Հավասար հնարավորությունների մասին օրինագիծը

ՀՀ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Կառավարության եւ ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծը

 

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը նշեց, որ օրինագիծն ուղղված է քաղաքացիների (անկախ նրանց սեռային պատկանելությունից) իրավունքների եւ ազատությունների ապահովման պետական երաշխիքների հաստատմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց եւ տղամարդկանց հավասար հնարավորությունների ընձեռնմանը, գենդերային հավասարության սկզբունքի լիակատար իրականացման առաջընթացին, սեռի հատկանիշով խտրականության կանխարգելմանը եւ խտրականության յուրաքանչյուր դրսեւորման համար պատասխանատվության ենթարկելու համապատասխան արդյունավետ միջոցների սահմանմանը: Պարոն Բերիկյանը տեղեկացրեց, որ հարցի առնչությամբ կազմակերպվել են հանրային քննարկումներ Երեւանում եւ մարզերում, այն քննարկվել է նաեւ ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդում:

 

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, ներկայացնելով հանձնաժողովի դրական եզրակացությունը, նշեց, որ օրինագիծը քննարկումների երկարատեւ փուլ է անցել, ՕԵԿ խմբակցությունը դեռեւս 2008 թ. էր շրջանառության մեջ դրել համանուն օրինագիծ: Նշվեց, որ հանձնաժողովի քննարկումներին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի պատասխանատուներ:

 

ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը, Գոհար Ենոքյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Կարինե Աճեմյանը իրենց ելույթներում կարեւորեցին օրինագծի ընդունումը քաղաքական եւ հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման ու գենդերային հավասարության ապահովման տեսանկյունից: Նրանք անդրադարձան նաեւ օրինագծի վիճահարույց կետերին եւ բացթողումներին, ներկայացրին առաջարկներ` հույս հայտնելով, որ առաջինից երկրորդ ընթերցում օրինագիծը կլրամշակվի:

 

«Ժառանգություն» խմբակցության տեսակետը ներկայացնելով` Լարիսա Ալավերդյանը նշեց, որ կանայք Հայաստանում իրենց կրթական ցենզով եւ տարբեր ոլորտներում ներգրավվածությամբ չեն զիջում տղամարդկանց, սակայն ղեկավար պաշտոններում հիմնականում նշանակվում են տղամարդիկ: Ըստ նրա` կանանց թիվը փոքր է նաեւ խորհրդարանում: Տիկին Ալավերդյանն անդրադարձավ նաեւ օրինագծի` լրամշակման կարիք ունեցող դրույթներին, ներկայացրեց առաջարկներ:

 

Ամփոփիչ ելույթներում Արամ Սաֆարյանը եւ Ֆիլարետ Բերիկյանը շնորհակալություն հայտնեցին շահագրգիռ քննարկումների համար եւ կոչ արեցին պատգամավորներին հունվարին նախատեսվող խորհրդարանական լսումներում ներկայացնել առաջարկներ եւ դիտողություններ, որոնց հիման վրա օրինագիծը կլրամշակվի:

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության  
միջոցների հետ կապերի վարչություն

P.S. Խորհրդարանական լսումները՝  «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի շուրջ  կազմակերպվելու են հունվարի 19-ին:

Դիտումների քանակը` 5163

Գլխավոր էջ