Հարկադիր տեղահանվածների թիվն աշխարհում հասել է 68 միլիոնի
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակի այսօր հրապարակված Գլոբալ տենդենցների տարեկան զեկույցի տվյալներով՝ 2017թ. վերջի դրությամբ տեղահանվել է 68.5 միլիոն մարդ: Նրանցից 16.2 միլիոնը տեղահանվել է հենց 2017թ. ընթացքում:
Փախստականները, ովքեր փախչել են իրենց երկրներից՝ խուսափելով հակամարտություններից և հետապնդումներից, 68.5 միլիոնի մեջ կազմել են 25.4 միլիոնը: Այս թիվը 2.9 միլիոնով ավել է, քան 2016 թ., նաև ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից մեկ տարում գրանցած ամենաբարձր աճն է: Ապաստան հայցողների թիվը, որոնք 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ դեռևս սպասում էին փախստականի կարգավիճակի իրենց հայցերի վերաբերյալ որոշումներին, աճել է մոտ 300.000-ով՝ հասնելով 3.1 միլիոնի: Իրենց սեփական երկրում տեղահանված անձանց ընդհանուր թիվը կազմել է 40 միլիոն, մի փոքր ավելի քիչ, քան 2016թ. արձանագրված 40.3 միլիոնը:
2017թ. աշխարհը գրեթե նույնքան հարկադիր տեղահանված անձ է ունեցել, որքան Թայլանդի բնակչությունն է: Բոլոր երկրների կտրվածքով յուրաքանչյուր 110-ից մեկը տեղահանված անձ է:
«Մենք գտնվում ենք շրջադարձային փուլում, երբ համաշխարհային մակարդակով հարկադիր տեղահանությունների կառավարման հաջողությունը պահանջում է նոր և ավելի համապարփակ մոտեցում, այնպես որ երկրներն ու համայնքները միայնակ չառնչվեն այս խնդրի հետ», ասաց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին: «Սակայն դեռ որոշակի հույսի հիմք կա: Տասնչորս երկիր նախաձեռնել է փախստականների իրավիճակին արձագանքելու նոր նախագիծ, և արդեն մի քանի ամիս հետո Փախստականների մասին նոր Գլոբալ համաձայնագիրը պատրաստ կլինի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունման համար: Այսօր՝ Փախստականների համաշխարհային օրվա նախօրեին, իմ ուղերձն եմ հղում անդամ պետություններին աջակցելու այս նախագծին: Ոչ ոք իր ընտրությամբ փախստական չի դառնում. բայց մնացածներս կարող ենք ընտրել, թե ինչպես օգնել նրանց»:
ՄԱԿ ՓԳՀ-ի Գլոբալ տենդենցների զեկույցը ամեն տարի ամբողջ աշխարհում հրապարակվում է Փախստականների համաշխարհային օրվանից (հունիսի 20) առաջ և հետևում է հարկադիր տեղահանություններին՝ ՄԱԿ ՓԳՀ-ի, կառավարությունների և այլ գործընկերների կողմից հավաքագրված տվյալների հիման վրա: Այն չի ուսումնասիրում համաաշխարհային ապաստանի միջավայրը, որի վերաբերյալ ՄԱԿ ՓԳՀ-ն առանձին զեկույց է ներկայացնում, և որը շարունակվել է 2017թ.՝ բացահայտելով փախստականների հարկադիր վերադարձի, քաղաքականացման և փախստականներին «քավության նոխազ» դարձնելու, փախստականներին բանտարկելու կամ նրանց աշխատելու հնարավորությունից զրկելու դեպքերը, և մի շարք երկրներ, որոնք նույնիսկ չեն ցանկանում օգտագործել «փախստական» բառը:
Մեծամասշտաբ տեղահանությունները՝ սահմանի հատմամբ, ավելի քիչ տարածված երևույթ են, քանի որ գրեթե երկու երրորդը այն անձանց, ովքեր ստիպված են փախչել, ներքին տեղահանվածներ են, ովքեր չեն լքել իրենց սեփական երկրները: 25.4 միլիոն փախստականների մեկ հինգերորդը պաղեստինցիներ են, ովքեր գտնվում են ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների գործակալության խնամակալության տակ: ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատվության ներքո գտնվող մնացած բնակչության երկու երորդը ընդամենը հինգ երկրներից են, այն է՝ Սիրիա, Աֆղանստան, Հարավային Սուդան, Մյանմար և Սոմալի:
Գլոբալ տենդենցների զեկույցի ևս երկու նկատառում վերաբերում է նրան, որ փախստականների մեծ մասը ապրում է քաղաքային վայրերում (58 տոկոս), այլ ոչ թե ճամբարային կամ գյուղական վայրերում, և որ համաշխարհային մակարդակով տեղահանված բնակչությունը երիտասարդ է. 53 տոկոսը երեխաներ են, ներառյալ բազմաթիվ առանց ուղեկցության կամ ընտանիքից անջատված երեխաներին:
Ինչպես և մեծամասշտաբ տեղահանությունների հայրենիք հանդիսացող երկրների թիվը, այնպես էլ մեծաքանակ տեղահանված բնակչություններին հյուրընկալող երկրների թիվը համեմատաբար փոքր է: Թուրքիան շարունակում է մնալ փախստականներին հյուրընկալող աշխարհի առաջատար երկիրը՝ բացարձակ թվերով` ունենալով 3.5 միլիոն փախստական, հիմնականում Սիրիայից:
Միևնույն ժամանակ, Լիբանանը հյուրընկալել է փախստականների ամենամեծ թիվը՝ համեմատած իր ազգբնակչության թվի հետ: Ընդհանուր առմամբ, ՄԱԿ ՓԳՀ-ի պատասխանատվության ներքո գտնվող բոլոր փախստականների 63 տոկոսը հյուրընկալվել է ընդամենը 10 երկրի կողմից:
Ցավոք, շատ հարցերի լուծումներ սուղ են: Պատերազմներն ու հակամարտությունները շարունակում են մնալ հիմնական գործոնները՝ խաղաղության հաստատման գրեթե անտեսանելի առաջընթացով: Շուրջ հինգ միլիոն մարդ կարողացել է վերադառնալ իրենց տներ 2017թ. ընթացքում, մեծ մասը ներքին տեղահանությունից հետո, սակայն նրանց մեջ կային մարդիկ, ովքեր վերադառնում էին տուն հարկադրված կամ կայունության բացակայութան պայամններում:
Վերաբնակեցման տեղերի կրճատման հետևանքով վերաբնակեցված փախստականների թիվը նվազել է ավելին քան 40 տոկոսով՝ հասնելով մոտ 100.000 անձի:
Դիտումների քանակը` 2075