Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում. ՅՈՒՆԻՍԵՖ

 Հայաստանում մինչև 5 տարեկան ավելի քան 171 000 երեխա մանկապարտեզ չի հաճախում՝ կազմելով աշխարհում նախադպրոցական կրթություն չստացող 175 մլն երեխաների մի մասը:

 
ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր «Սովորելուն պատրաստ աշխարհ՝ առաջնահերթությունը տալով որակյալ նախադպրոցական կրթությանը»  զեկույցում  նշվում է, որ այն երկրները, որտեղ երեխաների մեծ մասը նախադպրոցական կրթություն չի ստանում, կորցնում են շահավետ ներդրում կատարելու հնարավորությունը, որը խորացնում է անհավասարությունը հասարակության շրջանում: Օրինակ, զածր եկամուտ ունեցող երկրներում 10 երեխայից միայն երկուսն են մանկապարտեզ հաճախում: Համեմատության համար ասենք, որ Հայաստանի գյուղերում այս ցուցանիշը նույնն է: Չնայած քաղաքներում իրավիճակ մի փոքր ավելի լավ է, սակայն այստեղ նույնպես երեխաների մեծամասնությունը մանկապարտեզ չի հաճախում (քաղաքներում տասը երեխայից 4-ն է հաճախում):

 

 

Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների՝ մանկապարտեզ չհաճախելու հիմնական պատճառներ են.

երեխայի մոր չաշխատելը` 53%,

մանկապարտեզի բացակայությունը` 28%,

այդ ծառայության թանկ լինելը` 4%:

 

«Նախադպրոցական կրթությունը հանրակրթության առաջին աստիճանն է և մեր երեխաների կրթության հիմքը. կրթության յուրաքանչյուր հաջորդ մակարդակ հիմնվում է նախադպրոցական կրթության հաջողության վրա»,- ասում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը: «Մինչդեռ աշխարհում, նաև Հայաստանում շատ ու շատ երեխաներ նախադպրոցական կրթություն ստանալու  հնարավորություն չունեն, ինչի պատճառով մեծանում է հավանականությունը, որ այս երեխաներն ավելի ցածր առաջադիմություն կունենան դպրոցում, կհայտնեվեն դպրոցից դուրս մնալու ռիսկի տակ  կամ կմնան ավելի հաջողակ հասակակիցների ստվերում»:

 
Նախադպրոցական կրթության վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի  զեկույցը փաստում է, որ նույնիսկ ընդամենը մեկ տարի նախադպրոցական կրթություն ստացած երեխաներն ավելի հավանական է` ձեռք բերեն քննադատական հմտություններ ու քիչ հավանական է՝ ցածր առաջադիմություն ունենան ու դպրոցից դուրս մնան: Ուստի, այս երեխաները ավելի խաղաղ ու զարգացող հասարակություն կձևավորեն հետագայում: Նախադպրոցական կրթություն ստացող երեխաները երկու անգամ ավելի հավանական է, որ հաջողեն մաթեմատիկայում և այլ առարկաներում, քան այս կրթությունը բաց թողող երեխաները:Այն երկրներում, որտեղ ավելի շատ երեխաներ են հաճախում նախադպրոցական հաստատություններ, նաև ավելի շատ երեխաներ են հաջողությամբ ավարտում տարրական կրթությունը՝ ստանալով նվազագույն անհրաժեշտ մաթեմատիկական և լեզվական գիտելիքներ:

 

 

Վերոնշյալ զեկույցը փաստում է, որ ընդհանուր առմամբ աշխարհում երեխայի՝ նախադպրոցական հաստատություն չհաճախելու հիմնական պատճառներն են աղքատությունը, երեխայի մոր կրթական մակարդակը և երեխայի բնակության վայրի աշխարհագրական դիրքը: Բնականաբար, գերակշռող պատճառը աղքատությունն է: Ծանոթացե՛ք զեկույցի այլ հիմնական բացահայտումներին ստորև.

 

 

  • Աղքատության դերը: Զեկույցում ներգրավված 64 երկրների ցուցանիշներից պարզ է դառնում, որ ծայրահեղ աղքատության մեջ ապրող երեխաները 7 անգամ ավելի քիչ հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն: Իսկ որոշ երկրներում հարստության և աղքատության միջև անջրպետն ավելի ակնհայտ է: Հայաստանում, օրինակ, ծայրահեղ աղքատության մեջ ապրող բնակիչների 9.8 տոկոս ը պատասխանել է, որ մոտակա նախադպրոցական հաստատությունը գտնվում է ավելի քան 10 կմ հեռավորության վրա կամ այն շատ  թանկ է: Իսկ ըստ 2017 թ-ի բազմաչափ աղքատության ցուցանիշների՝ գյուղական բնակավայրերում երեխաների 22 տոկոսը զրկված է նախադպրոցական կրթությունից, իսկ քաղաքային բնակավայրերում այս ցուցանիշը 17 տոկոս է:
  • Հակամարտությունների ազդեցությունը: Ընդհանուր առմամբ հակամարտություններից տուժած 33 երկրում ապրող նախադպրոցական տարիքի երեխաների ավելի քան 2/3 մանկապարտեզ չի հաճախում: Մինչդեռ հենց այս երեխաների համար նախադպրոցական կրթությունը մեծագույն կարևորություն ունի: Նախադպրոցական կրթությունն օգնում է հաղթահարել տրավմաները՝ անվտանգ մի տարածք տրամադրելով, որտեղ երեխաներն ապահով են ու կարող են սովորել, խաղալ ու արտահայտել իրենց էմոցիաները:
  • Կրթական ձեռքբերումների շղթան: Միջնակարգ կրթություն ունեցող մայրիկների երեխաները գրեթե 5 անգամ ավելի հավանական է, որ մանկապարտեզ հաճախեն, քան միայն տարրական կրթություն ունեցող մայրիկների երեխաները:

 

 

Նախադպրոցական կրթությանն ուղղված անբավարար ներդրումները բացասաբար են ազդում ծառայությունների որակի վրա՝ արտահայտվելով ենթակառուցվածքների, ուսումնա-դիդակտիկ նյութերի, խաղերի, ինչպես նաև վերապատրաստված դաստիարակների սղությամբ:
 

 

«Եթե այսօրվա կառավարությունները վաղվա տնտեսության համար մրցունակ աշխատուժ են ուզում ունենալ, ապա պետք է սկսել հենց նախադպրոցական կրթությունից»,- ասում է Ալվարդ Պողոսյանը: «Եթե ուզում ենք մեր երեխաներին հաջողակ տեսնել ապագայում, ապա ղեկավարները պետք է առաջնահերթություն տան ու համապատասխան ռեսուրսներ տրամադրեն նախադպրոցական կրթությանը»:

 

 

ՅՈՒՆԻՍԵՖ- ը կոչ է անում կառավարություններին  պարտադիր դարձնել առնվազն մեկ տարի նախադպրոցական կրթությունը յուրաքանչյուր երեխայի ու հատկապես ամենախոցելի խմբերի երեխաների համար: Իսկ սա իրականություն դարձնելու համարկառավարությունները պետք է երկրի կրթությաննուղղված բյուջեի նվազագույնը 10 տոկոսն ուղղեննախադպրոցական կրթության ֆինանսավորմանը՝ներդրումներ կատարելով դաստիարակների, որակյալստանդարտների մշակման և ծառայությանհասանելությունը ապահովելու համար:

 

 

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ- ի հայաստանայն գրասենյակի հաղորդագրության

Դիտումների քանակը` 1884

Գլխավոր էջ