Հայաստանում ներդվող տարեցների խնամքի նոր մոդելը՝ ծերության խնդիրներին նոր վերաբերմունքի սկիզբ է
ՄԱԿ–ի գնահատականներով` տարեցների թիվը ողջ աշխարհում աճելու է 900 մլն 2015 թվականին մինչև ունի 1,4 մլրդ–ի 2030 թ. և 2.1 մլրդ–ի 2050 թ., երբ կհավասարվի տարեցների և մինչև 15 տարեկան երեխաների թիվը: Այս միտումները հաշվի առնելով, ողջ աշխարհում այսօր փոփոխության է ենթարկվում տարեցների նկատմամբ վերաբերմունքը: Առաջնային են դառնում այնպիսի ծրագրերի իրականանցումը, որոնք չենք սահմանափակվում միայն տարեցների խնամքի կազմակերպմամբ, այլ հնարավորություններ են ընձեռում օգտագործելու տարեց մարդկանց ներուժը ի նպաստ երկրների զարգացմանը, դրանով իսկ հաղթահարելով տարեցների նկատմամբ հասարակության կանխակալ վերաբերմունքը և խտրականությունը, այսպես կոչված «էյջիզմը»:
Այս նոր մոտեցմամբ է իրականացվելու Հայաստանում Հայկական և Շվեյցարական Կարմիր խաչերի նախաձեռնությամբ «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագիրը, որի մեկնարկը տրվեց երեկ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և Առողջապահության նախարարությունների հետ փոխըմբռնման հուշագրերի ստորագրմամբ: Ծրագրն իրագործվում է Շվեյցարական և Մոնակոյի Կարմիր խաչերի հետ համագործակցությամբ ու ֆինանսավորմամբ:
Ծրագրի նպատակն է ներդնել Շիրակի և Լոռու մարզերում տարեցների սոցիալ-առողջապահական խնամքի նոր մոդել, որը Հայկական կարմիր խաչի նախագահ Մխիթար Մնացականյանի ներկայացմամբ, թույլ կտա ոչ միայն որակյալ առողջապահական տնային խնամքի ծառայություններ մատուցել տարեց և սահմանափակ կարողություններ ունեցող անձանց համար, այլ նպաստել նրանց ներգրավածությունը համայնքի կյանքում՝ հնարավորություն տալով ներդնել իրենց փորձն ու գիտելիքները ի նպաստ համայնքի:
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանի խոսքերով՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի բնակչության ծերացումը մեր առջև նոր խնդիրներ, նոր մարտահրավերն է դնում: «Բնակչության ծերացումը գլոբալ խնդիր է, որը սոցիալական պաշտպանության համակարգի վրա բացասական ազդեցություն է ունենում: Ուստի կարիք կա սոցիալական առողջապահական ծառայությունների տեսակներն ու ծավալներն ավելացնել»,- ասաց փոխնախարարը: Ըստ նրա՝ վերջին տարիներին ընդունվել են մի շարք իրավական ակտեր, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տարեց մարդկանց կյանքի որակի բարձրացմանը: Նախարարությունը, ըստ նրա, առավել մեծ ուշադրություն է դարձնում տնային պայմաններում սոցիալական և առողջապահական ծառայությունների տրամադրմանը:
Հայաստանում Շվեյցարական Կարմիր Խաչի ներկայացուցիչ Ջինա Սարգիզովան մեզ հետ զրույցում նշեց, որ 2016թ-ին Շվեյցարական Կարմիր խաչը որոշում է կայացրել ընդլայնել իր աջակցությունը աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: «Այս ծրագիրը այսօր սպասված և պահանջված է։ Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը առաջին երկիրն է Կովկասի տարածաշրջանում, որն ընդգրկվել է այսպիսի ծրագրում», – ասաց նա:
Ըստ նրա՝ ուսումնասիրելով իրավիճակը, ինչպես նաև հաշվի առնելով Շվեյցարական կարմիր խաչի փորձառությունը Շվեյցարիայում և այլ երկրներում, նպատակահարմար գտան Հայաստանում առաջին ծրագիրը նվիրվել հենց տարեց մարդկանց խնամքին:
«Մենք առաջին անգամ Հայաստանում նոր մոդել ենք փորձարկելու, որը լինելու է՝ ինտեգրված բժշկա-սոցիալական աջակցություն տարեց մարդկանց, հաշմանդամություն ունեցող անձանց և քրոնիկ հիվանդներին: Սա ենթադրում է , առաջին հերթին, տան պայմաններում պրոֆեսիոնալ խնամք՝ բուժքույրերի, ինչպես նաև տան օգնողների և կամավորների աջակցությամբ: Ծրագրի երկրորդ կարևոր բաղադրիչը առողջ ծերացում է ենթադրում: Այսօր մենք մեծ թվով բնակչություն ունենք, որը դեռևս ակտիվ է, բայց, տանն է գտնվում, զբաղվածություն չունի: Դրա համար բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու, որպեսզի տարեցները ևս կարողանան մասնակցել հանրային կյանքին և աջակցեն բնակչության մյուս խմբերին»,- նշեց Ջինա Սարգիզովան:
Իսկ թե ինչու է ընտրվել այս երկու մարզերը, Ջինա Սարգիզովան ասաց, որ իրենց ուսումնասիրությունները մեկ անգամ ևս փաստել են՝ թե Շիրակում, թե Լոռիում բարձր է աղքատության մակարդակը, երկրաշարժից հիմնականում այս մարզերն են տուժել և մեծ թվով հաշմանդամություն ունեցող մարդիկ ապրում են Լոռիում և Շիրակում: Բացի այդ, շատ են նաև արտագնա աշխատանքի մեկնողները, ուստի միայնակ տարեցների թիվն այս մարզերում ավելի մեծ է: Նա վստահեցրեց, որ առաջին փուլի ավարտից հետո՝ ծրագիրը կիրականացվի նաև Հայաստանի մյուս մարզերում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Շվեյացարական կարմիր խաչի աջակցությամբ հետազոտություն են իրականացրել, որի նպատակն էր տարեցների կարիքների գնահատումը և նրանց սոցիալական ծառայություններ տրամադրելու նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրությունը: «Պարզվեց, որ ավելի շատ վստահություն կամ հավանություն կա սոցիալական օգնականի ինստիտուտի նկատմամբ, ինչպես նաև տարեցները կարիք ունեն տնային շուրջօրյա խնամողի, որն այսօր մենք չունենք»:,- ասաց Անահիտ Գևորգյանը:
Միաժամանակ նա խոստովանեց, որ ծառայությունների հիմնական մասը մեծ քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում են կենտրոնացված: Ավելին, Վայոց Ձորում, Տավուշում և Արագածոտնում ընդհանրապես տարեցների խնամքի կենտրոններ չկան: Նախարարությունն այս մարզերին աջակցելու համար ծրագիր է մշակել, սակայն այն իրագործելու համար բարի կամեցող մարդկանց են փնտրում:
Նշենք, որ «Համայնքային ինտեգրացված տնային խնամք և առողջ ծերացում» ծրագրի շրջանակում ներդրվող նոր մոդելի հիմնական բաղադրիչներն են՝ ինտեգրացված տնային խնամքի կայուն համակարգի կառուցումը` բուժքույրերի, տնային խնամք իրականացնողների և կամավորների միջոցով, համայնքի մոբիլիզացումը և ակտիվ, առողջ ծերացման գաղափարի տարածումը: Առաջին փուլում ներգրավվելու են 2 մարզերի միայնակ կամ մենակ ապրող տարեցներ, սահմանափակ կարողություններով, քրոնիկ հիվանդություններ և հաշմանդամություն ունեցող առավել խոցելի անձինք՝ ընդհանուր առմամբ 200 շահառու:
Մ. Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Տարեցները Կայուն զարգացման օրակարգում
Յուրաքանչյուրիս ապագան՝ այսօրվա տարեցներն են. երկու պատմություն
Արժանապատիվ ծերության սպասելիս
«Չգիտեմ էլ, երկար ապրելը լա՞ վ է, թե՞ վատ»…
Դիտումների քանակը` 2819