Հանրահավաքների ոչ միայն գենդերային առանձնահատկությունները/ վիդեո
Րաֆֆի Հովհաննիսյան.
Մեզ մոտ առաջին տիկին չի լինելու
«Մեզ մոտ չի լինելու առաջին տիկին», – հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի ՀովհաննիսյանըԱզատության հրապարակում փետրվարի 20-ին հրավիրած հանրահավաքում:
«Առաջին տիկինը ամեն մի ընտանիքի մայրն է, տատն է, աղջիկն է: Քանի որ առաջին տիկին չի լինելու, ապա ձեզ ներկայացնեմ իմ շեֆին: Արմենուհի, խնդրեմ, ողջունեք»,-Ազատության հրապարակում խոսքը շարունակեց Րաֆֆի Հովհաննիսյանը: Քաղաքական գործչի այս հայտարարությունը ներկաներն ընդունեցին բարձր բացականչություններով ու բուռն ծափահարություններով:
Արմենուհի Հովհաննիսյան.
«Հայկական ավանդույթի մեջ կինը չպետք է այդքան խոսի, բայց ես կկանգնեմ իմ ամուսնու կողքին»
Այսօր՝ փետրվարի 21-ին Րաֆֆի Հովհաննիսյանի կինը՝ Արմենուհի Հովհաննիսյանը ելույթ ունեցավ հանրության առջև և ասաց, որ ինքը մինչև վերջ կանգնելու է ամուսնու և ժողովրդի կողքին: «Յուրաքանչյուրս պետք է տեսնենք մի Հայաստան, որտեղ մեր երեխաները սոված չեն: Հայկական ավանդույթի մեջ կինը չպետք է այդքան խոսի, բայց ես կկանգնեմ Րաֆֆի Հովհաննիսյանի և ձեր կողքին»,- ասաց նա:
Երիտասարդ ակտիվիստները սադրիչնե՞ր
Այսօրվա հանրահվաքում վիճաբանություն տեղի ունեցավ “Ժառանգության” անդամներ Արմեն Մարտիրոսյանի, բլոգեր Իզաբելլա Աբգարյանի եւ մի քանի երիտասարդների միջեւ: Նշենք, որ այս երիտասարդները այն քաղաքացիներն էին, ովքեր խափանել էին միջազգային դիտորդների ասուլիսը:
“Իրենք սադրիչներ են: Նրանք մի քանի օր առաջ կոչ էին անում ընդհանրապես չմասնակցել ընտրություններին: Հենց իրենց պատճառով է նաեւ, որ մենք ձայներ կորցրինք”,-բացականչեց Իզաբելլա Աբգարյանը:
Արմեն Մարտիրոսյանը պահանջեց ոստիկաններից թույլ չտալ նրանց մասնակցել իրենց հանրահավաքին: Քիչ էր մնում բանը հասներ ծեծկռտուքի, ինչը կանխվեց ոստիկանների միջամտության արդյունքում…
Ի վերջո, ակտիվիստները պահանջեցին հրապարակավ ներողություն խնդրել: ”Ժառանգության” անդամ Ստեփան Սաֆարյանը Արմեն Մարտիրոսյանի անունից ներողություն խնդրեց:
Անահիտ Բախշյան.
«Համբերություն պետք է ունենանք սպասել մինչև վաղը »
«Ժառանգություն» կուսակցության անդամ , նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջում համբերելու հորդորով է հանդես եկել.
«Սիրելի հայրենակիցներ, բոլոր նրանք, ովքեր պահանջում են «հիմա», համբերություն պետք է ունենանք սպասել մինչև վաղը ժամը 5-ը և Ազատության հրապարակում լսենք Րաֆֆիին, ով ահավոր մեծ պատասխանատվություն է ստանձնել մեր երկիրը իրավական ու օրինական ուղու վրա դնելու համար:
Խնդրում եմ մեր համբերատար լռությամբ, «Աստված իմաստություն տա» աղոթքով օգնենք իրեն, որ խորհրդակցելով իր կողքը կանգնած ազնիվ քաղաքական գործիչների հետ վաղը հայտարարի այն միակ օրինական որոշման մասին, որը կբխի մեր ժողովրդի սրտից, կբավարարի մեծամասնությանը, կբացառի որևէ բախում և ոչ մեկին փորձության չի տանի: Ես հավատում եմ Րաֆֆիին ու իր վճռականությանը»,- մասնավորապես գրել է Ա.Բախշյանը:
Ըստ մամուլի հրապարակումների
Դիտումների քանակը` 3626