Հայաստանի ընտանիքները թվերով
Ամուսնության տարիքը
Ամուսնության միջին տարիքը 2011թ.-ին տղամարդկանց համար կազմել է 29.6, իսկ կանանց համար`25.6 տարին: 1991-ին այդ շեմը եղել է տղաների համար 26տարեկան իսկ աղջիկների համար 22տարեկան, այսինքն 20 տարի առաջ տղամարդիկ ամուսնանում էին 3 տարի, իսկ կանայք՝ 4 տարի շուտ:
Ընտանիքների տեսակը
Հայաստանի հանրապետության ընտանիքների գերակշիռ մեծամասնությունը` 59%-ը, մասնավորապես քաղաքային ընտանիքների 57%-ը և գյուղաբնակների 63%-ը, ապրում է եռասերունդ (առանձին դեպքերում նաև քառասերունդ) կազմով` շարունակելով հայկական ընտանիքների դարերով ձևավորված ավանդույթները:
Նուկլեար ընտանիքների 37.5% են կազմում, եւ այդ ցուցանիշը կարող էր ավելի բարձր լինել, եթե լուծված լինեին մայր ընտանիքից առանձնանալու մտադրություն ունեցող նորակազմ կամ երիտասարդ ընտանիքի բնակարանային խնդիրները:
Հանրապետությունում տնային տնտեսությունների գերակշիռ մասի գլխավորը հանդիսացել են տղամարդիկ` 69.1 %, իսկ կին գլխավոր ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է` 30.9% (քաղաքային բնակավայրերում 33.%, իսկ գյուղական բնակավայրերում` 26.2 %):
Երեխաների թիվը
2011թ.-ին մինչև 16 տարեկան անչափահաս երեխաներ չունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 57.2% :
Մեկ երեխա ունեցող տնային տնտեսությունների մասնաբաժինը կազմել է 19.2 %, երկու երեխա ունեցող՝ 18.8%, երեք երեխաներ ` 4.1%, չորս երեխա ունեցող՝ 0.6 %, հինգ եւ ավելի երեխա ունեցող 0.1 %:
Աղքատության մակարդակը
2011թ.-ին աղքատության մակարդակը կազմել է 35.0% %, ինչը նշանակում է, որ հանրապետությունում յուրաքանչյուր երրորդը ՝ աղքատ է (մոտ 1.1 մլն մարդ): Նրանց թվում ամեն հինգերորդը`19.9%-ը` շատ աղքատ, իսկ 3.7%-ը`ծայրահեղ աղքատ են:
Աղքատ են համարվում նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության վերին գծից` 36158 դրամ (կամ 97.1 ԱՄՆ դոլար), շատ աղքատ են, ում սպառումը ցածր է եղել աղքատության ստորին գծից՝ 29856 դրամ (կամ 80.2 ԱՄՆ դոլար) իսկ ծայրահեղ աղքատ կամ թերսնված գնահատվել են նրանք, ում սպառումը մեկ չափահաս անձի հաշվով ցածր է եղել աղքատության պարենային գծից` 21306 դրամ (կամ 57.2 ԱՄՆ դոլար):
Ծայրահեղ աղքատ ընտանիքների միայն 67 տոկոսը եւ աղքատ ընտանիքների 26 տոկոսն է կանոնավոր ընտանեկան նպաստ ստանում:
Հայաստանում երեխայի առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Բազմանդամ և երեխաներ ունեցող տնային տնտեսությունների շրջանում աղքատ լինելու հավանականությունն ավելի մեծ է:
Երեք և ավելի (0-5 տարեկան) երեխաներ ունեցող տնային տնտեսություններն ունեն աղքատության մոտ կրկնակի ավելի բարձր ռիսկ`(78%) հանրապետական միջին մակարդակի համեմատ (35.0%), ինչպես նաև ավելի բարձր ռիսկ այն տնային տնտեսությունների համեմատ, որտեղ առկա են թվով ավելի քիչ երեխաներ:
Հայաստանում 18 տարեկանից ցածր երեխաների 41.9 տոկոսը՝ աղքատ են եւ 4.7 տոկոսը ծայրահեղ աղքատ: Այսինքն, Հայաստանում բնակվող երեխաներից 300 000 հազարը, գրեթե ամեն երկրորդը, աղքատ է:
Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում աղքատության ցուցանիշը մոտ 65 տոկոս է, ընդ որում նրանց 8 տոկոսը ծայրահեղ աղքատ է:
Հայաստանի երեխաների ընդհանուր թվի 25%-ը բնակվում է վատ կամ շատ վատ համարվող բնակարանային պայմաններում, աղքատ երեխաների շրջանում այն նույն ցուցանիշը կազմում է 31%, իսկ ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում` 43%:
Երեխաների ընդհանուր թվաքանակի 64%-ը բնակվում է «բավարար» համարվող բնակարանային պայմաններում, մինչդեռ աղքատ և ծայրահեղ աղքատ երեխաների շրջանում այն կազմում է, համապատասխանաբար` 63 և 55%:
Կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում երեխաների աղքատ լինելու հավանականությունը զգալիորեն բարձր է: Երեխաների ընդհանուր թվի մեկ քառորդն (24.1%) ապրում է կնոջ գլխավորությամբ տնային տնտեսություններում, որոնց 44.3%-ն աղքատ է, իսկ 5,9%-ը` ծայրահեղ աղքատ: Տղամարդու գլխավորությամբ տնային տնտեսություններում ապրող երեխաների շրջանում աղքատությունը կազմում է համապատասխանաբար` 42.1 և 4.7%:
Մեծահասակների (60-ից բարձր տարիք) առկայությունն ավելացնում է աղքատության մակարդակը: Այն տնային տնտեսությունը, որը բաղկացած է երկու չափահաս անդամից և երկու մինչև 6 տարեկան երեխայից աղքատությունը 45.5% է: Այդ ընտանիքին մեկ մեծահասակ անդամ ներառելու դեպքում աղքատության ռիսկն ավելանում է 26%- ով:
Ըստ Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաքում կատարված հարցման արդյունքների, 1664 հարցված ընտանիքներից ընդամենը 78 ընտանիք կամ ընտանիքների 5.2%-ն է նշել, որ եկամուտները բավարար են բոլոր տիպի ծախսերը հոգալու և խնայողություններ կատարելու համար:
Աղբյուրները՝
Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2012
Հայաստանի կանայք և տղամարդիկ 2 0 1 2.
ՀՀ բնակչության վերարտադրողական վարքագծի ընտրանքային հետազոտության արդյունքների վերլուծություն, 2009
P.S. Հայտնի է, որ աղքատության գնահատման տարբեր մեթոդիակներ գոյություն ունեն: Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ աղքատության գծի արժեքն օրական մեկ շնչի հաշվով ընդունվում է 1.25 ԱՄՆ դոլարի չափով, կամ մեկ այլ մեթոդիկյայով` 2.50 ԱՄՆ դոլարի չափով: Եթե աղքատության շեմը համարենք օրական 490 դրամը, ապա 2011-ին Հայաստանում 519 հազար մարդ աղքատ է եղել, իսկ եթե աղքատության շեմը սահմանվի օրական 980 դրամը, ապա 2 միլիոնից ավել մարդ, կամ բնակչության մոտ 73%-ն աղքատ է եղել:
Տեսահոլովակը ՝ CivilNetTV
Դիտումների քանակը` 6947