Հասմիկ Խաչատրյանը «Տարվա խիզախ կինն» է
Տարիներ շարունակ բռնության եւ խոշտանգումների ենթարկված երիտասարդ կինն իր մեջ ուժ է գտել ոչ միայն պայքարելու իր իրավունքների համար, այլեւ մասնակցելու ընտանեկան բռնության ենթարկված այլ կանանց համար տարվող պայքարին: Նա արժանացել է «Տարվա խիզախ կին» մրցանակին, որը տրվել է «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային՝ ի դեմս Հասմիկ Խաչատրյանի:
«Իմ փորձից ելնելով՝ ուզում եմ յուրաքանչյուր կնոջ ասել, որ դուք կարող եք ձեր իրավունքները եւ ձեր շահերը պաշտպանել եւ երբեք չհանձնվել, որովհետեւ միշտ գտնվում է մի լուսավոր կետ, որ ուժ է տալիս արժանապատիվ ապրելու համար», – ինը տարի շարունակ ընտանեկան բռնության ենթարկված Հասմիկ Խաչատրյանն այսօր այսպիսի կոչով հանդես եկավ:
Հասմիկին եւ նրան օգնության հասած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակ հանձնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դըրք Լորենս: Նա իր ելույթում նշեց.
«Վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական հասարակությունն առավել ակտիվորեն է մասնակցում կանանց իրավունքների պաշտպանությանը եւ ընտանեկան բռնության դեմ պայքարին: Յոթ նվիրյալ հասարակական կազմակերպություններ միավորել են իրենց ջանքերը ձեւավորելու «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան: Կոալիցիան նպատակ ունի նպաստելու բոլոր կանանց եւ աղջիկների իրավունքների իրացմանը՝ թույլ տալով նրանց ապրել առանց բռնության: Կանանց նկատմամբ բռնությունների բոլոր դրսեւորումների դեմ պայքարը մարդու իրավունքների հարգանքի հիմնարար հիմնասյունն է, այն Եվրոպական Միության առաջնահերթություններից է՝ ԵՄ-ի սահմաններից ներս եւ դուրս: Եվրոպական Միությունը բարձր է գնահատում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ջանքերն ուղղված կանանց իրավունքների պաշտպանության խթանմանն ու ընտանեկան բռնության զոհերի աջակցությանը»:
Հասմիկ Խաչատրյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող կազմակերպություններին եւ անհատներին. «Ես հիմա հպարտ եմ, որ այստեղ կանգնած եմ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել Կանանց աջակցման կենտրոնին, որ ինձ բացատրեցին, որ ես կարող եմ պաշտպանել իմ իրավունքները: Շնորհակալ եմ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային, որ աջակցեցին ինձ եւ բոլոր այն մարդկանց, ովքեր ներկա էին իմ դատավարություններին եւ աջակցում էին ինձ:
Նշենք, որ Համընդհանուր իրավունքներին նվիրված ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպիչներն են Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, ԱՄՆ դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Բրիտանական դեսպանությունը և Եվրախորհրդի երևանյան գրասենյակը:
Արման Ղարիբյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
“Շարունակելու եմ պայքարը, որովհետև ուզում եմ արժանապատիվ ապրեմ”…
«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…
«Էրեխեքի աչքի առաջ էլ խփում էր, կարող ա արյուն գար, էդ իրա վրա չէր ազդում, էլի խփում էր…»
Համաներմամբ ազատված բռնարար ամուսինը կալանավորվեց այլ գործով
Կնոջը խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսինը համաներմամբ ազատ արձակվեց
«Այս դատավճիռը ցույց տվեց, որ ընտանեկան բռնությունը չի պատժվում մեր երկրում»:
5 տարի ազատազրկում ամուսնուն՝ կնոջը խոշտանգելու համար
Ծխախոտը հանգցրել է ձեռքին. այրվածքն ապացուցվել է փորձաքննությամբ
Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
Բախտագուշակ Վարսիկի` խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում
7-ամյա երեխան դարձել է ծնողների վեճի զոհը
Տանից փախուստի դիմած կինը պնդում է՝ ամուսինը երեխաներին որպես զենք է օգտագործում իր դեմ
Դիտումների քանակը` 4855