Հասմիկ Մուրադյան. «Հարկավոր է կյանքին  նայել  լուսավոր կողմից»

Ասում են, կյանքում փորձությունները  մարդուն  պատահում են ստուգելու  նրա համառությունը,  կամքի ուժը, ապրելու ձգտումն ու նաև  մարդ  մնալու կարողությունը: Հասմիկ Մուրադյանն այն եզակի մարդկանցից է, ով ոչ միայն կարողացավ  հաղթահարել  իրեն  բաժին  հասած փորձությունը,  այլ նոր գաղափարներ կյանքի կոչել՝ անտեսելով  բոլոր դժվարությունները…

 

Երբ զրուցում ես Հասմիկի  հետ, զարմանում ես թե ինչպես տարիներ առաջ սարսափելի ավտովթարից  հետո խոսելու  և շարժվելու հնարավորությունից  զրկված աղջիկը կարողացել է հաղթահարել անասելի ցավերը, և այդ ամենը  ֆիզիկական  և  մտավոր  վարժանքների  շնորհիվ…  

 

-Սպորտը մեծ դեր ունեցավ իմ կյանքում: Ավտովթարից հետո իմ կաշվի վրա զգացի, թե ինչ մեծ նշանակություն ունի սպորտը մարդու կյանքում, որի շնորհիվ միայն  կարողացա վերագտնել  ինձ,  կարողացա  շարժվել,  քայլել: Մեկ տարի առաջ մասնակցեցի 16 կիլոմետր  ձգվող  մեկօրյա արշավին: Ներքուստ այնպիսի  հպարտություն զգացի, երբ  արշավի  ղեկավարը հոգնած  և դժգոհող  արշավականներին  դիմելով ասաց. « Տեսեք, Հասմիկն  ինչպես է առանց  նվնվալու,  ժպտալով  քայլում»> , – պատմում է Հասմիկը:

Դեռ ուսանող  տարիներին Հասմիկն աչքի էր  ընկնում  կենսախինդ ու  շարժուն  բնավորությամբ, մշտապես  սիրել է  ակտիվ  կյանքը, իր  տարերքը  եղել են  բնությունը, ճամփորդություններն ու արշավները:

 

Հայաստանի  պետական  տնտեսագիտական  համալսարանի  4-րդ կուսում սովորելու  ընթացքում Հասմիկը  տնտեսագետի  մասնագիտությանը զուգահեռ  որոշեց սովորել  նաև ճապոներեն, քանի որ  հիացած էր այդ երկրի հզոր տնտեսությամբ, կենցաղով ու պատմամշակութային հարուստ ժառանգությամբ: Սկսեց  հաճախել Երևանի Հումանիտար ինստիտուտի   ճապոներեն լեզվի ֆակուլտետ: Հասմիկի հայրը թեև դստեր մտադրությանը  դեմ  էր, այն  համարելով «ոչ արդյունավետ  կապիտալի ներդրում», քանի որ ուսումն այնտեղ  վճարովի էր, /մինչդեռ ժողինստիտուտում Հասմիկը սովորում էր անվճար հիմունքներով/, այնուհանդերձ Հասմիկը ավարտելով ճապոներեն  ֆակուլտետը  կարճ ժամանակ անց  նույն  ինստիտուտի կողմից 2005 թ. Ճապոնիայում աշխատելու հրավեր ստացավ: Մասնակցելու էր  Ճապոնիայի Աիչի նահանգում կայանալիք` «Բնության իմաստությունը» խորագրով «ԷՔՍՊՈ-2005» համաշխարհային  ցուցահանդեսին, որին  մասնակցում էր  նաև Հայաստանը:

Հայրենիք  վերադառնալուց  հետո Հասմիկը վաստակած գումարով  ավտոմեքենա է  գնում  և  աշխատանքի անցնում «Ֆանտուր» տուրիստական կազմակերպությունում որպես ճապոնացի զբոսաշրջիկների զբոսավար,  այնուհետև նույն  կազմակերպությունում աշխատում  ճապոնական շուկայի տուր մենեջեր:

 

2009 թ.  տեղի ունեցած ավտովթարից  հետո 4 տարի  պահանջվեց, մինչև Հասմիկին  հաջողվեց վերագտնել  կյանքի  ռիթմը, ապրել ու քայլել  ժամանակին  համահունչ:

 

-Ես երկու անգամ եմ  ծնվել,  մեկն  իմ  ծննդյան իրական օրը,  մյուսը, որ ավտովթարից  հրաշքով  կենդանի  մնացի: Կարծում եմ, հայի անկոտրում ոգին, ճապոնական  ժողովրդի  իմաստությունը, մարմինն ու  հոգին կոփող  չինական մարտարվեստի  տիրապետումը նպաստեցին իմ  ապաքինմանը: Թեև այսօր ինձ  կաշկանդում են ավտովթարի հետևանքները, սակայն շարունակում եմ ապրել ակտիվ կյանքով: Ես  հասկացել եմ,  որ մարդն իր լավատեսությամբ, դրական  հույզերով ու ժպիտով ունակ է  հաղթահարել  ցանկացած դժվարություն: Ես  չհուսահատվեցի,  փնտրեցի ու գտա այն զբաղմունքը, աշխատանքը, որով  հագեցած է  իմ  օրը: Ի դեպ, անչափ  շնորհակալ եմ «Ունիսոն» ՀԿ  տնօրեն Արմեն Ալավերդյանին, ով  ինձ աջակցեց  աշխատանքի  հարցում: Շատերի  համեմատ ես  բազմազբաղ  ու երջանիկ մարդ եմ, որովհետև  փորձությունն  ինձ  չկոտրեց,- ասում է Հասմիկը:

2012 թ. դեռևս  ապաքինման  ընթացքում Հասմիկը կազմում է հայ-ճապոնական  զրուցարան, 2 տարի անց ստեղծում է «japanarmenia.com» կայքը, որի  նպատակն է հայ և ճապոնացի  ընթերցողներին  ներկայացնել  երկու երկրների կենցաղի, մշակութային,  հոգևոր կյանքին,  լուսանկարների  և տեսաերիզների  միջոցով  նրանց  ծանոթացնել  երկու երկրների պատմամշակութային  և տեսարժան վայրերին, դրանով  իսկ  նպաստելով  զբոսաշրջության  զարգացմանը: Սակայն  կայքի  ֆինանսական  ծախսերը հոգալու համար միայն հաշմանդամության թոշակը բավարար չէր, ուստի Հասմիկը որոշեց մեկ այլ՝  «ՋԱՌ» ճապոնահայկական հարաբերությունների զարգացման հասարակական կազմակերպություն ստեղծելու գաղափարն  իրականություն  դարձնել, որն էլ  հիմնադրեց 2017 թ.-ին:  Նրա նպատակն է իր հիմնադրած  կազմակերպության միջոցով ճապոնախոս, անգլիախոս և հայախոս հասարակությանը ներկայացնել հայ մշակույթի՝ պատմամշակութային ժառանգության, հուշարձանների, թատրոնների, թանգարանների, գրադարանների, հնավայրերի և զբոսաշրջային այլ հնարավորությունների մասին տեղեկատվություն, փոխադարձաբար ծանոթացնել նաև ճապոնական պատմամշակութային ժառանգությանը, ինչպես  նաև համագործակցել Հայաստանի և արտերկրի ճապոնական կազմակերպությունների հետ:

 

Կազմակերպության ակտիվ  գործունեությանն արդեն  քաջատեղյակ են «Կենդոյի հայկական ֆեդերացիա»-ում անցայալ տարի իրականացված  ճապոնական «Սպորտի եւ առողջության օր» տոնի, ինչպես նաև Նարեկացի արվեստի միությունում     կազմակերպած «ճապոնական մշակույթի օր» միջոցառման  շնորհիվ:

 

Հասմիկի հասարակական  գործունեությունը նրա  կյանքի  մի  մասն է միայն, բացի դա նա շարունակում է ակտիվորեն  մասնակցել արշավների,  զանազան  միջոցառումների:

 

-Իմ փորձով ցանկանում եմ ցույց  տալ, որ  ինքներս ենք մեր ճակատագիրը ստեղծում, մարդն  ինչպիսի  վիճակում էլ  գտնվի,  պետք է  գոհանա եղածով, ուրախանա  ամենաչնչին  հաջողությամբ: Հավատացեք,  դա  օգնում է  հաղթահարել ցանկացած  դժվարություն: Ուզում եմ  համոզված  լինեք, որ պետք  չէ սևեռվել ցավի վրա,  վաղ թե ուշ այն հաղթահարվում է: Հարկավոր է  կյանքին  նայել լուսավոր կողմից,-հրաժեշտից  առաջ ասաց Հասմիկը:

 

Անուշ Ներսիսյան

Դիտումների քանակը` 2874

Գլխավոր էջ