Հայաստանի ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել
«Փաստերի ստուգման հարթակը» համեմատել է Նիկոլ Փաշինյանի, Կարեն Կարապետյանի և Հովիկ Աբրահամյանի կառավարությունների կին անդամների թիվը՝ հասկանալու, թե որքանով է կանանց ներգրավվածությունն աճել կամ նվազել։
Համեմատության համար առիթ է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը կառավարությունում կանանց ներկայացվածության մասին։ «Մեր կառավարությունում 1 կին նախարար կա, 12 կին փոխնախարար: Վարչապետի աշխատակազմի ղեկավարի երեք տեղակալներից երկուսը կանայք են: ՊԵԿ նախագահի տեղակալներից մեկը կին է, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալներից մեկը կին է: Բացի դա՝ կանայք են ղեկավարում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն, Սոցիալական ապահովության ծառայությունը, Զբոսաշրջության պետական կոմիտեն: Այս ցանկը կարելի է շարունակել, բայց կարծում եմ՝ մեր կառավարությունը կանանց ներգրավվածությամբ գերազանցում է Հայաստանի բոլոր նախկին կառավարություններին»,- գրել էր վարչապետը:
Եվ այսպես, ըստ «Փաստերի ստուգման հարթակի» կողմից ներկայացվող համեմատության.
Նախարարներ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի 12 նախարար, որոնցից մեկն է կին, այսինքն՝ կանայք կազմում են նախարարների 8,3 տոկոսը։
Կարեն Կարապետյանի կառավարությունն ունեցել է 18 նախարար, որոնցից կրկին մեկը կամ 5,6 տոկոսն էր կին։
Հովիկ Աբրահամյանի կառավարությունը նույնպես ուներ 18 նախարար, որոնցից կին էին 3-ը կամ 16,7 տոկոսը:
Փոխնախարարներ
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունի 46 փոխնախարար , որոնցից 12-ն են կին կամ 26 տոկոսը :
Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք փոխնախարարները եղել են 57-ը՝ նրանցից միայն 3-ն էր իգական սեռի, ինչը 5.3 տոկոս է կազմում։
Հովիկ Աբրահամյանի ժամանակ փոխնախարարներն ավելի շատ էին՝ 65-ը, նրանցից 5-ը կամ 7,7 տոկոսն էր կին։
Այստեղ կարևոր է նկատել, որ Փաշինյանի կառավարությունում, նախարարությունների կրճատմանը զուգահեռ, նվազել է նաև փոխնախարարների թիվը, աճել՝ նրանցում կանանց ներգրավվածությունը։ Փոխնախարարների, այդ թվում՝ կին փոխնախարարների թիվը Հովիկ Աբրահամյանի կառավարությունից հետո նվազել է նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք (նախարարությունների թիվը, սակայն, չի փոխվել)։
Նյութն ամբողջությամբ այստեղ
Հ.Գ. Նշենք, որ , ըստ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի, և՛ նախարարների, և՛ փոխնախարարների պաշտոնները համարվում են քաղաքական, սակայն, ինչպես օրենքն է ասում ՝ «Նախարարի տեղակալի քաղաքական պաշտոն և համայնքի ղեկավարի համայնքային քաղաքական պաշտոն զբաղեցնող անձը գործում է համապատասխանաբար նախարարից և համայնքի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ օժտված չէ»: Դա նշանակում է, որ նույնիսկ այն պարագայում, երբ կանանց թիվն ընդհանուր առմամբ ավելացել է ՀՀ Կառավարության կազմում, միևնույնն է որոշում կայացնող օղակում միայն մեկ կին նախարար ունենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նույնիսկ 2018 թվականի մայիսին Նիկոլ Փաշինյանի ձևավորած առաջին կառավարությունում գոնե երկու կին նախարար կար, իսկ նախորդ իշխանության օրոք եղել է կառավարություն, որի կազմում երեք կին նախարար է եղել՝ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք իշխանության մեջ. «խայտառակ թվեր» թե՞ «նոր Հայաստանի ձեռքբերում»
Հայաստանի ո՞ր կառավարությունում են կանայք ամենից շատ ներգրավված եղել
Դիտումների քանակը` 1197