«Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ»

 

Ապրիլի 7-ին Հայաստանում նշվում է Մայրության և գեղեցկության տոնը: Տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը,Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը:

 

 

Ն. Փաշինյան. «Երբեք չենք մոռանում մեր մայրերի, կանանց, քույրերի, դուստրերի մասին»

 

 

«Այսօր շատ գեղեցիկ օր է, և թույլ տվեք մեր բոլոր կանանց, մայրերին, քույրերին, դուստրերին նախ շնորհավորել Մայրության և գեղեցկության օրվա առիթով և մաղթել, որ այնուամենայնիվ այս տարին և այս գարունը մեր բոլորի հիշողությունների մեջ մնա ավելի շատ դրականով, քան բացասականով», – ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ շարունակելով. – «Իհարկե, հասկանալի է, որ այսօր ավելի շատ կենտրոնացած ենք և զբաղված ենք կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակով, բայց երբեք չենք մոռանում մեր մայրերի, կանանց, քույրերի, դուստրերի մասին»:

 

«Կրկին շնորհավորում եմ և մաղթում եմ երջանկություն՝ ամենակարևորը, մաղթում եմ, որ մեր բոլորի ընտանիքները լինեն երջանիկ, առողջ, բարեկեցիկ, և համոզված եմ, որ համատեղ աշխատանքով մենք կհասնենք այդ ամենին», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

Արմեն Սարգսյան.  «Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց»

 

 

«Սիրելի կանայք, այս տարի հատուկ ջերմությամբ և սիրով եմ շնորհավորում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ», – ասված է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

 

«Առանձնակի շնորհավորանքներս, բարեմաղթանքի ու շնորհակալության խոսքերս բժիշկ և բուժաշխատող կանանց, որոնք միշտ և հատկապես այս դժվարին օրերին զօր ու գիշեր, բժշկական օգնության հետ մեկտեղ հարազատի հոգատարություն ու խնամք են ցուցաբերում բուժհաստատություններում գտնվող հիվանդների հանդեպ։

 

Երախտագիտությունս նաև բոլոր այն կանանց՝ ոստիկան թե զինվորական, փրկարար թե ծառայող, ովքեր աշխատանքի, մասնագիտության բերումով և հոգու կանչով այս օրերին վտանգում են իրենց կյանքն ու առողջությունը բոլորիս համար, այն կանանց, ում ամուսիններն այս օրերին հիվանդանոցներից, ծառայությունից ու աշխատավայրից գրեթե տուն չեն գալիս՝ իրենց պարտքը կատարելով», – իր ուղերձում գրում է Հայաստանի նախագահը:

 

«Հայ կինը երբեք չի ընկճվել ու միշտ կարողացել է ամուր մնալ, հավատալով, որ ցանկացած դժվարություն անցողիկ է», – շեշտում է Արմեն Սարգսյանը:

 

 

Ամենայն Հայոց կաթողիկոս.  «Առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար»

 

 

Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, մասնավորապես ասված է. – «Սիրելի մայրեր ու դուստրեր, ներկայիս դժվարին և բարդ պայմաններում, երբ աշխարհը դիմագրավում է համավարակի փորձությանը, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին՝ այս դժվարին իրավիճակը հաղթահարելու համար։ Մարդկության և մեր ժողովրդի բարօրության, ապահովության, խաղաղության համար մեր Սուրբ Եկեղեցու աղոթքներին միախառնեք ձեր սրտաբուխ աղոթքը, որը Ձեր ամուր հավատքի և առ Աստված սիրո ու ապավինության շնորհիվ լսելի պիտի լինի Բարձրյալի կողմից՝ Իր փրկարար շնորհները, ամենաբուժիչ զորությունն ու ողորմությունը հեղելու աշխարհի վրա»։

 

 

Արման Թաթոյան. «Իմ առաքելությունն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը»

 

 

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորել է կանանց ապրիլի 7-ի՝ Մայրության և գեղեցկության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություններ և ժպտալու բազում առիթներ։

 

«  #Դարձիր_օրինակ  իրազեկման մեկամսյա արշավով մենք ցույց տվեցինք կանանց պատմություններ, ովքեր հաջողել են բիզնեսում, կառավարման գործում, զինված ուժերում և այլն: Այդ պատմություններից յուրաքանչյուրը կարծրատիպ կոտրելու, դժվարություններ ու վախեր հաղթահարելու օրինակ է: Այդ պատմությունները նաև օրինակ են, թե ինչպես են կանայք հաջողությամբ համատեղում ընտանիքն ու աշխատանքը։

 

Պետք է շարունակել հաջողություններով ոգեշնչել բոլորիս։ Իմ աշխատանքում առաքելություն եմ համարում նպաստել կանանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, որոշումների հարցում մասնակցությանը և վախերի ու կարծրատիպերի հաղթահարմանը:

 

Կնոջ համար պետք է լինեն իր մայրությունն անհոգ վայելելու բոլոր հնարավորությունները»,-ասված է ՄԻՊ գրասենյակի կողմից  տարածած խոսքում», – ասված է  Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձում։

 

 

Դիտումների քանակը` 1479

Գլխավոր էջ