Հայաստանի բնակչության 14.4 տոկոսը 60-ից բարձր տարիքի է
Հոկտեմբերի 1-ը՝ Տարեցների միջազգային օրն է: Այս առիթով ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանը համատեղ մամլո ասուլիս էին կազմակերպել «Հենարան» մամուլի ակումբում:
Ըստ բանախոսների ներկայացրած տվյալների` Հայաստանը դասվում է աշխարհի արագորեն ծերացող երկրների շարքին: Արդեն այսօր երկրի բնակչության 14.4 տոկոսի տարիքը 60-ից բարձր է: Տարածաշրջանի տվյալներով` Ադրբեջանում տարեցների թիվը կազմում է 8.5 տոկոս, Վրաստանում` մոտ19, Թուրքիայում` 10 տոկոս:
Գարիկ Հայրապետյանի խոսքով` ՄԱԲՀ փորձագիտական վերլուծության կանխատեսումները ցույց են տվել, որ 2050 թ. Հայաստանի բնակչության մեկ երրորդը` 31.5 տոկոսը, կարող է լինել 60-ն անց: Մինչդեռ, միջազգային գնահատականներով, ծերացող է համարվում այն հասարակությունը, որտեղ տարեցների թիվը կազմում է 13 և ավելի տոկոս:
Երևույթին նպաստում են ինչպես ծնելիության անկումը և ակտիվ տնտեսական ու վերարտադրողական տարիքի բնակիչների արտագաղթը, այնպես էլ կյանքի միջին տևողության երկարաձգումը, ինչը պայմանավորված է ժամանակակից բժշկության ձեռքբերումներով:
«Բնակչության կազմում տարեց բնակիչների բաժնի նման աճը սոցիալ-տնտեսական մեծ բեռ է ենթադրում պետության համար, և այստեղ շատ կարևոր է կանխավ պատրաստվել և համապատասխան քաղաքականություն ներդնել մինչև այդ համամասնությանը հասնելը: Լուծումներից մեկն, օրինակ, կարող է լինել, այսպես կոչված, «ակտիվ երկարակեցության» հայեցակարգի իրականացումը, ըստ որի` տարեց մարդիկ հնարավորինս երկար են մնում հասարակության, իրենց համայնքների և ընտանիքների ակտիվ, գործուն և բեղմնավոր անդամներ»,-ասաց Գ. Հայրապետյանը:
Գարիկ Հայրապետյանը նշեց, որ եթե այսօրվա ցուցանիշները պահպանվեն` արտագաղթ, ցածր ծնելիություն, ապա 2017 թվականին Հայաստանի աճը կդառնա նեգատիվ: “Այսինքն` էլ բնականորեն չենք աճի, ազգաբնակչությունը կտրուկ կնվազի”,- ասաց նա:
Ի դեպ, բանախոսը նշեց նաև, որ Հայաստանը ներկայումս սեռով պայմանավորված աբորտների թվով աշխարհում երրորդ պետությունն է` Չինաստանից ու Ադրբեջանից հետո: Սա էլ իր հերթին հետագայում լուրջ ժողովրդագրական խնդիրների կհանգեցնի, քանի որ աղջիկները տղաներից շատ ավելի քիչ են:
ԱՍՀՆ Տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանն էլ, իր հերթին նշեց, որ Հայաստանի բնակչության նշանակալի հատվածի ծերացման հետ մեկտեղ նվազում է 63-ից բարձր մեկ տարեցի հաշվով աշխատող մարդկանց թիվը կամ աջակցության գործակիցը:
Նրա խոսքով, այս գործակցի դրական փոփոխության համար ամենանպաստավոր միջոցը ՝ ծնելիության բարձրացման և բնակչության զբաղվածության ապահովման համակցումն է:
«Սակայն եթե գործազրկության հաղթահարումը կարելի է համարել համեմատաբար իրատեսական խնդիր, ապա ծնելիության բարձրացումը բավականին դժվար հասանելի է` հաշվի առնելով վերջինի ծախսատարությունը և Հայաստանի բնակչության բնական հավելաճի մոտալուտ բացասականացումը»,-նշեց Անահիտ Գևորգյանը:
Դրա հետ մեկտեղ ներկայացնելով խնդրի վերաբերյալ պետական քաղաքականությունը, Գևորգյանը ասաց, որ պետության պարտավորությունները տարեցների նկատմամբ գնալով ավելանում են:
Հայաստանում ներկայումս 8 ծերանոց է գործում` 4 պետական և 4 մասնավոր, որոնցից 2-ը` Երևանում: Ծերանոցներում ապրում է 1 200 հոգի այն դեպքում, երբ Հայաստանում 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը 364 հազար է: Ա. Գևորգյանի խոսքով` 1 200-ը բավական փոքր թիվ է, և սա խոսում է այն մասին, որ մենք հարգում ենք մեր ծերերին, նրանք ապրում են ընտանիքներում:
Նշենք, որ Հայաստանում կենսաթոշակի միջին ամսական չափը 2013-ին կազմել է 31,4 հազ դրամ: Գալիք տարվա պետբյուջեի նախագծով նախատեսված է բարձրացում միջինում 15%-ով՝ 2014թ. հունվարի 1-ից միջին կենսաթոշակը կկազմի 36 հազ. դրամ՝ սպառողական նվազագույն զամբյուղի 56 հազ. դրամ արժեքի պայմաններում։ Այնպես որ տարեցների գոյատեւման հարցը կրկին լուծվելու է նրանց նկատմամբ ընտանիքներում գոյություն ունեցող հարգանքի հաշվին…
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
«Աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարեցներին չեն սիրւմ այնպես, ինչպես…»/ վիդեո
Միխայիլ Ժվանեցկի. «Մի ողջ սերունդ անհայտացավ , և ոչ ոք չի հարցնում` ուր են նրանք»…
Երկրի բնակչությունը ծերանում է…
Խոսքը ժողովրդագրական ճգնաժամի մասին է …
Դիտումների քանակը` 3816