Հայերը Սիրիայում. պատմաբան Յազըճյանը թարմ տվյալներ է ներկայացնում

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում ապրող հայերի թաղամասերը գրեթե անվտանգ են, գտնվում են բանակի հսկողության տակ: Հյուսիսային Սիրիայում՝ Լաթաքիայում, Քեսաբում հիմա վտանգը հեռացել է, բայց քանի որ Քեսաբը Թուրքիայի հետ սահմանակից է, ամեն վայրկյան պատրաստ ենք  նրանց  սադրանքի: Սիրիայում ապրող հայրենակիցների մասին նման տվյալներ ներկայացրեց սիրիահայ պատմաբան Գևորգ Յազըճյանը:

 

«Հայտնի դեպքերից հետո Քեսաբի բնակիչների 40 տոկոսը՝ մոտ 1000  մարդ վերադարձել է: Նկատենք, որ նրանց մեջ շատ քիչ տոկոս են կազմում երիտասարդները, նրանք հիմնականում ծառայում են բանակում: Սիրիական բանակի կազմում հայերը մոտ 10 նահատակ են ունեցել»,-Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց պատմաբանը:

 

Հայաբնակ Քեսաբում բնակիչների թիվն ավելացել է նաև Հալեպը լքած ու այստեղ բնակություն հաստատածների շնորհիվ: Նրանք հիմնականում Հալեպի ունևոր դասակարգն է: Քեսաբը Հալեպի համեմատ հանդարտ է. «Հիմա կռիվներ չկան, բայց հեռվից լսվում են թնդանոթների ձայները: Մերձակա բլուրներից այն կողմ բաշիբոզուկների հորդաներն են, ասում են, ինչ-որ նոր ռուսական զինտեխնիկա են բերել, որտեղից հարվածում են ահաբեկչական խմբավորումների դիրքերին»:

 

Պատմաբանն ընդգծում է, որ Սիրիայում երկու բնակավայր էլ կա, որտեղ հայեր են ապրում: Դրանց մասին քիչ են խոսում.

 

«Յակուբիե անունով հայկական գյուղ կա, Իթլիբի նահանգում: Մի գյուղ էլ կա՝ հենց Յակուբիեի դիմաց, կոչվում է Կնիե: Նրանք արաբախոս են, բայց գիտեն, որ հայկական ծագում ունեն: Այս երկու գյուղերը երկու տարի է՝ գրավված են, բայց աղմուկ չբարձրացավ: Քանի որ յակուբիեցիները քեսաբցիների հետ ազգակցական կապեր ունեն, նրանց մի մասը տեղափոխվել ու ապրում է Քեսաբում: Կնիեցիները հայկական միջավայրից կտրված են, նրանց մի մասը փախել է Լիբանան, Հալեպ, մյուս մասն էլ՝ ծովերից անդին»:

 

Պատմաբանը նշում է, որ միշտ էլ հայերի հավաքական կենտրոնը եղել է Հալեպը, որտեղ ապրել է 45-50 հազար հայ, սակայն հիմա այնտեղ մնացել են կեսը, պաշտոնական տվյալներով 10-15 հազար մարդ տեղափոխվել է Հայաստան, մոտավորապես նույնքան մարդ տեղափոխվել է Բեյրութ:

 

«Թե Հայաստանում, թե Հալեպում, թե Հայաստանում շատ ընտանիքներ սպասում են իրենց վիզաներին, որպեսզի կարողանան գնալ Գերմանիա, Շվեդիա, Ամերիկա ու այլ երկրներ»,-ասաց նա:

 

Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում՝ Հալեպի ու Ղամշլուի միջև էլ հայկական բնակավայրեր եղել են, սակայն ժամանակի ընթացքում գյուղից քաղաք տեղափոխվելու արդյունքում հայություն չի մնացել: Հիմա այդ համայնքները Իսլամական պետության տիրապետության տակ են:

 

«Մի քանի ընտանիք է մնացել, նրանք գլխահարկ են վճարում, նրանց նկատմամբ հալածանքներ չեն կիրառվում»,-ասաց պատմաբանը:

 

Հասաքի գյուղում էլ այժմ քրդական ինքնապաշտպանական խմբերն են տիրապետություն հաստատել, նրանք բարեկամական վերաբերմունք ունեն հայերի նկատմամբ:

 

Սիրիայում պատերազամի ժամանակ մահացել է մոտ 50 մարդ, երկու անգամ ավելի վիրավոր, 10 հայ էլ բանակում է  սպանվել՝ քաղաքացիական պարտքը կատարելիս:

 

Անդրադառնալով Հայաստանում հանգրվանած սիրիահայերի աջակցությանը, ապա ըստ պատմաբանի, Հայաստանը որոշ ակնկալիքներ ունի միջազգային կառույցներից, որպեսզի կարողանա նրանց խնդիրների լուծմանն օժանդակել. «Պետք է ի նկատի ունենալ, որ սիրիահայերը Սիրիայի քաղաքացիներ են: Հայաստանի բնակչության համեմատ այստեղ ընդունած սիրիահայերը զգալի տոկոս են կազմում: Հայաստանի Հանրապետությունը որոշակի ակնկալիքներ ունի ԵՄ-ից, ՄԱԿ-ից, այլ կազմակերպություններից ու պետություններից, որպեսզի օժանդակեն սիրիահայերի տարբեր բնույթի հարցերը լուծելու համար: Դա ճիշտ քաղաքականություն է: Ես ճիշտ եմ համարում»:

 

Պատմաբանը դժվարանում է ասել, թե սիրիահայերից քանիսը կմնան Հայաստանում. « Շուրջ 30 տոկոսը համարում է, որ անպայման մնալու է Հայաստանում, նույնիսկ եթե Սիրիայում խաղաղություն հաստատվի: Դրա պատճառները տարբեր են՝ հայրենասիրական մղումով, թափառաշրջիկությանը վերջ տալու համար, տները քանդվել են, այնտեղ հեռանկար չեն տեսնում և այլն: Իսկ մի մասն էլ սպասողական վիճակում է՝ տարբեր երկրներ գնալու համար»:

 

Պատմաբանն այս առումով իր համոզմունքն ունի. «Այստեղ  լավ է, վատ է, քո հայրենիքն է: Սա քո տունն է, մայրն է, մայրդ հիվանդ է, առողջ է, դա կապ չունի»:

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 4106

Գլխավոր էջ