Հայ ընտանիքները՝ թվերով
Մեր երկրում ամուսնացած է տղամարդկանց 63, իսկ կանանց՝ 58 տոկոսը: Այրի կանայք կազմում են 14 տոկոս, իսկ տղամարդիկ՝ 3 տոկոս: Ամուսնալուծված տղամարդկանց թիվը 1.2 տոկոս է, իսկ կանանց թիվը՝ 3.8 տոկոս: Ծնված ամեն 10-րդ երեխայի մայրը դիմում է և խնդրում իրեն ձևակերպել որպես միայնակ մայր: Նրանց թիվը Հայաստանում 125 հազար է:
Ամուսնանում են ավելի քիչ, ամուսնալուծվում ավելի շատ
2016 թվականի ընթացքում 16 294 ամուսնություն է գրանցվել: 2015թ. հունվար դեկտեմբերի համեմատ ամուսնությունները նվազել են 7.4%-ով: Վերջին մի քանի տարիների ընթացքում այս ցուցանիշը հետևողականորեն նվազում է. 2015թ.-ին արձանագրվել է ամուսնության 17 603 դեպք, 2014թ.-ին այդ թիվը 18 912 էր, 2013թ.-ին՝ 18 363 , 2012թ-ին՝ 19 063:
Հանրապետությունում 2016թ. հունվար-դեկտեմբերին գրանցված 1 000 ամուսնության դեպքերի համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 224 դեպք` 2015թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 208-ի համեմատ: : Այսինքն, չորս ամուսնությանը բաժին է ընկնում մոտ մեկ ամուսնալուծություն: Ի դեպ, ամուսնալուծությունների գրեթե մեկ/երրորդը տեղի է ունենում 20 և ավելի տարվա համատեղ կյանքից հետո:
Ամուսնության տարիքը գնալով բարձրանում է
Հայաստանում ամուսնանում են ավելի ու ավելի ուշ. եթե 2001 թ.-ին առաջին ամուսնության միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, տղամարդկանց համար՝ 28.8, իսկ 2015թ.-ի դրությամբ տղամարդկանց համար կազմել է 29.4, կանանց համար` 26.2 տարեկան:
Երեխաներ՝ շատ ուզում են, քիչ ունենում
Հայաստանցիների 45%-ը կարծում է, որ իդեալականը ընտանիքի համար 3 երեխա ունենալն է, իսկ 23%-ի համար իդեալականը՝ 4 երեխան է, մինչդեռ Հայաստանի ընտանիքների միայն 5%-ը ունի երեք երեխա և միայն 1% -ը՝ չորս երեխա… Ընտանիքների 57.1%-ը մինչև 16 տարեկան երեխաներ չունեն: Ծնելիության գումարային գործակիցն էլ կազմում է 1.58, ինչը չի ապահովում բնակչության պարզ վերարտադրումը: Մոր միջին տարիքը երեխայի ծննդյան ժամանակ կազմում է 26.4 տարեկան, իսկ առաջին երեխայի ծննդյան ժամանակ` 24.4 տարեկան:
Անպտղության ցուցանիշը Հայաստանում բարձր է՝ 16.8 տոկոս, ինչը գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանած ճգնաժամային ցուցանիշը (15%): Սա նշանակում է, որ մոտավորապես յուրաքանչյուր վեց զույգից մեկը չի կարողանում երեխա ունենալ:
2016 թվականին Հայաստանում ծնվել է 40 638 երեխա, 2015 թվականին` 41 763, իսկ 2014-ին` 43 031 երեխա: Ըստ մասնագետների, ծնելիությունը հանրապետությունում, ընդհանուր առմամբ, անկում ունի, և դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հիմա վերարտադրողական տարիք են մտել նրանք, ովքեր ծնվել են 90-ական թվականներին և 2000-ականների սկզբին, երբ ծնելիությունը շատ ցածր էր:
2016 թվականի ընթացքում նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անուններն են եղել Մարինան, Նարեն, Մանեն, Մարին և Մարիամը: Տղաների առավել հաճախ հանդիպող անունները եղել են Դավիթը, Նարեկը, Ալեքսը, Տիգրանը և Հայկը:
2015թ.-ին մինչև 16 տարեկան երեխաներ չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 57.1%՝ 2004թ.-ի 45.3%-ի և 2010թ.՝ 53.4%-ի համեմատ: 2014-ի համեմատ նվազել է 1 և 3 երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինները, իսկ 2 երեխա ունեցողների մասնաբաժինն աճել է և կազմել է` 20.3%, 2014-ի 18.5%-ի համեմատ:
Նախընտրում են տղա երեխա ունենալ
Մեր ընտանիքները միջինը վեց անգամ ավելիշատ ուզում են ունենալ տղա, քան աղջիկ, և դրա արդյունքում տեղ գտած հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատման պատճառով Հայաստանում տարեկան չի ծնվում միջինը 1400 աղջիկ: Այդուհանդերձ, արդեն ծնված երեխան, անկախ սեռից, ստանում է միևնույն խնամքը՝ առանց խտրականության։
Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 -ին Հայաստանում նորածինների սեռերի համամասնությունը եղել է 112 տղա՝ 100 աղջկա դիմաց: Անցած տարի լույս աշխարհ է եկել 19 հազար 147 աղջիկ և 21 հազար 445 տղա: Թեև այդ ցուցանիշը դեռևս բարձր է բնական համամասնությունից (102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց), այդուհանդերձ, ինչպես նշում են մասնագետները, առկա է շարունակական դրական միտում: Համեմատության համար, 2013 թ․-ին նորածինների սեռերի համամասնությունը 114 տղա էր՝ 100 աղջկա դիմաց:
Ընտանեկան և ծննդյան միանվագ նպաստ են ստանում
Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամփոփ տեղեկատվության, 2016թ. տարեվերջին ընտանեկան և սոցիալական նպաստներ ստացող ընտանիքների քանակը կազմել է 106 431, որի 75.2%-ը բաժին է ընկել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքներին: Նրանցից 80 038-ը ստանում է ընտանեկան նպաստ: Ընտանեկան նպաստ ստացող առավել շատ ընտանիքներ ապրում են Լոռիում (14 761), Գեղարքունիքում (11 658) ու Շիրակում (11 515):
Մեկ ընտանիքի ամսական նպաստի միջին չափը կազմել է 31 350 դրամ: Մինչև 2 տարեկան երեխաների թվաքանակը, որոնց համար նշանակվել է նպաստ, 2016-ի վերջին կազմել է 12 374 մարդ, նշանակված ամսական նպաստի չափը՝ 18 000 դրամ:
2016-ի վերջին չաշխատող անձին տրվող մայրության նպաստ ստացողների թիվը 28 231 է:
2015թ.-ին մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող տնային տնտեսությունների 23.4%-ը ստացել է ընտանեկան նպաստ, այդ թվում` ընտանեկան նպաստ ստացել է աղքատ տնային տնտեսությունների 22.0%-ը, ծայրահեղ աղքատների` 35.8%-ը և ոչ աղքատների` 16.6%-ը:
2016թ. տարեվերջին երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստացել է 40 887 ընտանիք, նշանակված նպաստների քանակը կազմել է 41 663:
Ընտանիքներից 16 836-ում ծնվել է առաջին երեխան, 15 928-ում՝ երկրորդ երեխան, 7 385-ում՝ երրորդ երեխան, 383-րդում 5-րդ կամ հաջորդ երեխան: Այս վերջին ցուցանիշով առաջատար է Սյունիքի (51 ընտանիք), Արմավիրի (50 ընտանիք) մարզերն ու Երևանը (57): Առավել Ցածր ցուցանիշը Տավուշում է, այստեղ մեկ տարվա ընթացքում ընդամենը 10 ընտանիքում է ծնվել 5-րդ կամ հաջորդ երեխա:
Ընտանիքների մեկ երրորդը կանայք են գլխավորում
Հանրապետությունում կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմում է` 34.3% (քաղաքային բնակավայրերում՝ 37.7%, իսկ գյուղական բնակավայրերում` 27.8%):
2015թ. կին գլխավոր ունեցող մեկ տնային տնտեսությանը միջին հաշվով բաժին է ընկել մինչև 16 տարեկան 0.33 երեխա, իսկ տղամարդ գլխավոր ունեցող տնային տնտեսությանը` 0.48:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակը 2015թ.-ին բարձր է տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսությունների աղքատության մակարդակից (32.1%՝ 28.9%-ի դիմաց): Միջին հանրապետական մակարդակի համեմատ` մինչև 6 տարեկան երեխա ունեցող կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններն աղքատ լինելու ավելի մեծ (1.4 անգամ) ռիսկ ունեն:
Յուրաքանչյուր երրորդ երեխան աղքատ է
Հայաստանում երեխաների գրեթե մեկ երրորդը թե՛ աղքատ է, թե´ ունի բազմակի համընկնող խոցելիություն/կարիքավորություն: Մանկական աղքատության ցուցանիշ ներն էապես տատանվում են` կախված ընտանիքում երեխաների թվից: Բազմանդամ ընտանիքների երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է. մինչև 18 տարեկան երեք կամ ավելի երեխա ունեցող ընտանիքներում աղքատ է երեխաների 46.7%-ը (բոլոր երեխաների մեջ 33.7%-ի համեմատ), իսկ մեծ ընտանիքներում ծայրահեղ աղքատ է երեխաների 4.9%-ը (բոլոր երեխաների 2.5 %-ի համեմատ): Նշենք, որ 2015թ.-ի ընթացքում Հայաստանում աղքատության մակարդակը կազմել է 29.8%:
Տարիքով ավելի փոքր երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է: Աղքատության ռիսկն ավելի մեծ է այն ընտանիքների երեխաների շրջանում, որոնցում կրտսեր երեխան հինգ տարեկան է կամ ավելի փոքր: Նշված ընտանիքներում աղքատ է երեխաների 37.4 %-ը, մինչդեռ այն ընտանիքներում, որոնցում կրտսեր երեխան 6-14 տարեկան է, աղքատ է երեխաների 30.3%-ը:
Մեկ կամ ավելի հաշմանդամությամբ երեխա ունեցող տնային տնտեսություններում աղքատության և ծայրահեղ աղքատության ռիսկն ավելի բարձր է: Չնայած որ երեխաների ընդամենը 1,3 %-ն ունի հաշմանդամություն, նրանց 46.2%-ն աղքատ է, իսկ 11.1%-ը՝ ծայրահեղ աղքատ: Այդպիսի երեխաներն աղքատ երեխաների թվում կազմել են 1,8% , ընդ որում` աղքատության գծից նրանց միջին շեղումը (խորությունը) կազմել է 12%:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը բարձր է: Երեխաների ընդհանուր թվաքանակի մոտ մեկ քառորդը (25.3%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 40.2%-ն աղքատ է, իսկ տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում այն կազմում է 31.5%:
Մանկական աղքատության վրա ազդող կարևոր գործոններից է նաև տնային տնտեսության գլխավորի ամուսնական կարգավիճակը: Ամուրի (չամուսնացած), այրի կամ ամուսնալուծված գլխավորով տնային տնտեսություններում ապրող երեխաների աղքատ լինելու հավանականությունն ավելի բարձր է (38.8%), քան ամուսնացած կամ համատեղ բնակվողներինը (31.8%):
Աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների կացարանային ավելի վատ պայմաններում ապրելու հավանականությունը բարձր է, նրանք ավելի հաճախ են զրկված են այնպիսի կացարանային հարմարություններից,ինչպիսիք են` խոհանոցը, լոգարանը կամ ցնցուղը, հոսող տաք ջուրը, կենտրոնացված գազամատակարարումը: Օրինակ, անբավարար ջեռուցման խնդիր ունեցող տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 52% և ծայրահեղ աղքատ երեխաների 76%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 42%-ի համեմատ: Խոնավ տնային տնտեսություններում է բնակվում աղքատ երեխաների 34% և ծայրահեղ աղքատ երեխաների 45%-ը` երեխաների ընդհանուր թվաքանակի շրջանում արձանագրված 27%-ի համեմատ:
Սպանությունների 17% –ը ընտանեկան բռնության դեպքեր են
ՀՀ քննչական կոմիտեում 2015թ.-ին գրանցվել է ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության և ծանր մարմնական վնաս պատճառելու 23 դեպք, որից 16-ը՝ սպանություն. այն կազմում է հանրապետությունում ընդհանուր առմամբ գրանցված սպանությունների 17 տոկոսը։
Ընտանեկան բռնության կանխարգելման խնդիրներով զբաղվող ՀԿ-ների տվյալներով, 2010-2015 թվականների ընթացքում ընտանեկան բռնության զոհ են դարձել 35 կին:
Հայաստանում մոտավորապես յուրաքանչյուր 10 կնոջից 6-ը զուգընկերոջ կողմից ենթարկվում է հոգեբանական բռնության, 10 կնոջից 1-ը՝ ֆիզիկական բռնության, իսկ ֆիզիկական բռնության ենթարկված ամեն 5 կնոջից 4-ը՝ սեռական բռնության:
«Տղամարդկանց 52,3%-ն է խոստովանել, որ իրենք ենթարկում են հոգեբանական բռնության իրենց զուգընկերոջը, 28%-ն ասել է, որ զուգընկերոջը ենթարկում է տնտեսական բռնության, իսկ 17,4%-ը խոստովանել է, որ զուգընկերոջը ենթարկում է ֆիզիկական բռնության»… Տղամարդկանց 95,5%-ը ասել է, որ վերահսկողական վարք է կիրառում զուգընկերոջ նկատմամբ», – փաստում են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ 2016-ին անցկացված «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» սոցոլոգիական հետոզոտության արդյունքները
Քննչական կոմիտեի վարույթում 2016 թվականի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 359 քրեական գործ: Դրանցից 222-ը վերաբերել է ծեծին, 45-ը՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին, 23-ը՝ 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերությանը կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն, 19-ը՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելուն, 10-ը՝ սպանությանը, 7-ը՝ ծանր մարմնական վնասվածք պատճառելուն: Ընտանիքում կատարված հանցագործություններից 3-ը եղել են մոր , 14-ը՝ հոր, 3-ը՝ խորթ հոր, 9-ը՝ եղբոր/քրոջ, 15-ը՝ զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 2-ը՝ կնոջ, 136-ը՝ ամուսնու, 3-ը՝ թոռան, 6-ը՝ ամուսնու ծնողների, 15-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված: Դրա հետ մեկտեղ, 206 քրեական գործի վարույթ կարճվել է՝ մեծամասամբ բողոքի բացակայության կամ տուժողի՝ մեղադրյալի հետ հաշտվելու հիմքով։ Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 89 անձի վերաբերյալ:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Աղբյուրներ՝
ԱՎԾ հրապարակումներ, իրավապահ մարմինների պաշտոնական հաղորդագրություններ, ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի հետազոտություններ
Դիտումների քանակը` 3709