ՀԵԿԱ-ի ավանդական տոնավաճառին մասնակցեցին նաև սիրիահայ կանայք
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) անցկացրեց մարտի 29-ին իր ավանդական բացօթյա բարեգործական տոնավաճառը՝ նվիրված Կանանց տոնին և Սուրբ Զատիկին:
Տոնավաճառըն անցավ Երևանում՝ Կարապի լճի մերձակայքում: Մասնակցում էին ՀԵԿԱ-ի կողմից հիմնադրված ՀՀ Կին ձեռներեցների ցանցի ներկայացուցիչներ, Երևանից և ՀՀ տարբեր մարզեր ներկայացնող կին արտադրողներ, վարպետներ, ինչպես նաև միջազգային և տեղական կազմակերպություններ, դեսպանություններ: Տոնավաճառի առանցնահատկություններից մեկն էլ այն էր , որ մասնակիցների թվում էին սիրիահայ կանայք, ովքեր հանդես եկան իրենց ձեռքի աշխատանքներով` քաղցրաբլիթներով, գործվածքներով, զարդեղենով: Նրանց մասնակցությունը տոնավաճառին հնարավոր դարձավ Օքսֆամի “Աջակցություն Սիրիայից տեղահանված հայերին” ծրագրի շրջանակներում:
Բարեգործական տոնավաճառն ուղեկցվեց մշակութային ծրագրով՝ երիտասարդ կատարողների և պարային խմբերի մասնակցությամբ: Մանկական անկյունում ապահոված էր երեխաների ուրախ ժամանցը: Տոնավաճառի ընթացքում կազմակերպվեց նաև վիճակահանություն, խաղարկվեցին ՀԵԿԱ-ի գործընկերների և աջակիցների կողմից տրամադրված նվերներ:
Միջոցառման անցկացմանը աջակցել էին Չինաստանի, Շվեյցարիայի, Բրազիլիայի դեսպանությունները, «Սամ-Հար»ՍՊԸ («Սիփան» ապրանքանիշով), Օքսֆամ-Հայաստան կազմակերպությունը: Միջոցառման ողջ հասույթը կտրամադրվի ձեռագործության ոլորտում կանանց ձեռներեցության զարգացմանը:
Դիտումների քանակը` 4442