Համայնքապետի պաշտոնին հավակնող կանանց շարքերը խիստ նոսրացել են

Հայաստանի որոշ համայնքներում վաղը լռության օր է.  հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի թվով  55  համայնքներում անցկացվելու են  համայնքապետի կամ ավագանու անդամների ընտրություններ: Կանայք առաջադրվել էին միայն գյուղական համայնքների ղեկավարի եւ ավագանանիների պաշտոններում, քաղաքապետի պաշտոնը շարունակում է անհասանելի մնալ կանանց համար, առաջադրվածների մեջ կրկին ոչ մի կին չկար:

 

Թեպետ  թեկնածուների առաջադրման ու գրանցման փուլում կանայք բավականաչափ ակտիվություն էին ցուցաբերել, ինչը հատկապես անցած ՏԻՄ ընտրությունների  համեմատո  նկատելի էր, սակայն  ուրախությունն, ինչպես ասում են, կարճ տևեց`  կին-թեկնածուները ընտրությունների են  գնում բավականին նոսրացած շարքերով: Թեև ավելացնենք, որ ինքնաբացարկների տեսքով «կորուստներ»  արձանագրվել են  միայն  համայնքապետի պաշտոնին  առաջադրված կանանց շարքերում, իսկ ավագանու անդամության համար պայքարող կանանց ակտիվությունը բարեբախտաբար չի նվազել:

 

 

Մայիսի սկզբին համայնքապետի պաշտոնին  առաջադրված ութ կանանցից ընտրապայքարի ֆինիշային եզրագծին հասան  միայն երեքը:  Նրանցից երկուսը երկարամյա համայնքապետեր են` Գեղարքունիք մարզի Շատջրեք համայնքի ղեկավար Զոյա Գևորգյանը և նույն մարզի Ծափաթաղ համայնքի ղեկավար Թագուհի Բոյախչյանը: Ընդ որում երկուսն էլ կվերաընտրվեն, քանի որ  մրցակից չունեն:    Թագուհի Բոյախչյանի  միակ մրցակիցը այս ընտրապայքարում նրա որդին էր, ով սակայն ինքնաբացարկ հայտնեց:  Զոյա Գևորգյանի միակ մրցակիցն էլ կին էր, ով նույնպես հրաժարվեց պայքարից: Ինչ վերաբերում է երրորդ թեկնածուին, ապա այստեղ ինտրիգ է սպասվում, քանի որ  գործող համայնքապետ Արշակ Դալլաքյանի միակ մրցակիցը, ով ինքնաբացարկ չհայտնեց, նույնպես կրում է Դալլաքյան ազգանունը` Իրինա Դալլաքյանն է: Համայնքապետի պնդմամբ, սակայն, նրանք ազգակիցներ չեն…

 

 

Ընդհանուր առմամբ,  33 համայնքում, որտեղ ղեկավար են ընտրելու, միայն 3 գյուղական համայնքներում է, որ քվեաթերթիկում կնոջ անուն կա: Առավել քան մտահոգիչ ցուցանիշ, հատկապես  եթե հաշվի առնենք, որ կին թեկնածուներից երկուսը վերարտադրվելու են, իսկ երրորդն ուղղակի շանս չունի ընտրվելու: Այնպես որ  կին համայնքապետերի թվում, հակառակ սկզբնական սպասումների, կտրուկ ավելացում չի արձանագրվի:  Հիշեցնենք, որ մարտին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընդամենը մեկ կին համայնքապետ էր ընտրվել:

 

 

Իսկ ահա ավագանու անդամության  համար պայքարը խոստանում է լինել հետաքրքիր , քանի որ այս ոլորտում կանայք իսկապես ակտվիություն են ցուցաբերել և մտադրություն հայտնել պայքարել մինչև վերջ: Համայնքներ ունենք, որտեղ առաջադրված են ոչ թե-երկու, այլ երեք, որոշ դեպքերում` չորս կին թեկնածուներ և տղամարդիկ են թվաքանակով զիջում: Ուրախալի է նաև այն հանգամանքը, որ այն համայնքներում, որտեղ կանայք հրաժարվել են ղեկավարի պաշտոնի համար պայքարից ու ինքնաբացարկ հայտնել, գոնե  ավագանիներում  հաստատ կլինեն կանայք: Այդ համայնքից է, օրինակ, Գեղարքունիք մարզի Տորֆավանը` ավագանու անդամ լինելու  համար երկու կին կպայքարի, նույն մարզի Այրք համայնքում 4 կին է առաջադրվել ավագանու անդամ, իսկ Վերին Շորժայում` 3-ը:

 

 

Ավագանու ընտրությունները կկայանան 31 համայնքներում, սակայն նրանցից միայն 18-ում , որ կին թեկնածուներ կան առաջադրված: Ընդհանուր թվով  42 կին է պայքարելու ավագանու անդամ դառնալու  համար: Վերջին խոսքը ընտրողինն է…

 

Է. Մակարյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Ութ կին հավակնում են համայնքապետի պաշտոնին և ոչ մեկը՝ քաղաքապետի

 

 

Զոյա Գևորգյան. «Կին ղեկավարը առաջնորդվում է նաև սրտի թելադրանքով»…

 

 

Կին գյուղապետերը կրկին կառաջադրվեն

 

 

Անահիտ Աղոյան. « Երբ կինն է ստանձնում է պաշտոնը, ապա արդեն իսկ ստիպված են որոշ կանոններ փոխել»…

 

 

Ջեմմա Հասրաթյան. «Տղամարդիկ են նման միֆ ստեղծել, որ կանանց դուրս բերեն շարքից ու գան իշխանության»

 

 

«Հավասար հնարավորություններ` հզոր համայնքներ». հաջորդ ՏԻՄ ընտրություններին ընդառաջ

 

Դիտումների քանակը` 3593

Գլխավոր էջ