Հայ  կանայք դարձել են ավելի ինքնուրույն, սակայն հիմնականում վաստակում են  ամուսնուց ավելի քիչ. հետազոտություն

 

Հայաստանում կանանց համեմատությամբ  ամուսնացած տղամարդկանց երկու անգամ ավելի մեծ մասնաբաժինն է աշխատում (համապատասխանաբար 42 և 89 տոկոս): Աշխատող տղամարդկանց 87 տոկոսը ստանում է դրամական վարձատրություն՝ համեմատած աշխատող կանանց 65 տոկոսի հետ: Աշխատող կանայք ավելի հավանական է, որ աշխատեն առանց վարձատրության (9 տոկոս), քան տղամարդիկ (1 տոկոս): Դրա մասին են վկայում  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած «Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտություն 2015-16. հիմնական արդյունքներ» զեկույցի (ՀԺԱՀ 2015-16) տվյալները:

 

 

Կանանց մասնակցությունը ընտանեկան որոշումներին աճել է

 

Զեկույցի հեղինակները նշում են, որ դրամական վարձատրություն ստացող ամուսնացած տասը կանանցից 9-ը որոշում են, թե ինչպես են օգտագործելու իրենց վաստակածը. նրանց 28 տոկոսը որոշում է ինքնուրույն, իսկ 67 տոկոսը՝ ամուսնու հետ համատեղ: Ընդ որում  կանանց երկու երրորդը վաստակում է ամուսնուց ավելի քիչ:

 

ՀԺԱՀ 2015-16-ի շրջանակում ամուսնացած կանայք հարցվել են հետևյալ 3 որոշումների կայացման գործընթացում իրենց մասնակցության մասին՝  սեփական առողջության պահպանում,  ՏՏ-ում հիմնական գնումների կատարում, այցելություն ընտանիքին կամ բարեկամներին: Ամուսնացած կանանց 96 տոկոսը մասնակցում է սեփական առողջության պահպանման վերաբերյալ որոշման կայացմանը, 92 տոկոսը՝ իրենց ընտանիքին կամ բարեկամներին այցելելու, իսկ 80 տոկոսը՝ ՏՏ-ում հիմնական գնումների կատարելու որոշման կայացմանը: Չորս կանանցից 3-ը մասնակցում են բոլոր երեք որոշումների կայացմանը, իսկ 2 տոկոսը չի մասնակցում երեք որոշումներից ոչ մեկի կայացմանը:  Կանանց մասնակցությունը բոլոր երեք որոշումների կայացմանը փոփոխվում է ըստ մարզերի՝  կազմելով 47 տոկոս Արարատում և 90 տոկոս Արմավիրում:

 

Բոլոր երեք որոշումների կայացմանը մասնակցող կանանց մասնաբաժինը 2000-ի 50 տոկոսից աճել է մինչև 82 տոկոս 2010-ին, սակայն 2015-16-ին մի փոքր նվազել է՝  կազմելով 77 տոկոս: Դրա հետ մեկտեղ այն կանանց մասնաբաժինը, ովքեր չեն մասնակցում որոշումներից և ոչ մեկի կայացմանը, 2000-ի 14 տոկոսից կտրուկ նվազել է՝ կազմելով 2 տոկոս 2015-16-ին:

 

Իրավիճակը փոքր-ինչ այլ է գույքի սեփականության հարցում: Այդպես, 15-49 տարեկան կանանց գրեթե կեսը (48 տոկոս) հանդիսանում է որևէ տան սեփականատեր կամ համասեփականատեր՝  համեմատած տղամարդկանց 72 տոկոսի հետ: Նմանապես, կանանց 16 տոկոսը որևէ հողատարածքի սեփականատեր կամ համասեփականատեր է՝ համեմատած տղամարդկանց 35 տոկոսի հետ: Տասը կանանցից և տղամարդկանցից 2-ն ունեն բանկային հաշիվ, և գրեթե բոլոր կանայք ու տղամարդիկ ունեն բջջային հեռախոս: Կանանց 29 տոկոսն օգտագործում է բջջային հեռախոսը ֆինանսական գործարքներ կատարելու նպատակով՝  տղամարդկանց 20 տոկոսի համեմատությամբ:

 

 

Բռնությունը թվերով

 

Երբևէ ամուսնացած յոթ կանանցից մեկն ամուսնու կողմից ենթարկվել է բռնության որևէ տեսակի՝ զգացմունքային, ֆիզիկական կամ սեռական: Կանանց 8 տոկոսը ենթարկվել է ամուսնական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Արարատում երբևէ ամուսնացած տասը կանանցից երեքը ենթարկվել են ամուսնական բռնության՝  համեմատած Սյունիքում կանանց մոտ 1 տոկոսի հետ: Ամուսնու կողմից բռնության ենթարկված կանանց մասնաբաժինը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց՝ կազմելով 24 տոկոս հիմնական կրթություն ունեցող կանանց և 9 տոկոս բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում:

 

Ինչ վերաբերում է սեռական բռնության դեպքերին, ապա զեկույցում արձանագրվում է, որ 15 -49 տարեկան կանանց 1 տոկոսը երբևէ ենթարկվել է սեռական բռնության, իսկ 1 տոկոսից պակասը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել սեռական բռնության (4 տոկոս): 15-49 տարեկան կանանց 6 տոկոսը 15 տարեկանից սկսած երբևէ ենթարկվել է ֆիզիկական բռնության, իսկ 3 տոկոսը ենթարկվել է բռնության վերջին 12 ամիսների ընթացքում: Կանայք Արագածոտնում ամենաշատն են ենթարկվել ֆիզիկական բռնության վերջին 12 ամիսների ընթացքում (14 տոկոս):

 

Նշվում է, որ երբևէ ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված կանանց 29 տոկոսը բռնությունը դադարեցնելու նպատակով դիմել է օգնության, մինչդեռ կանանց նույնքան մասնաբաժինը երբեք չի դիմել օգնության, սակայն որևէ մեկին պատմել է բռնության մասին: Ֆիզիկական կամ սեռական բռնության ենթարկված 10-ը կանանցից 4-ը երբեք չեն դիմել օգնության և ոչ մեկին չեն պատմել բռնության մասին:

 

 

Ծնելիության ցուցանիշը կայուն ցածր

 

Ներկայումս Հայաստանում կանայք միջինում ունենում են 1.7 երեխա:  2000 թ-ից ի վեր ծնելիության մակարդակը մնացել է կայուն՝ 1.7 երեխա: Ծնելիությունը քաղաքաբնակ (1.7 երեխա) և գյուղաբնակ (1.8 երեխա) կանանց շրջանում գրեթե չի տարբերվում: Ծնելիությունն էապես տարբերվում է ըստ մարզերի՝  Արագածոտնի և Գեղարքունիքի 1.1 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցներից մինչև Տավուշի 2.4 ծնունդ մեկ կնոջ հաշվով գործակիցը: Համեմատության համար նշենք, որ 1990-ականների սկզբում ծնելիության գործակիցը Հայաստանում  կազմել է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով: Զեկույցի հեղինակները նշում են, որ ծնելիությունը նվազում է կնոջ կրթական մակարդակի աճին զուգընթաց: Այսպես, միայն հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում այս գործակիցը կազմում է 2.8 ծնունդ մեկ կնոջ հաշվով, մինչդեռ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում՝ 1.6 ծնունդ մեկ կնոջ հաշվով:   Կանայք առաջին անգամ ծննդաբերում են ամուսնությունից հետո մոտ 1.5 տարի անց. Մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ 22.8 է:  Մեդիան տարիքն էապես փոփոխվում է ըստ մարզերի: Գեղարքունիքում բնակվող կանանց համեմատությամբ՝ Երևանում բնակվող կանանց մեդիան տարիքն առաջին ծննդաբերության ժամանակ մոտ 3 տարով ավելի է՝ համապատասխանաբար 21.4 և 24.5 տարեկան:

 

Ծնելիությունը դեռահասների շրջանում 15-19 տարեկան դեռահաս կանանց 4 տոկոսն արդեն մայր է կամ հղի է առաջին երեխայով: Մանկածնման գործընթացը սկսած դեռահասների մասնաբաժինը փոփոխվում է ըստ մարզերի. այսպես, ամենափոքր մասնաբաժինը՝ 1-ական տոկոս, Լոռիում և Սյունիքում է, իսկ ամենամեծը՝ 12 տոկոս, Արմավիրում: Մանկածնման գործընթացը սկսած դեռահասների մասնաբաժինը նվազում է տնային տնտեսության բարեկեցության աճին զուգընթաց՝ կազմելով 6 տոկոս ամենաաղքատ ՏՏ-ների և մոտ 1 տոկոս՝  ամենաբարեկեցիկ ՏՏ-ների դեռահաս կանանց շրջանում:

 

 

Աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինը նվազում  է

 

 Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը նվազում է:  Հետազոտությանը նախորդող 3 տարիների ընթացքում բոլոր հղիությունների 69 տոկոսն ավարտվել է կենդանի ծնունդով, 23 տոկոսը՝ աբորտով: 9 տոկոսը՝  վիժումով կամ մեռելածնությամբ: համեմատության համար՝   2000 թվականին հղիության արհեստական ընդհատումների մասնաբաժինը կազմել է 55 տոկոս, 2005 թվականին` 45 տոկոս, իսկ 2010 թվականին` 29 տոկոս: Ըստ հղիությունների հերթականության՝ աբորտով ավարտված հղիությունների մասնաբաժինն աճում է: Այսպես, առաջին հղիությունների 2 տոկոսն է ավարտվել աբորտով՝ համեմատած հինգերորդ (կամ հաջորդ) հղիությունների 65 տոկոսի հետ: Հղիությունների ելքերը մեծապես փոփոխվում են ըստ մարզերի: Սյունիքում հղիությունների 4 տոկոսն է ավարտվել աբորտով՝ համեմատած Գեղարքունիքում հղիությունների 57 տոկոսի հետ:

 

 

Ինչ վերաբերում է կյանքի ընթացքում կատարած աբորտներին, ապա Հայաստանում 15-49 տարեկան չորս կանանցից մեկը երբևէ կատարել է աբորտ: Աբորտների հավանականությունն աճում է տարիքին և կենդանի երեխաների թվաքանակի աճին զուգընթաց: Կանայք Սյունիքում ամենաքիչն են հակված աբորտ կատարելուն (9 տոկոս), մինչդեռ կանայք Արմավիրում և Գեղարքունիքում՝ ամենաշատը (35-ական տոկոս): Երբևէ աբորտ կատարած կանանց գրեթե կեսը (47 տոկոս) կատարել է երկուսից երեք աբորտ, իսկ 39 տոկոսը՝ մեկ: Աբորտով ավարտված հղիությունների 49 տոկոսի դեպքում կանայք չեն օգտագործել հակաբեղմնավորման ոչ մի մեթոդ, 41 տոկոսի դեպքում օգտագործել են որևէ ավանդական մեթոդ, իսկ 10 տոկոսի դեպքում՝ որևէ ժամանակակից մեթոդ:

 

 

Անդրադառնալով աբորտների պատճառներին, զեկույցի հեղինակները նշում են, որ հետազոտությանը նախորդող 3 տարիների ընթացքում կատարված աբորտների երկու երրորդը պայմանավորված է եղել այն փաստով, որ կինն այլևս չի ցանկացել երեխաներ ունենալ, 8 տոկոսը պայմանավորված է եղել պտղի՝ արատներ ունենալու վտանգով, 8 տոկոսի դեպքում որպես պատճառ նշվել է սեռի ընտրությունը, իսկ 7 տոկոսի դեպքում՝ մոր առողջության հետ կապված մտահոգությունները:

 

 

 

Սեռական կյանք. սկիզբ

 

Հայաստանում կանայք և տղամարդիկ գրեթե նույն տարիքում են սկսում սեռական կյանքը: 25-49 տարեկան կանանց և տղամարդկանց համար մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 21.2 է: Սա նշանակում է, որ կանանց և տղամարդկանց կեսը սկսում է սեռական կյանքը մինչև 21.2 տարեկանը, իսկ մյուս կեսը՝  21.2 տարեկանից հետո: Հիմնական կրթություն ունեցող կանանց շրջանում մեդիան տարիքն առաջին սեռական հարաբերության ժամանակ 18.6 է, մինչդեռ բարձրագույն  կրթություն ունեցողների շրջանում՝  23.9: Որևէ հստակ կապ առաջին սեռական հարաբերության ժամանակ տղամարդկանց տարիքի և նրանց կրթական մակարդակի միջև չկա:

 

Կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության ժամանակ 21.4 է, այսինքն՝ սեռական կյանքը սկսելուց հետո՝  կարճ ժամանակ անց: Տղամարդիկ ավելի մեծ տարիքում են ամուսնանում. 30-49 տարեկան  տղամարդկանց շրջանում ամուսնության մեդիան տարիքը 25.9 է: Կանանց մեդիան տարիքն առաջին ամուսնության  ժամանակ կտրուկ աճում է կրթական մակարդակի աճին  զուգընթացª կազմելով 18.8 տարի հիմնական կրթություն  ունեցող կանանց շրջանում և 24.1՝ բարձրագույն կրթություն ունեցողների շրջանում:

 

Կյանքի ընթացքում կանանց ունեցած սեռական զուգընկերների միջին թվաքանակը 1.1 է. իսկ տղամարդկանց ունեցած միջին թվաքանակը՝ 4.0: Վերջին 12 ամիսների ընթացքում կանանց 1 տոկոսից պակասը և տղամարդկանց 5 տոկոսն ունեցել են երկու կամ ավելի սեռական զուգընկերներ:

 

 

Տեղեկացվածությունը  ՁԻԱՀ-ի մասին

 

ՀՀ-ում 15-49 տարեկան տասը կանանցից և տղամարդկանցից  9-ը լսել են ՁԻԱՀ-ի մասին: Կանայք և տղամարդիկ Գեղարքունիքում ամենաքիչն են լսել ՁԻԱՀ-ի մասին (համապատասխանաբար 50 և 69 տոկոս): 15-49 տարեկան կանանց 72 և տղամարդկանց 73 տոկոսը գիտեն, որ ՄԻԱՎ-ով վարակվելու վտանգը կարող է նվազել պահպանակ օգտագործելու և միայն մեկ չվարակված զուգընկեր ունենալու միջոցով: ՄԻԱՎ-ի կանխարգելման մեթոդների իմացության մակարդակն աճում է կրթական մակարդակի աճին զուգընթաց: Հարցված  կանանց և տղամարդկանց կեսից պակասը գիտեն վայր, որտեղ կարող են անցնել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն: Կանանց 12 և տղամարդկանց 1 տոկոսն անցել են ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և ստացել դրա արդյունքները: Իսկ վերջին 12 ամիսների ընթացքում կանանց 3 և տղամարդկանց 1 տոկոսից պակասն են անցել ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն և ստացել դրա արդյունքները:

 

 

***

 

Հետազոտությունն իրականացվել է ազգային մակարդակով ներկայացուցչական ընտրանքի միջոցով, որի շրջանակում բոլոր ընտրված տնային տնտեսություններում 15-49 տարեկան 6,116 կին և բոլոր ընտրված տնային տնտեսությունների կեսում 15-49 տարեկան 2,755 տղամարդ մասնակցել են հարցազրույցի: Այսինքն՝ կանանց շրջանում պատասխանների տեսակարար կշիռը 98 տոկոս է, իսկ տղամարդկանց շրջանում՝ 97: Ընտրանքն ապահովում է ցուցանիշների հաշվարկում ազգային ու մարզային մակարդակով՝ ներառյալ Երևանը, և քաղաքային ու գյուղական բնակավայրերի համար: Հետազոտության նպատակն է ապահովել վստահելի ցուցանիշներ ծնելիության և հղիության արհեստական ընդհատումների մակարդակների, ամուսնության, սեռական ակտիվության, ծնելիության հետ կապված նախապատվությունների, հակաբեղմնավորման մեթոդների մասին գիտելիքների, դրանց կիրառման, կրծքով կերակրման, վաղ տարիքի երեխաների սնուցման կարգավիճակի, մոր և մանկան առողջության, երեխաների հիվանդությունների, կանանց նկատմամբ ընտանեկան բռնության, երեխայի դաստիարակության, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակների (ՍՃՓՎ) մասին գիտելիքների և վարքագծի, և առողջությանն առնչվող այլ հարցերի (օր.՝ ծխախոտի օգտագործում, տուբերկուլոզ, սակավարյունություն) վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել ծրագրերի ղեկավարների և քաղաքականություն մշակողների կողմից գործող ծրագրերը գնահատելու և բարելավելու նպատակով:

 

Պատրաստեց Լիա Խոջոյանը

 

Դիտումների քանակը` 3415

Գլխավոր էջ