Հայաստանը դեռ պատրաստ չէ՞ խտրականության դեմ օրենքի ընդունմանը
Հայաստանում խտրականության դեմ օրենքի ընդունման կամ նույնանուն օրենսդրական նախագծի շուրջ հասարակական-քաղաքական քննարկումների ծավալման ժամկետները դեռ հստակ չեն: Այնուամենայնիվ այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցած «Խտրականությունն արգելող օրենսդրության հեռանկարները Հայաստանում» թեմայով մամլո ասուլիսի մասնակիցները համակարծիք են այն հարցում, որ պետք չէ սպասել օրենքի ընդունմանը, այլ հարկավոր է համապատասխան բացատրական աշխատանքներ տանել հասարակության հետ:
Ասուլիսը կազմակերպել էր Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) եւ ուղիղ հեռարձակվել «Մեդիա կենտրոնի» YouTube-ի ալիքի միջոցով: Միջոցառման բանախոսներն էին ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը, ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը և իրավաբան Արա Ղազարյանը:
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ «Հայաստանում խտրականության արգելման օրենսդրության ընդունմանն ուղղված» ծրագրի շրջանակում իրավաբաններ Արա Ղազարյանը և Վահե Գրիգորյանը կատարել են համապատասխան ուսումնասիրություններ։
Խտրականության դեմ օրենքի ընդունման անհրաժեշտությունը հանդիսանում է նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Համընդհանուր պարբերական դիտարկման շրջանակներում Հայաստանին ուղղված հանձնարարական: ՀՀ իշխանություններին ուղղված այս հանձնարարականով Միավորված ազգերի կազմակերպության անդամ մի շարք երկրներ հանդես են եկել հունվարի 22-ին Ժնևում Համընդհանուր պարբերական դիտարկման Հայաստանի զեկույցի ներկայացման ժամանակ: Հայաստանի կառավարությունը մինչև այս տարվա հունիս պետք է որոշի, արդյոք ի թիվս այլ հարցերի ընդունում է վերոնշյալ հանձնարարականը որպես պարտավորություն:
Հատկանշական է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2013 թ.-ին մշակել էր «Խտրականության դեմ» օրենքի նախագիծ, որը հետապնդում է մի շարք նպատակներ՝ պաշտպանել աշխատանք փնտրողներին խտրական աշխատանքային ընդունման պահանջներից` հիմնված ոչ թե անձի մասնագիտական կարողությունների, այլ տարիքի, բարետեսության, սեռի և այլ շատ անհատական և աշխատանքի բնույթի հետ որևէ կապ չունեցող հատկանիշների վրա: Սակայն օրենսդրական նախագիծը չանցավ քննարկումների փուլից այն կողմ:
Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը վստահ է, որ Խտրականության օրենքի մշակման և ընդունման գործընթացին զուգահեռ պետք է աշխատանք տանել հասարակության լայն շերտերի հետ՝ հանդուրժողականության տարածման ուղղությամբ: «Միամտություն կլինի կարծել, որ Խտրականության դեմ օրենքն ունենալու դեպքում այն հալած յուղի պես կընդունվի հասարակության բոլոր շերտերում: Մենք պետք է զուգահեռ աշխատենք հասարակության հետ, ու պարտադիր չէ սպասել օրենքի ընդունմանը», – այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարի կարծիքով՝խտրականության երևույթների վերացման կամ կանխման գործընթացներում պետք է հստակ պատկերացնել նպատակը և առկա մտահոգությունները: Խտրականությունը, նշում է Մանուկյանը, կարելի է բացառել մեկ երևույթի, այն է՝ հասարակության շրջանում հանդուժողականության արմատավորման դեպքում: «Անհրաժեշտ է ձևավորել հանդուժողականության մթնոլորտ՝ թե՛ հասարակական մենթալիտետի, թե՛ անձնական տեսնակյունից», – նշեց Հովհաննես Մանուկյանը՝ միևնույն ժամանակ դժվարանալով հստակ ժամկետներ նշել, թե երբ Հայաստանում քննարկման կներկայացվի Խտրականության դեմ օրեսդրական նախագիծ:
Խնդրի շուրջ քննարկումները Հայաստանում շարունակվում են, սակայն դեռ որոշակիացված չեն լուծման տարբերակները՝ մշակել մեկ ընդհանրական նորմատիվ ակտ, թե առանձին ոլորտներում օրենսդրական փոփոխություններ իրականացնել։ «Այս հարցում ժամկետներ դժվար է նշել, բայց կարծում եմ՝ 2015թ-ը կլինի այն ժամանակահատվածը, որ այս հարցերի վերաբերյալ որոշակիություն կունենանք»,-ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ Հայաստանը դիտարկում է ոլորտը նաև որպես եվրոպական գորընկերների հետ համգործակցության կարևոր դաշտ:
«Ճիշտ է մենք ընտրել ենք Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու ճանապարհը, սակայն համագործակցությունը Եվրամիության հետ մեր քաղաքական ղեկավարության առաջնահերթություններից է», – հիշեցրեց նախարարը:
ԵՄ Պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Դիրկ Լորենցը իր հերթին հավաստեց, որ Եվրամիությունը և Հայաստանը պատրաստակամ են համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Այնուամենայնիվ ԵՄ ներկայացուցիչը համոզմունք հայտնեց, որ Հայաստանին անհրաժեշտ է գնալ խտրականության դեմ համապարփակ օրենք ընդունելու ուղղությամբ: «Անկախ Հայաստանի ընտրությունից, այս կամ այն միության ինտեգրացիայից, երկու կողմերն էլ պատրաստակամ են շարունակել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Մենք համոզված ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է ընդունել մեկ համապարփակ խտրականության դեմ օրենք», – պարզաբանեց Լորենցը:
ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը իր խոսքում կարևորեց մարդկանց մտածելակերպի փոփոխությունը: «Ցանկացած օրենք ընդունելուց հետո պետք է այն կիրառել: Պետք է փոխել մարդկանց կարծիքը, բայց միևնույն ժամանակ Հայաստանում անհրաժեշտ են ինստիտուցիոնալ բարեփոխումներ» , – նշեց Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրականացվել են նաև ուսումնասիրություններ առ այն, թե ինչպես են հանրային և պետական սեկտորների ներկայացուցիչները վերաբերում խնդրո առարկային: «Կողմերի միջև խնդրի ընկալման տարբերությունը բավականին մեծ է», – կարճ նկատառում արեց բանախոսը:
Քննարկման ընթացքում խոսվեց նաև այն մասին, որ օրենքի ընդունման պահանջը պետք է գա ներքևից՝ հասարակությունից: Օրինակ բերվեց Վրաստանի, Ուկրաինայի և Մոլդովայի դեպքերը, որտեղ խտրականության դեմ օրենքը ընդունվեց արագացված ընթացակարգով և վերևից ներքև սկզբունքով: «Հայաստանը ժամանակ ունի, որպեսզի մեր հասարակության մեջ անցկացվեն համապատասխան քննարկումներ, բացատրական աշխատանքներ և ձևավորվի որոշակի հանրային պահանջ», – նշեց ԵՀՀ հանրային կապերի պատասխանատու Իզաբելլա Սարգսյանը:
Արշալույս Մղդեսյան,
«Մեդիա կենտրոն» ծրագրի համակարգող–խմբագիր
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը ՝ այստեղ:
Դիտումների քանակը` 3726