Հարս գնալու ադաթը՝ լեգիտիմացված խտրականությո՞ւն
Հայաստանում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի եւ բռնության ամենացայտում դրսեւորման դեպքերը հանդիպում են հենց ընտանիքում: Ամուսնական կյանքում եւս կինը բազմաթիվ դժվարությունների է բախվում: Կան դեպքեր, երբ դժվար է միանշանակ ասել՝ դա գենդերային խտրականության դրսեւորում է, թե ոչ: Օրինակ, հարս գնալու ադաթը. հայկական ընտանիքներից շատերում ամուսնությունից հետո կինը տեղափոխվում է ամուսնու ընտանիք, որտեղ ստիպված է լինում ապրել իր ընտրյալի ծնողների, իսկ երբեմն նաեւ քրոջ ու եղբոր հետ: Փոխարենը հազվադեպ են դեպքերը, երբ ամուսինն է տեղափոխվում կնոջ ընտանիք՝ դառնալով «տնփեսա»: Մեզանում հարս գնալը ավելի քան նորմալ է ընկալվում, իսկ «տնփեսա» լինելը պախարակելի է եւ հաճախ հեգնանքի ու ծաղրի առիթ է դառնում: Հարս գնալու ադաթը կարելի է խտրականության այնպիսի դրսեւորում համարել, որը դարերի ընթացքում լեգիտիմացվել է հասարակության կողմից: Արդյո՞ք այսպիսով հասարակությունը խտրականություն չի դրսեւորում կնոջ նկատմամբ՝ նրան «ստիպելով» ապրել իր համար օտար մարդկանց հետ, իսկ տղամարդուն շահագրգռելով հեռու մնալ կնոջ ընտանիքից:
Խնդրի վերաբերյալ փորձեցինք պարզել ապագա հարսների եւ փեսացուների կարծիքը: Հարցված տղաների մեծամասնությունը նորմալ է վերաբերվում հարս գնալու ադաթին, կարծում է, որ դա է ճիշտ տարբերակը.
«Տղամարդը դժվար հարմարվող ա, կինը էլի կկարողանա լեզու գտնի, դրա համար էլ կինն ա գնում տղամարդու տուն»,- կարծում է 20-ամյա Մանվելը:
18-ամյա Սուրենն էլ հայ տղամարդուն վայել չի համարում «տնփեսայությունը»: «Անձամբ ես ավելի լավ ա չամուսնանամ, քան թե տնփեսա դառնամ: Չեմ կարա ես տենց ապրեմ»:
Երիտասարդ տղամարդկանց կարծիքով՝ կանանց համար մեծ դժվարություն չէ իրենց ամուսնու ծնողների հետ ապրելը: «Եթե էդ աղջիկը ինձ սիրում ա, ուրեմն հաստատ իմ խաթր ծնողներիս հետ յոլա կգնա»,- ասում է 19-ամյա Արմանը:
Հարցված գրեթե բոլոր տղաները խտրականություն չեն համարում այն, որ հենց աղջիկն է թողնում իր հայրական տունը եւ տեղափոխվում ամուսնու ընտանիք: «Համաձայն եմ, որ լավ կլիներ, որ առանձին ապրեինք, բայց եթե միջոցները թույլ չեն տալիս, աղջիկը պիտի հարմարվի»,- ասում է 22-ամյա Գագիկը: Տղաների կարծիքով՝ աղջկա համար նույնիսկ ձեռնտու է հարս գնալը, քանի որ այդպիսով նա ազատվում է բնակարանի հարցը լուծելու խնդրից. «Տղու ընտանիքի վրա ավելի մեծ պատասխանատվություն է ընկնում, քանի որ աղջկա ծնողները տան հարցը չեն լուծում, իսկ տղեն եթե հարմար տուն չունեցավ, կարող է նույնիսկ չամուսնանալ»,- ասում է 23-ամյա Դավիթը:
Միանգամայն այլ կարծիքի են ապագա հարսները. աղջիկների մեծամասնությունը դեմ է ամուսնու ծնողների հետ միասին ապրելուն: «Անձամբ ես որոշել եմ, որ ամուսնուս ծնողների հետ չեմ ապրելու, ես չեմ ասում՝ թող ինքը գա մեր տուն, բայց չեմ էլ ուզում ես գնամ…պիտի առանձին ապրենք»,- ասում է 22-ամյա Մարիամը:
«Ես դեպքեր գիտեմ, որ տղայի ընտանիքը շատ հարուստ է, բայց երիտասարդ զույգը դարձյալ ծնողների հետ է ապրում, որովհետեւ մեր ծնողները սիրում են իրենց տղաների հետ ապրել»,- նշում է 21-ամյա Սոնան:
Իսկ 24-ամյա Արեւիկը հարս գնալը բացահայտ խտրականություն է համարում կնոջ նկատմամբ. «Դա մի բան է, որ մենք չենք էլ գիտակցում, բայց այդ քայլով թույլ ենք տալիս, որ մեզ խտրականության ենթարկեն: Ես անհատականություն եմ՝ անկախ իմ սեռից, ինչո՞ւ ես պիտի ապրեմ ինձ համար օտար մարդկանց հետ: Ես ամուսին եմ ընտրում, ոչ թե ինձ համար նոր ծնողներ»,- ասում է Արեւիկը:
Հարցվածներից Նաիրան դեմ չէ իր ապագա ամուսնու ծնողների հետ ապրել, բայց մի պայմանով. «Եթե իրենք նորմալ մարդիկ են ու մեր գործերին էլ չեն միջամտելու, ես այդտեղ որեւէ վատ բան չեմ տեսնում»: Մի հարցում թե փեսացուները, թե հարսնացուները համակարծիք են՝ նախընտրելի է, որ նորակազմ ընտանիքն առանձին ապրի: Սակայն եթե պետք է ընտրություն կատարեն՝ տղայի, թե աղջկա ծնողների հետ, ապա որոշումը գրեթե միանշանակ տղամարդու օգտին է լինում:
Այնուամենայնիվ, հարցվածների մեծամասնությունը հարս գնալը որպես խտրականություն չի ընկալում, այլ որպես դարերով եկած ավանդույթ, որի նշանակությունը շատերը չգիտեն էլ: Այս երեւույթը կարելի է համարել կնոջ նկատմամբ խտրականության մի այնպիսի դրսեւորում, որը դարերի ընթացքում լեգիտիմացվել է հասարակության կողմից եւ դարձել է նորմա գրեթե բոլոր հայկական ընտանիքների համար:
Ա.Ղ.
Դիտումների քանակը` 5571