Հալեպի հայերը Հայաստանի իշխանություններից աջակցություն են խնդրում
Նրանք խնդրում են իրենց տարհանել Հալեպից։
Մի քանի օր առաջ Հալեպի հայկական թաղամասերը կրկին ուժգին հրետակոծվել են։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ութ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը, այդ թվում՝ հայեր, վիրավորվել։ Իրավիճակին է անդրադառնում «Ազատություն» ռադիոկայանը, նշելով, որ Հալեպում պատերազմի թոհուբոհի մեջ մնացած սիրիահայերից շատերը բոլոր հնարավոր միջոցներով` այդ թվում համացանցի օգնությամբ, Հայաստանի կառավարությանը խնդրում են տարհանել իրենց։
«Հալեպից հեռանալ շատերն են ցանկանում. վերջին օրերին հրթիռակոծությունները վերսկսվել են, դպրոցները՝ փակվել։ Ցամաքային վտանգավոր ճանապարհով Լիբանան, հետո էլ Հայաստան հասնելու համար, սակայն, գումար չկա։ Սիրիայից դուրս գալու հարցն օրեցօր ավելի հրատապ է դառնում», – «Ազատության» հետ զրույցում ասացին հալեպահայերը։
Երևանաբնակ Նարինե Սարգսյանն արդեն երկու շաբաթ է՝ որևէ տեղեկություն չունի Հալեպում գտնվող իր հարազատների մասին։ Այսօր միայն կարողացավ կապվել մոր հետ, ով իր և Հալեպում մնացած հայերի անունից այս խնդրանքը փոխանցեց Հայաստանի կառավարությանը. – «Մենք մենակ խնդրում ենք Կառավարությունից, որ մեզ օգնեն անվտանգ Երևան հասնել։ Մեր պես շատերը կան, բայց չեն կարողանում դուրս գալ, չգիտենք՝ ո՞ւմ դիմել, օգնություն էլ չկա, միայն ուտելիք՝ բրինձ, ոսպ…, ֆինանսական միջոցներ չկան Հալեպից դուրս գալու համար»։
Նարինեի մայրը՝ Հրանուշ Առաքելյանը բազմաթիվ այլ հալեպահայերի նման բնակվում է կիսավեր շենքում, որտեղ պատերազմից ի վեր ջուր և էլեկտրականություն չկա։
«Լույս չկա, ջուր չկա։ Մեր տունը քանդվել է՝ այրել են, թալանել են, ուզում ենք դուրս գալ, պստիկ ունենք, բայց կոպեկ չունենք, չենք կարողանում դուրս գալ», – ասաց Հրանուշը։
Հինգ հոգանոց ընտանիքի՝ այդ թվում 1.5 տարեկան երեխայի հետ պատերազմի մեջ մնացած Հրանուշը պատմում է՝ երկու օր առաջ վիճակն ավելի է բարդացել, հայկական թաղամասերում անգամ վիրավորներ կան։
«Մի քանի օր առաջ վտանգների տակ էինք՝ քրիստոնեական տեղն էր զարկվում, ամբողջ ժողովուրդը գետնի տակ էր, հիմա հանում են, վիրավորները շատ են, կեսն էլ մահացած։ Մահացածների թվում հայեր չկան, բայց բավական վիրավորներ կան», – ասաց Հրանուշը։
Նա նշեց, որ գումար չունեն՝ Հալեպը վաղուց առաջվանը չէ, ո՛չ գործ կա, ո՛չ էլ փող. կուտակածը վաղուց սպառել են, հնարավորություն լիներ՝ Լիբանանով կհասնեին Երևան։
Մորն ու քրոջը Երևանում սպասող դուստրը անհանգստությամբ է հետևում թե՛ հալեպահայերի՝ աջակցություն խնդրող գրառումներին, թե՛ տարածվող տեղեկություններին, ու գրեթե հողին հավասարեցված Հալեպի մասին պատմող տեսանյութերին։
«Ֆեյսբուքին էլ եմ հետևում։ Իրանք էլ են ասում, որ արդեն հնար չկա մնալու, եթե իրենք մի տոկոս կասկածում էին, որ կարող են մնալ, կարող է վերականգնվի իրենց երկրի վիճակը, հիմա արդեն հույս չկա։ Ձմեռը, թե իրենք ո՞նց հանեցին, Աստված գիտի», – «Ազատության» հետ զրույցում ասաց Նարինե Սարգսյանը։
Ամիսներ առաջ Հալեպից Երևան տեղափոխված Նազիկ Թաթոյանի ընտանիքը, եթե Սիրիայում չվաճառեր սեփական ավտոմեքենան, դժվար կարողանար հասնել Երևան։
«Յուրաքանչյուրին մոտ 1.000 դոլար է հարկավոր Հալեպից Հայաստան հասնելու համար», -ասաց Նազիկն ու շեշտեց՝ թե՛ իրենք, թե՛ Հալեպում մնացածները բացառապես անվտանգության համար են ուզում հեռանալ, նրա խոսքով,
Հայաստանում կյանքը ևս դժվար է։ «Շատերը կուզեն ելնել, բայց չեն կարողանա, գումար չունեն, այնտեղ գործ ունեին, կաշխատեին, հոս՝ անգործություն է», – ասաց Նազիկը։
Սփյուռքի նախարարության սիրիահայերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն արդեն նախաձեռնում է Հալեպից Հայաստան բերել սիրիահայ երեխաների ու աշակերտների։ Ինչ վերաբերում է հալեպահայերին տարհանելու կոչերին, Զաքարյանը շեշտեց, որ նման որոշում պետք է կայացվի Հալեպում՝ ազգային իշխանությունների կողմից, որին Հայաստանի կառավարությունը կարձագանքի։
«Մի քանի անհատների պահանջները բավարար չեն», – ասաց Զաքարյանը՝ նշելով, որ մեծամասնության տեսակետն է անհրաժեշտ։
Արդեն 4-րդ տարին շարունակվող Սիրիական պատերազմի պատճառով զոհվել է ավելի քան 100 հայ։ Սիրիահայերի մեկ երրորդն արդեն ստիպված լքել է Հալեպը։
Աղբյուրը՝ «Ազատություն» ռադիոկայան
Դիտումների քանակը` 3459