Հայրերն ու դեկրետային արձակուրդը
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ 2-րդ դստեր լույս աշխարհ գալուց հետո 1 ամսով դեկրետային արձակուրդ կվերցնի: Միջազգային լրատվամիջոցները շտապեցին ներկայացնել մանրամասները՝ նշելով, որ «Facebook-ն իր աշխատողներին (և՛ կանանց, և՛ տղամարդկանց) 4 ամսվա դեկրետային արձակուրդ է տրամադրում, քանի որ, ուսումնասիրությունների համաձայն, երբ աշխատող ծնողները կարողանում են ազատ ժամանակ ստանալ ու այն անցկացնել նորածնի հետ, դա լավ է անդրադառնում ամբողջ ընտանիքի վրա:
«Երբ Մաքսիման (առաջին դուստրը- խմբ. ) ծնվեց, ես օգտվեցի 2 ամիս տևողությամբ դեկրետային արձակուրդից, ու այնքան գոհ եմ, որ կարողացա նրա կյանքի առաջին ամիսների ընթացքում կողքին լինել: Շուտով ծնվելու է մեր մյուս աղջիկը, ու ես կրկին մտադիր եմ դեկրետային արձակուրդ գնալ»,-իր պաշտոնական էջում գրել է միլիարդատերը: Նա նաև մանրամասնել է, որ արձակուրդի առաջին ամիսը կվերցնի անմիջապես դստեր ծնվելուց հետո, իսկ 2-րդ ամիսը՝ դեկտեմբերին: «Վստահ եմ, որ ընկերությունը դեռևս կանգուն կլինի, երբ ես վերադառնամ»,-հավելել է Ցուկերբերգը: Նշենք, որ 33-ամյա Մարկ Ցուկերբերգը ամուսնացել է Պրիսցիլա Չանի հետ 2012-ին, նրանց առաջնեկը՝ Մաքսիման, ծնվել է 2015թ.:
Առաջնեկի ծնվելու կապակցությամբ դեկրետային արձակուրդ գնալու իր ցանկության մասին բոլորովին վերջերս հայտարարեց նաև «Թող խոսեն» թոք շոուի արդեն արդեն նախկին հաղորդավար Անդրեյ Մալախովը: Լրատվամիիջոցներն այդ կապակցությամբ գրեցին, որ հենց դա էր հանդիսացել Առաջին ալիքից նրա հեռանալու հիմնական պատճառը: Գրում էին, իբր պրոդյուսեր Նատալյա Նիկոնովան ՝ ի պատասխան դեկրետ գնալու դիմումին առաջարկել էր նրան կողմնորոշվել ՝ դայակ է թե հաղորդավար:
Ի դեպ, հոր համար երեխայի ծնվելու հետ կապված արձակուրդն օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունն ու դրա հետ կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն՝ նորածինների հայրերը դեկրետային արձակուրդի ժամանակ պետք Է ստանան նպաստներ, որոնք համարժեք են կամ գերազանցում են վճարումների չափը ժամանակավոր անաշխատունակության դեպքում: Այս տարվա ապրիլին Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրամիության անդամ երկրներում սահմանել հայրերի համար նորածինների խնամքի պարտադիր միանվագ արձակուրդ առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով: Նախագիծը կոչված Է «խրախուսել տղամարդկանց»՝ ստանձնելու նորածին երեխաների «խնամքի պարտականությունների ավելի հավասար բաժին»:
ՄԱԿ-ը նույնպես որդեգրել է նման քաղաքականություն՝ հանդես գալով նորածինների հայրերի համար դեկրետային արձակուրդների պրակտիկայի ներդրման օգտին և ընդգծելով, որ մայրերի առողջությունը եւ հայրերի համար դեկրետային արձակուրդը չափազանց կարեւոր են, որպեսզի ծնողներին հնարավորություն տրվի նորածիններին նվիրել կյանքի ամենալավ սկիզբը:
Նշենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգիրքը նախատեսում է հայրերի համար մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդ (Հոդված 173, 1), որը տրամադրվում է երեխային փաստացի խնամող ընտանիքի մոր (խորթ մոր), հոր (խորթ հոր) կամ խնամակալի ցանկությամբ: Արձակուրդը կաչելի է վերցնել ամբողջությամբ կամ մաս առ մաս: Աշխատանքային օրենսգրքի հոդված 176 –ով նախատեսվում է նաև չվճարվող արձակուրդ, որը տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: Այդ արձակուրդի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել երկու ամիսը: Գործնականում սակայն հայ տղամարդկանցից քչերն են օգտվում այդ հնարավորությունից: Մի կողմից կարծրատիպերն են խանգարում՝ իբր տղամարդու համար ամոթ է «դեկրետ» գնալ, մյուս կողմից՝ աշխատանքը կորցնելու մտավախությունը…
Դիտումների քանակը` 3633