չեն ուզում նախագիծն առաջ տանեն»:

 

Սննդաբան, թերապևտ Իլոնա Մելիքյանը WomenNet-ի hետ զրույցում՝ պարզաբանելով թե ինչու պետք է իմանալ կաթնամթերքի բաղադրությունը նշեց,  որ եթե մարդու մոտ ալերգիա է նկատվում բնական կաթն օգտագործելուց, ապա կաթի փոշիի դեպքում այն առավել վառ արտահայտված դրսևորումներ է ունենում: Կաթի փոշին մեծ քանակությամբ ածխաջրեր է պարունակում, շաքարային դիաբետով մարդիկ սովորաբար ինսուլին են օգտագործում, իսկ սա վտանգավոր է, թե բնական, թե կաթի փոշուց պատրաստված մթերքների չափաբաժինը պետք է նշանակի բժիշկը:

 

Նա նաեւ  ասաց, որ իր հաճախորդներին միշտ խորհուրդ է տալիս օգտագործել բնական կաթից պատրաստված կաթնամթերք. «Ես` որպես բժիշկ զերծ եմ մնում տեխնոլոգիական մշակումների ենթարկված, չորացված մթերքների օգտագործումից, նույնը խորհուրդ եմ տալիս նաև իմ հաճախորդներին»: Նա կարծիք հայտնեց, որ վերամշակման ընթացքում բնական կաթը որոշ օգտակար հատկություններ կորցնում է:

 

Նշենք, որ կաթնամթերքին ներկայացվող պահանջները սահմանված են կառավարության որոշմամբ այստեղ:

 

Հ. Կարապետյան

 

Հ.Գ. Ի դեպ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական շառայության կայքէջը տեղեկացնում է քաղաքացիներին   «Ինչպես տարբերել որակյալ կաթն անորակից»: Մասնավորապես.

 

Խանութում կաթ գնելիս առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել տարայի ամբողջականությանը: Տարան չպետք է վնասված տեղեր ունենա՝ անկախ դրա պատրաստման հիմք հանդիսացող նյութից (պոլիմեր, ստվարաթուղթ և այլն):

 

Տարայի վրա պետք է չմաքրվող ներկով կամ հատուկ պիտակներով հայերեն լեզվով մակնշված լինի մթերքի անվանումը, ծավալը, յուղայնությունը, արտադրման ամսաթիվը և պահպանման ժամկետը, էներգետիկ արժեքը, տեղեկատվություն արտադրողի մասին, ինչպես նաև պահպանմանը վերաբերող ուղեցույց և նորմատիվ փաստաթղթերին վերաբերող տվյալներ:

 

Տնային պայմաններում պետք է առաջնային ուշադրություն դարձնել կաթի գույնին, հոտին, համին: Գույնը պետք է լինի մաքուր սպիտակ:

 

Կաթի կեղծման տարբերակներից մեկն այն օսլայով կեղծելն է. կաթում օսլա չպետք է լինի, սակայն արտադրողներն այն ավելացնում են՝ կաթի խտությունը պահպանելու համար: Օսլայի առկայությունը կարելի է ստուգել յոդի լուծույթով. եթե կաթի մեջ մեկ կաթիլ յոդ կաթեցնենք, և կաթիլի տեղում կաթը դեղնաշագանակագույն երանգ ստանա, ապա կաթում օսլայի հավելում չկա: Եթե կաթիլի տեղում կաթը կապտավուն երանգ ստանա, ապա դրանում առկա է օսլա:

 

Կաթի կեղծման մյուս դեպքն այն սոդայով կեղծելն է. սոդան ստամոքսի համար խիստ վնասակար է, սակայն արտադրողները սոդա ավելացնում են՝ կաթի թթվությունից խուսափելու և պահպանման ժամանակահատվածը երկարեցնելու համար: Սոդայի առկայությունը տնային պայմաններում կարելի է ստուգել լակմուսի թղթի միջոցով: Կաթի ջրածնային կոնցենտրացիան 6.7-7 pH է, որը չեզոք է համարվում: Լակմուսի թուղթը թաթախեք կաթի մեջ և ստացված գույնը համեմատեք թթվայնության չափը բնութագրող գունային սանդղակի ցուցանիշի հետ: Եթե գույնի ինդեքսը հավասար է չեզոք կաթի ցուցանիշին՝ 6.7-7 pH-ի, ապա կաթի թթվայնությունը նորմի սահմաններում է:

 

Հնարավոր են նաև դեպքեր, երբ կաթը նոսրացվում է ջրով: Տնային պայմաններում ֆիլտրաթղթի վրա կաթեցրեք մի կաթիլ կաթ և հետևեք չորանալուն: Որքան ավելի յուղային է կաթը և որքան ավելի քիչ է նոսրացված ջրով, այնքան կաթիլն ուշ է չորանում, և կաթիլի շուրջն առաջացած խոնավ շրջանը փոքր է:

Կաթի նոսրացումը ջրով կարելի է պարզել նաև գիպսի միջոցով: Սովորական գիպսի փոշին թրջեք կաթով և խառնեք: Եթե կաթը նորմալ է, ապա գիպսի շաղախը պետք է քարանա 10 ժամից ոչ շուտ: 10 ժամից որքան շուտ է քարանում շաղախը, այնքան կաթն ավելի շատ է նոսրացված ջրով:

 

Տան պայմաններում կաթը պետք է պահել փակ տարայում՝ +4օC ջերմաստիճանում:

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Թունավորվել են թթից թե թթի միջոցով՝ ինչո՞ւ

 

 

Վահան գյուղի տասնյակ բնակիչներ թունավորվել են թթից

 

Ամեն օր մարդիկ սնունդ են թափում ու ամեն օր մարդիկ սոված են քնում

 

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

 

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

 

Երկու ծայրահեղություն` թերքաշություն ու գիրություն

 

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

 

Ի՞նչ են ուտում Հայաստանի բնակիչները

 

 

 

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

 

 

 

Մանկական աղքատություն

Դիտումների քանակը` 4731

Գլխավոր էջ