Հայկաձորի կանանց օրը օր չի, միակ ուրախությունը՝ տիկին Գայանն է…
«Կնոջ օրը օր չի» ասածը, թերևս, գյուղական արմատներ ունի. երևի թե միայն գյուղի կինն է կարող է գոմում երեխա ծննդաբերել և ոչ թե հղիության ինը ամիսներին փնտրել, գտնել ու ծննդաբերել համապատասխան պայմաններով բուժհաստատությունում ու երևի թե միայն գյուղի կինը կարող է ամուսնու հետ ընկնել գյուղից գյուղ, մարզից մարզ ու փոքր մեքենայի բեռնախցում ապրանք տեղափոխելով` այդպիսով իրեն աշխատավարձ ապահովել: Էլ չենք խոսում այն մասին, որ գյուղի կինը աշխատում է և գոմում` կով կթում, և դաշտում` ցանք անում ու բերք հավաքում, և սրա հետ մեկտեղ էլ հասցնում տան գործերին ու մի բան էլ սկեսրոջ փնթփնթոցին արժանանում:
Վերը թվարկված ամեն ինչից մի քիչ- մի քիչ հանդիպեցինք Շիրակի մարզի Հայկաձոր համայնքում, որն իր 93 տնտեսությամբ ու իր գոյությամբ պահում է մեր սահմանը` գյուղը տեղակայված է հայ-թուրքական սահմանին, Անիի ավերակների հարևանությամբ: Բնական է, գյուղն ունի իր խնդիրները, որոնցից մեր մասով հետաքրքրաշարժն այն է, որ այստեղ բնակվող կանայք չունեն աշխատանք: Գյուղի միակ պետական հիմնարկը միջնակարգ դպրոցն է, որ ունի ընդամենը 62 աշակերտ ու նաև գյուղապետարանը: Առաջինում կանայք դերակատարում իհարկե ունեն` ուսուցչուհի են աշխատում, նաև գրադարանավարուհի կա, իսկ ահա գյուղապետարանի դեպքում հարցը փոքր-ինչ բարդանում է` փոքրիկ տան մեջ տեղակայված են գյուղապետարանն էլ, միակ բուժկետն էլ. որտե՞ղ աշխատեն և կամ` ի՞նչ աշխատեն:
Գյուղում կա նաև մեկ այլ խնդիր` ոչ մթերային խանութ չկա, որտեղ կանայք կկարողանային հագուստ գնել, կոսմետիկա կամ էլ սիրտն ուրախացնող կանացի «բեզդելուշկաներ»: Գյուղի տղամարդիկ էլ հազարից մեկ են մարզկենտրոն կամ ավելի մոտ տեղակայված Արթիկ գնում, բայց դե, ասել կանանց, «վա~յ էդ գնալուն»` մթերքից բացի այլ բան առնելը տղամարդու համար ավելորդ ու անիմաստ ծախս է որակվում, մի բան էլ կնոջ վրա խոսելու առիթ տալիս, թե` խնայել չգիտես, հիմա դրա ժամանա՞կն է և այլն.
«Ո՞վ ցանկություն ունի ամեն անգամ նման բաներ լսելու»,- պատմում է գյուղի միակ դպրոցի տնօրենի կինը, 36-ամյա Աննան, ով թերևս երջանիկների թվում է` աշխատում է դպրոցում որպես գրադարանավարուհի ու նաև հասարակական հիմունքներով դայակ է դպրոցին կից բացված նախակրթարանում:
Բայց հետաքրքիր զարգացումները այդ պահին դրսում են տեղի ունենում. ի վերջո, այն ինչ պատմում է Աննան իր առօրյա կյանքից` տուն մաքրել, եփել-թափել, վազել աշխատանքի ու նորից տուն, հոգսերի անվերջանալի շարք է, որ ծանոթ են յուրաքանչյուր կնոջը, ով ապրում է գյուղական համայնքում: Մինչ այդ ամենը լսում ենք, տիկին Գայանը դրսում իր շուրջն է հավաքում հայակաձորցի գրեթե բոլոր կանանց:
«Մեր կանայք լեզու չունեն` դե իմացի կանանց վիճակը գյուղում ոնց ա, բալես»,- Արմավիրից Հայկաձոր շաբաթը մի անգամ մեքենայով ապրանք բերող տիկին Գայանեն այդպես է արձագանքում այն հարցին, թե ինչպե՞ս են գյուղացի կանայք ապրում, ի՞նչ հոգսեր ունեն: Ավելացնում` «բարդ ա, շատ բարդ, բայց դե ի՞նչ անենք` մեր փեշակն էլ էտ ա», ու անցնում գործի:
Գործն էլ հին անվադողերով ԳԱԶ 31-ի բեռնախցում տեղավորած ապրանքի ցուցադրումն է հայկաձորցի կանանց` վերջին տարիներին ինքն ու ամուսինն այդպես են հանապազօրյա հաց վաստակում: Ու վաստակում, ընդգծում է, արդար քրտինքով` «կլիենտները» իրենցից միշտ գոհ են եղել:
Վերջիններս էլ տիկին Հեղնարի գլխավորությամբ արդեն սպասում էին. մեկը հավի տակից քիչ առաջ երկու ձու հանած ու ալյումինե պնակի մեջ դրած է կանգնած, մյուսը 5 հազար դրամանոցն է ձեռքում պահել, որպեսզի տիկին Գայանեն կապույտ տետրի միջից ջնջի իր պարտքը` անցյալ շաբաթ թոռան համար զգեստ էր գնել: Տիկին Մարինեն էլ շտապում է մեքենայի խցին մոտենալ, սակայն ուզածը չկա` «շուշեղեն» այս անգամ չէր բերել Գայանը, վախեցել էր, որ ձնածածկ ու դժվար անցանելի ճամփեքին կջարդվի: Բայց խոստանում է, որ մյուս գալուն անպայման կբերի` պատվերով էլ է աշխատում:
«Աման-չաման ստեղից ենք առնում, դե ամեն անգամ հո չե՞նք հասնի քաղաք»,- պատմում է տիկին Հեղնարը, իսկ վաճառական Գայանեն էլ ավելացնում` հիմնականում ձվով են առևտուրն անում կամ էլ ցորենով, ուրիշ բարիք այս գյուղում գրեթե չկա:
«Կարող է մի հինգ անգամ էս մարդը գնա-գա մինչև փողը փակվենք»,- կողքից դարձյալ միջամտում է տիկին Հեղնարը: Վերջինս` երեք երեխաների մայր, 20 տարի առաջ աշխատել է գյուղապետարանում, դրանից հետո զբաղմունքը հաց թխելն ու կով կթելն է.
«Ո՞վ աշխատանք ունի, որ ես ունենամ` կով ենք կթում, հաց ենք թխում, մեկ էլ թոռ ենք պահում, էտ ա: Ոչ մեկն էլ չի աշխատում, դպրոցից բացի կինը որտե՞ղ պիտի աշխատի էս գյուղում»,-պատում է նա: Ապրուստն էլ բացի ածան հավերից ապահովում են նաև մյուս անասունները, բայց այն հարցին, թե գո՞հ է, միանշանակ ասում է` ոչ.
«17 տարեկանում հարս եմ եկել Հոկտեմբերյանից, բա որ խելքս հասնե~ր….»:
Գյուղացի կնոջ իր ծանր փեշակում ամեն ինչ տեսել է, մի հարսն տանն է ծննդաբերել ու հենց նա է ծնունդն ընդունել, մյուսն էլ հիմա հղի է, բայց վատ է իրեն զգում ու տիկին Հեղնարը երկրընտրանքի առաջ է կանգնած` ստիպել որ նրան հենց հիմա տանեն-հասցնեն Արթիկ կանացի կոնսուլտացիա, թե ՞ սպասել եղանակները փոքր ինչ տաքանան, ձնապատ ճամփեքը մաքրվեն ու նոր գնան:
Ինչպես հասկացանք` տիկին Հեղնարը հարսի համար նվեր էր նայում, բայց Գայանի բերած ապրանքների մեջ այս անգամ ոչ մի հարմար բան այդպես էլ չգտավ: Թեև Գայանի ականջին փսփսաց ու ստանալով դրական պատասխանը` երջանիկ դեմքով առանձնացավ:
….Այդպես էլ ապրում են` տիկին Գայանի մի այցից մյուսը, պարտք փակելուց մյուս պարտք անելը, հատկապես այս սեզոնին, երբ գյուղի տղամարդիկ ձմռան ամիսներին վերադառնում են խոպանից, հատուկենտ ամուսնություններ են լինում գյուղում: Ու տիկին Գայանի գործն էլ եռում է` օժիտ պատրաստել կա, նվեր առնել կա, բան կա ….
Լիա Խոջոյան
Երեւան-Հայկաձոր
Դիտումների քանակը` 4790