«Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում». քննարկում
Մայիսի 3-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների լուծումները նախընտրական ծրագրերում» թեմայով: Քննարկման բանախոսներն էին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող Ելք դաշինքի ներկայացուցիչ Զառա Բաթոյանը և Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ, ՀՀԿ-ի ներկայացուցիչ Ռուզաննա Զաքարյանը:
Քննարկման սկզբում բանախոսներն անդրադարձան հաշմանդամություն ունեցող անձանց համար Երևան քաղաքի մատչելիության խնդիրներին: Բանախոս Զառա Բաթոյանը, խնդիրներին անդրադառնալով, նշեց, որ վերջին տարիներին կարծրատիպ է ձևավորվել, որ, օրինակ, թեքահարթականեր կառուցելով՝ լուծվում են քաղաքի մատչելիության խնդիրները, այնինչ առավել խորքային խնդիրներ կան, որոնց վրա հավուր պատշաճի ուշադրություն չի դարձվում. «Հիմնական խնդիրը տրանսպորտի մատչելիությունն է, քաղաքաշինական խնդիրներն են, որոնք ազատ տեղաշարժվելու հնարավորություն չեն տալիս հենաշարժողական խնդիր ունեցող անձանց: Ուզում եմ նաև նշել, որ մատչելի միջավայրը չի նշանակում միայն թեքահարթակներ: Հիմա նաև այլ կարծրատիպ է ձևավորել, երբ մատչելի միջավայր ասելով հասկանում են թեքահարթակներ: Դրա մասին չէ խոսքը: Այո՛, թեքահարթակներ ինչ-որ տեղերում կառուցվում են, բայց քաղաքաշինական բոլոր նախաձեռնություններում բացակայում են ներառական մոտեցման չափանիշները»,- ասաց Բաթոյանը:
Վերջինս միաժամանակ նշեց, որ ներառական մոտեցման խնդիր կա, որի վրա քաղաքային իշխանություններն ու որոշում կայացնողները մեծ ուշադրություն չեն դարձնում: «Կարևոր խնդիր եմ համարում նաև քաղաքի զարգացման ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ներառման բացակայությունը, որովհետև մենք շատ ծրագրեր գուցե իրականացնում ենք, բայց դրանք արվում են առանց բոլոր քաղաքացիների կարիքները հաշվի առնելու: Եթե մենք իրականացնում ենք մի ծրագիր, ապա այդ ծրագիրը պետք է ներառի բոլորի կարիքները»,- եզրափակեց Բաթոյանը:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, թեմային անդրադառնալով, նախ շեշտեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի միջավայր ստեղծելը եղել և մնում է Երևանի քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Վերջինս ներկայացրեց, թե առ այսօր ինչպիսի աշխատանքներ են իրականացվել հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքները հոգալու ուղղությամբ:
«2013-2016-ին քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի փողոցների տարբեր հատվածներում կառուցվել են 2000 թեքահարթակներ, որոնք այլևս դարձել են որակ, քանի որ կառուցումից առաջ հրավիրեցինք այդ խնդիրներով զբաղվող հասարակական կառույցների և խնդրեցինք ներկայացնել այն առաջնահերթ փողոցների ցանկը, որտեղ անհրաժեշտ է իրականացնել թեքահարթակներ: Այսօր 73 փողոցների տարբեր հատվածներում ունենք գոգավոր ծածկույթներով հատվածներ, որոնք տեսողության խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են մայթի մոտալուտ ավարտի վերաբերյալ: 54 խաչմերուկներում տեղադրված են ձայնային ազդանշաններով լուսացույցներ, որոնք տեղափոխման խնդիրներ ունեցող անձանց զգուշացնում են փողոցի անցման ժամանակահատվածի մասին: Վճարովի ավտոկայանատեղիներում 101 տարածքներ առանձնացված են, որոնք 1-ին, 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց տեղափոխող մեքենաների համար են, որոնք քաղաքապետարանից ստանում են անվճար օգտվելու համար կտրոններ: Արդեն շուրջ 300 անձ նման տարբերանշան է ստացել: 25 ավտոբուսներ կահավորված են հատուկ վերելակներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղափոխման համար»,-ասաց Զաքարյանը:
Հակադարձելով Ռուզաննա Զաքարյանին՝ Զառա Բաթոյանը ընդգծեց, որ, օրինակ, վերջին տարիներին կառուցված ոչ բոլոր շենքերն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին: «Հայաստան կինոթատրոնը, որի վրա մեծ գումարներ են ծախսվել, ոչ մի կերպ հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Յանս» ժամանցային ակումբում մեծ ծախսեր են արվել, բայց դա ևս հարմարեցված չէ, հարմարեցված չեն նաև բազմաթիվ ռեստորաններ: Մենք վերանորոգում ենք մեր մայթերը, փոխում ենք սալիկները, բայց որևէ ձև ուղղորդող հատակներ չեն արվում, որ վերջում էլ նախազգուշացնողը դնենք: Ավտոկայանատեղիները, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց համար են, ավելի լայն պետք է լինեն, որ անձը կարողանա կողքից մոտենալ ու նստել մեքենա: Որևէ ավտոկայանատեղի, որը նշված է հաշմանդամություն ունեցողի համար, նման հարմարություն չունի»,-նշեց Բաթոյանը:
Նա նաև հավելեց, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հարմարեցված մի քանի ավտոբուսների վերելակները խափանված են և չեն վերանորոգվում: Իսկ ընդհանրապես այդ ավտոբուսների թվաքանակը շատ քիչ է, իսկ երթուղիների մասին տեղեկատվություն հաշմանդամություն ունեցող անձը չունի և այդ մասին ինֆորմացիա ստանալը դժվար է կամ անհնար:
Ռուզաննա Զաքարյանը բարձրացված մտահոգությունների հետ կապված նշեց, որ խնդիրներին համակարգային լուծումներ տալու համար ժամանակ է անհրաժեշտ և շոշափելի ֆինանսական միջոցներ: Իսկ ընթացիկ խնդիրը քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում են, և լուծումներ տրվում են: «Օրինակ, անսարք վերելակները ներկայումս վերանորոգվում են, և շուտով այդ ավտոբուսները կրկին երթուղի դուրս կգան»,- նշեց Զաքարյանը:
Բանախոսներն անդրադարձան նաև դպրոցներում և մանկապարտեզներում ներառական կրթություն կազմակերպելու խնդիրներին: Ռուզաննա Զաքարյանը նշեց, որ Երևանի դպրոցներում աստիճանաբար ներդրվում է ներառական կրթության համակարգը, այդպիսի համակարգ գործում է նաև մանկապարտեզներում: Ինչին Զառա Բաթոյանը հակադարձեց, որ, օրինակ, մանկապարտեզներում համապատասխան կրթություն ունեցող մասնագետներ չկան, որոնք կարող են հոգ տանել հաշմանդամություն ունեցող երեխաների մասին:
«Երևանում 62000 հաշմանդամություն ունեցող անձ ունենք, նրանից 2003-ը հաշմանդամություն ունեցող երեխաներ են: Խորհրդային պետության ժամանակահատվածում գրեթե չի խոսվել հաշմանդամություն ունեցող անձանց մասին, չի բարձրաձայնվել նրանց խնդիրների մասին, այդ իսկ պատճառով այդ ժամանակահատվածում կառուցված շենքերում հաշվի չեն առնվել հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները: Տարեկան 30-40 հազար հաշմանդամություն ունեցող ընտանիքներ ներառված են Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության ծրագրերին»,- ընդգծեց Զաքարյանը:
Երևանի քաղաքապետարանի սոցիալական վարչության պետը միևնույն ժամանակ հավելեց, որ խնդիրները բազմաթիվ են, անելիքներ կան:«Համոզված հայտարարում եմ, որ 5 տարի հետո ներկայացնելու ենք կատարված այլ աշխատանքները՝ այլ որոտի խնդիրների կարգավորման համար»,- եզրափակեց Զաքարյանը:
Ըստ Մեդիա կենտրոնի հաղորդագրության
Դիտումների քանակը` 2770