Հայ կանայք բանակում. կողմ եւ դեմ

 

Արտահայտվում են ծառայած տղամարդիկ

 

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 2013-2014 թթ. ուսումնական տարում հայտարարում է իգական սեռի ներկայացուցիչների ընդունելություն ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում: Սա կանաչ լույս է վառում բոլոր այն աղջիկների համար, ովքեր ցանկանում են լինել եւ իրենց պատկերացնում են ՀՀ զինված ուժերում: Սա նաեւ կարող է նախադրյալներ ստեղծել, որպեսզի հետագայում աղջիկները եւս զորակոչվեն բանակ: Որքանո՞վ է մեր բանակը պատրաստ իր շարքերն ընդունելու կանանց եւ աղջիկներին, ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել կանանց զանգվածային մուտքը զինված ուժեր եւ ի՞նչ դրական արդյունքներ կտա: Այս հարցերի շուրջ զրուցեցինք ծառայած եւ վերջերս զորացրված զինծառայողների հետ:

 

 

Կարապետյան Ներսես. «Ես կողմ եմ կանանց ներգրավվածությանը, կարծում եմ, կանանց համար էլ շատ օգտակար կլինի ծառայել բանակում: Եթե մենք հավասարություն ենք ուզում, թող հավասար լինենք նաեւ հայրենիքի նկատմամբ մեր պարտքով: Մի շատ կարեւոր հարց էլ կա, որ երբ կանայք զանգվածաբար ներգրավվեն զինված ուժերում, դրանով կկոտրվի տղամարդկանց  մենաշնորհը: Հայ տղամարդիկ հիմնականում դրանով էլ են իրենց բարձր դասում կանանցից, որ իրենք պաշտպանում են մեր երկիրը, իսկ կանայք՝ ոչ»:

 

 

Ամատուն Առաքելյան. «Եթե կանայք վարչակազմում լինեն, կարծում եմ, որեւէ խնդիր չի լինի, իմ ծառայության ընթացքում էլ մեր զորամասի շտաբում տասնյակ կանայք կային: Բայց զորքի մեջ ծառայելը շատ դժվար կլինի: Ես չեմ պատկերացնում, թե կինն ինչպես է ղեկավարելու վաշտը կամ դասակը: Տղամարդ սպաներին էլ հաճախ դա չի հաջողվում, կնոջն առավել եւս չեն ենթարկվի»:

 

Ռուբեն Ղազարյան. «Հայ կանայք կարող են ծառայության անցնել բանակում, նրանց հնարավորությունները բավարար են, ուղղակի դա մեր մենթալիտետին դեմ է: Բայց մենք պիտի գիտակցենք, որ մեր երկրի ապագայի կայունության երաշխիքը կարող է լինել հենց կանանց ներգրավվածությունը բանակում, քանի որ այսօր էլ արդեն մենք թվաքանակի խնդիր ունենք, տարիներ անց իրավիճակը կարող է ավելի վատ լինել: Անհրաժեշտ է, որ կանայք էլ ծառայեն»:

 

 

Մհեր Դավթյան. «Մեր բանակը դեռ չի հասել այն մակարդակի, որ ապահովի նորմալ հայ կնոջ համար քաղաքակիրթ միջավայր: Բանակում հայհոյանքը շատ է, գողական վարքը շատ է: Ես ծայրամասային զորամասում եմ ծառայել, որտեղ աշխատող կանանց լավ աչքով չէին նայում: Մինչեւ էս կարծրատիպը չկոտրվի, նորմալ կանայք չեն ցանկանա գալ բանակ»:

 

 

Սարգիս Ղարիբյան. «Լավ կլիներ, եթե կին սպաներ շատ ունենայինք, բայց իմ կարծիքով, դա դեռեւս հնարավոր չէ: Եթե այսօրվա հայ տղամարդը կնոջը չի հարգում, նրա իրավունքները ոտնահարում է, ամեն օր բռնության է ենթարկում, ոնց է այդ նույն հայ տղամարդը կատարելու կնոջ հրամանը»:

 

 

Դավիթ Անտոնյան. «Ինչի՞ մեզ ինչ է եղել, որ աղջիկները ծառայեն: Բա ամոթ չի՞: Տղերքի հոգեբանությունը կխախտվի դրանից: Թող մեր աղջիկներն ու կանայք հանգիստ լինեն, մենք կապահովենք իրենց անվտանգությունը»:

 

 

Արամ Եփրեմյան. «Ես միայն ուրախ կլինեմ, որ աղջիկները գան բանակ, որ կին սպաներ էլ ունենանք: Սահմանային զորամասերում ծառայող երիտասրադ սպաները հիմնականում միայնակ են, նրանք էլ կգտնեն իրենց երկրորդ կեսին, հենց սահմանային գյուղերում էլ ընտանիք կկազմեն ու կամրապնդեն մեր դիրքերը»:

 

 

Արսեն Ենոքյան. «Աղջիկները չեն դիմանա, նրանք շատ փխրուն են, ագրեսիվ չեն, նրանց շատ քիչ տոկոսը կկարողանա կրել այն դժվարությունները, որ մենք ենք տեսել: Եթե կանանց համար առանձին զորամասեր ստեղծեն ու հատուկ պայմաններ ապահովեն, միայն այդ դեպքում եմ պատկերացնում աղջիկներին բանակում»: Սոս Դանիելյան. «Կանայք շատ բան կարող են փոխել բանակում, նրանց ներկայությունը միայն բավական կլինի, որ տղամարդիկ իրենց ավելի զուսպ, ավելի քաղաքակիրթ պահեն: Այն միջավայրում, որտեղ միայն տղամարդիկ են, բոլորովին այլ մթնոլորտ է տիրում»:

 

Նարե Սահակյան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Աղջիկների մուտքը ռազմական հաստատություններ՝ բանակի բարեփոխումների մի մասն է

Նրան Ռեմբո էին ասում…

«Անժելիկան տղես ա. պիտի ծառայի»…

Դրա մասին կարող են երազել ոչ միայն «իսկական տղամարդիկ»…

Նրանք բանակի մասին մանկուց են երազել…

«Աղջիկներն իրենց օրինակով կարող են ապացուցել, որ խաղաղ պայմաններում բանակում զոհ չի կարող լինել»…

Կանայք աշխարհի բանակներում և մարտի դաշտում

Ղարաբաղյան պատերազմի կանացի դեմքը

 

Դիտումների քանակը` 16853

Գլխավոր էջ